Ի՞նչ անել, որ երիտասարդները (և ոչ միայն) սկսեն կարդալ հայ ժամանակակից պոեզիան և սիրեն ընթերցանությունը․ հենց այս հարցն է իր առջև դրել «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբը։
2018 թվականին «Արվեստանոցի» 10 աշակերտներն ուսումնասիրեցին 10 հայ ժամանակակից բանաստեղծների աշխատանքները, ընտրեցին իրենց հոգեհարազատ ստեղծագործությունները և «նկարեցին» դրանք՝ այդպիսով պատկերելով պոեզիայի իրենց ընկալումները, որոնք ամփոփվեցին «Տեսողական պոեզիա» պատկերագրքում։ Նախագծի ավարտին գիրքը տպագրվեց 2 օրինակով և սկսեց ձեռքից ձեռք փոխանցվել ու աներևակայելի զգացողություններ պարգևել այն բացողին։
Իսկ ի՞նչ էր պետք անել, որ գրքի երկու օրինակը բազմապատկվեր և հասանելի դառնար հարյուրավոր ընթերցասերների։ 2019 թվականին այս խնդրի լուծումն իրենց վրա վերցրին նախագծային ուսումնառության «Ֆոնդահայթայթում» ակումբի աշակերտները։ Նրանք աշխատեցին «Տեսողական պոեզիա» գրքի հանրահռչակման վրա և սկսեցին ֆոնդահայթայթման արշավ, որի արդյունքում տպագրվեց գրքի 500 օրինակ:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Այբ» դպրոցի աշակերտների «Տեսողական պոեզիա» գիրքը հրատարակվել և հասանելի է լայն հանրությանը, ինչի առթիվ բոլորիդ մեծ սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ):
***
Նախագծային ուսումնառությունը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։
Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։
Կիսվել