Շրջանավարտների ակումբ

Դպրոցի 11-ամյա պատմության ընթացքում «Այբ»-ը տվել է 479 շրջանավարտ (2022 թ. հուլիսի դրությամբ): Այսօր նրանք սովորում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերում՝ բարձր պահելով դպրոցի անունը և «Այբ»-ի շրջանավարտի պատվավոր կոչումը:

«Այբ»-ի շրջանավարտները դպրոցն ավարտելուց հետո շարունակում են ակտիվ մասնակցել «Այբ» համայնքի կյանքին՝ ստեղծելով «Այբ»-ի շրջանավարտների ակումբը, մասնակցելով դպրոցի և հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք նախաձեռնությունների, ինչպես նաև համալրելով «Այբ»-ի կառույցների անձնակազմի շարքերը:

«Այբ»-ի շրջանավարտների ակումբի հիմնական նպատակը շրջանավարտների համայնքի կայացմանն ու «Այբ»-ի հետ նրանց կապի պահպանմանը նպաստելն է և նրանց ներուժի դրսևորման ու զարգացման համար պարարտ հող ստեղծելը: Շրջանավարտների ակումբի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են ընկերական մենտորության համակարգի զարգացմանը, ուսումնական գործընթացում ուսուցիչների և աշակերտների աջակցությանը, ինչպես նաև այլ հետաքրքիր միջոցառումների անցկացմանը:

Ակումբի գործունեության շրջանակում մեր շրջանավարտները հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով: «Այբ»-ի շրջանավարտները հաճախ փորձի և գիտելիքի փոխանակման հանդիպումներ են ունենում դպրոցի աշակերտների հետ:

Մեր շրջանավարտները դպրոցի կենսունակության անբաժան և ամենակարևոր մասնիկներից են:

Շրջանավարտների զգալի մասը դեռևս ներգրավված է դպրոցի ակտիվ կյանքում: Վառ օրինակներ են «Այբ» շրջանավարտների երգչախումբը, դպրոցի Battle of Evermore ռոք խումբը, «Արվեստանոց» ակումբը: «Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը դպրոցի պարծանքն է: Երգչախումբը համերգային շրջագայություններ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ Ֆրանսիայում, Հունաստանում: «Battle of Evermore» ռոք խմբի անդամների մի մասը «Այբ»-ի՝ տարբեր տարիների շրջանավարտներ են և շարունակում են ակտիվորեն մասնակցել խմբի փորձերին ու համերգներով հանդես գալ դպրոցից դուրս՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: Ինչ վերաբերում է «Արվեստանոցին», ապա ակումբի կազմում տաղանդավոր նկարիչ-այբեցիներն են, որոնց աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի, Արցախի և եվրոպական մի շարք հեղինակավոր պատկերասրահներում:

Շրջանավարտներից ոմանք դարձել են «Այբ»-ի աշխատակիցներ՝ համալրելով ադմինիստրացիայի, Քան ակադեմիայի, Ազգային երգ ու պարի, դպրոցական մրցույթների և ՏՏ թիմերի շարքերը: Նրանք պարբերաբար ընդգրկվում են «Այբ»-ի տարբեր կառույցներում իրականացվող նախագծերում՝ կամավորական հիմունքներով, ինչպես նաև մասնակցում պրակտիկայի առաջարկվող ծրագրերին:

«Այբ»-ի շրջանավարտները «Այբ»-ի ապագայի տեսլականի վառ ապացույցն են, որոնք դեռ նոր են ծիլեր նետել մեր հասարակության մեջ և նոր են սկսում ծաղկել՝ վարակելով շրջապատին իրենց արժեհամակարգով և ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներով ու ձգտումներով։

Tweets by AybSchool
>