
«Այբ» դպրոցում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում առողջ ապրելակերպին։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա զարգացնել ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական կարողությունները։
«Այբ» դպրոցում ուսումնական հագեցած օրակարգին զուգահեռ կազմակերպվում են հետաքրքիր արշավներ ոչ միայն խթանելու առողջ ապրելակերպի մշակույթը, այլև ընկերների հետ ժամանակ անցկացնելու և Հայաստանն ավելի լավ ճանաչելու համար։ Այս անգամ 12-րդցի այբեցիները Պարզ լճից ուղևորվեցին դեպի Գոշավանք։ «Այբ» դպրոցն արշավը կազմակերպել էր «Hike Armenia»-ի հետ համատեղ։
Ճանապարհին աշակերտներին ուղեկցում էր «Hike Armenia»-ի զբոսավարը, ով ապահովում էր խմբի անվտանգ առաջընթացը և տալիս արահետի առանձնահատկությունների մասին տեղեկություններ։ Քայլարշավն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում՝ լի զրույցներով, ծիծաղով ու հիշարժան կանգառներով։
Մի քանի ժամ տևած քայլարշավից հետո խումբը հասավ իր նպատակակետին՝ 12-րդ դարի Գոշավանքի վանական համալիր։ Վանքի բակում աշակերտները հավաքվեցին ազգային պարեր պարելու։ Իշխանաց պարից մինչև յարխուշտա՝ տեսարանն անմիջապես գրավեց վանքի շրջակայքում գտնվող բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը, որոնք հայկական մշակույթով հիացած՝ քաջալերում էին պարողներին։
Այս նախաձեռնությունը հետաքրքիր փորձառություն էր սեփական երկրի բնությունն ու մշակույթը ճանաչելու համար։
Մարիամ Բաղդասարյան
12-րդ դասարան