Միջավայր
«Այբ» կրթական հանգույցը զբաղեցնում է 6,95 հա տարածք: Այսօր դպրոցն ունի չորս մասնաշենք՝ ընդհանուր 8300 քմ ուսումնական մակերեսով՝ զինված ու համալրված ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաներով, ռոբոտիկայի, քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներով, արվեստանոց-լաբորատորիայով, սպորտդահլիճով և համերգային դահլիճով:
Մարդիկ
«Այբ»-ի՝ կրթությամբ վերափոխվելու գաղափարն այսօր համախմբել է մարդկանց, որոնք կյանքում կայացել են կրթության շնորհիվ և իրենց ժամանակը, ֆինանսական միջոցներն ու հեղինակությունը ներդնում են հայկական կրթության զարգացման գործում: Այն, ինչ երեկ երազանք էր թվում, այսօր իրականություն է շնորհիվ այս մարդկանց ստեղծարար հավատի ու համագործակցության: «Այբ» դպրոցը, որը երկրի կրթական նորագույն զարգացումների ուղենիշ է, կյանքի է կոչվել բազմաթիվ գաղափարակիցների, բարերարների ու աջակիցների վստահության ու պտղաբեր ջանքերի շնորհիվ:
Ուսուցիչներ և անձնակազմ
«Այբ» դպրոցն ունի շուրջ 220 աշխատակից (ադմինիստրատիվ անձնակազմ, ուսուցիչներ), որոնց մի մասը միաժամանակ ներգրավված է «Այբ»-ի այլ կառույցներում` «Այբ» կրթական հիմնադրամում և Դիլիջանի կենտրոնական դպրոցում: «Այբ»-ի հաջողության գրավական են մեր ուսուցիչները: Անհնար է պատկերացնել որակյալ կրթական միջավայրն առանց բարձրակարգ մասնագետների: Մենք ուրախ ենք, որ 21-րդ դարի հայկական կրթական միջավայր կերտելու մեր կոչին միացել են բազմաթիվ հայտնի մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: «Այբ» դպրոցի ուսուցչական կազմը համալրելիս մենք մեր առջև խնդիր ենք դրել դպրոց բերել մարդկանց, որոնք հասարակական կարևոր ոլորտների ու հաստատությունների լավագույն մասնագետներ են և կարող են ոչ միայն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել աշակերտին, այլև օրինակ դառնալ նրա համար, վառել նրա մեջ ուսման հանդեպ կրակը, սովորեցնել նրան սիրել առարկան: Կրթական հանգույցի ստեղծագործական ծրագրերի մեջ ներգրավված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` գիտնականներ, արվեստագետներ, գործարարներ` ապահովելով դպրոցի կապը կյանքի և տեխնոլոգիաների նորագույն զարգացումների հետ:
Աշակերտներ
«Այբ»-ի աշակերտի նկարագրի ութ սկզբունքները հիմնված են հին հունական փիլիսոփայությունից եկած և քրիստոնեության մեջ ամրագրված մարդկային չորս առաքինությունների վրա, որոնք են խոհականությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը: Յուրաքանչյուր առաքինություն մենք բացել ենք իր տեսական-ճանաչողական և գործնական-վարքային իմաստներով` ստանալով չորս զույգ կամ ութ սկզբունք: Այսպիսով` խոհականությունը մենք տրոհել ենք ճանաչողության և ստեղծարարության, արիությունը` նախաձեռնողականության և հավասարակշռության, իսկ ողջախոհությունը` զգոնության և բացության: Արդարությունը` որպես այս երեքի ամբողջացում, մարդկային կյանքի ներդաշնակությունն է կամ բարիքի իրագործման համընդհանուր սկզբունքը: Մարդը կարող է հասնել ներդաշնակության, եթե մտքերը, ապրումները և գործերը ուղղված են դեպի բարիքը: Բարիքը ճանաչելը և սեփական գործերով իրականացնելը հիմքն է անձնական երջանկության և մարդկանց միջև արդար փոխհարաբերությունների: Այլ կերպ ասած՝ մարդկային կյանքի արդարությունն իրագործվում է բարեխոհությամբ և հոգատարությամբ:
Ծնողներ
Անհնար է պատկերացնել հզոր դպրոցական համայնք՝ առանց այդ համայնքի կայացման ու զարգացման գործում ծնողների ակտիվ մասնակցության ու ներդրման: Մենք դիտում ենք ծնողին որպես երեխայի ուսման, դաստիարակության ու զարգացման գործում դպրոցի առաջին համագործակցի: «Այբ» դպրոցն ակտիվորեն ներգրավում է ծնողներին՝ երեխաների հետ աշխատանքում, մշակում ու հաջողությամբ գործարկում է հետաքրքիր ձևաչափեր, որոնց շնորհիվ դպրոց-ծնող համագործակցությունը տալիս է բարձր արդյունքներ:
Շրջանավարտներ
«Այբ»-ի շրջանավարտները հրաժեշտ չեն տալիս դպրոցին, այլ ասում են ցտեսություն: Դպրոցի պատմության ընթացքում «Այբ»-ը տվել է 410 շրջանավարտ (2021 թ. հուլիսի տվյալներ), որոնք սովորում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերում՝ բարձր պահելով դպրոցի անունը:
2021 թ․-ին ձևավորվեց «Այբ»-ի շրջանավարտների ակումբը։ Գործընթացի համակարգողն էր 2014 թ. շրջանավարտ–մենտոր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Արիս Բերբերյանը։
Կայացան ակումբի խորհրդի անդամների և նախագահի ընտրությունները։ «Այբ»-ի շրջանավարտների ակումբի խորհրդի անդամ ընտրվեցին Մերի Պողոսյանը, Ռիմմա Անանյանը, Հայկ Խեկոյանը, Լիլիթ Մհերյանը, Արմեն Բարսեղյանը, Քնար Օհանջանյանը, Մարիամ Մելքումյանը, Սևակ Մեսրոպյանը։ «Այբ»-ի շրջանավարտների ակումբի նախագահ ընտրվեց Ռիմմա Անանյանը:
«Այբ»-ի շրջանավարտների ակումբի առաքելությունն է՝ փոխանցել սերունդներին դպրոցում ստացած ուսման փորձն ու արժեքները, դառնալ օրինակ կրտսեր սերունդների համար և միավորել «Այբ» ավագ դպրոցի բոլոր շրջանավարտներին մեկ ակումբում` դարձնելով «Այբ» համայնքն առավել միասնական, համախմբված ու հզոր կառույց: