ՀՏՀ

Դպրոցի մասին

«Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց է և գործում է հիմնադրամի կարգավիճակով (իրավաբանորեն գրանցված է որպես «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ): «Այբ կրթական հանգույց»-ը («Այբ» դպրոցը) հոգաբարձուների խորհրդի կողմից ղեկավարվող հիմնադրամ է և հասարակական կառույց: «Այբ»-ը չունի սեփականատերեր և բաժնետերեր:

Դպրոցը հնարավորության դեպքում ապահովում է աշակերտների տեղափոխումը քաղաքի տրանսպորտային որոշ կետերից դեպի դպրոց և հակառակը:

«Այբ» դպրոցի աշակերտները սնվում են օրական երեք անգամ. առավոտյան տրվում է նախաճաշ, ցերեկը՝ ճաշ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ հետճաշիկ: Դպրոցի ճաշացանկը կազմվում է ըստ առողջ սննդակարգի կանոնների:

Կրթական ծրագիր

«Այբ» ավագ դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայկական կրթական ծրագրով՝ մշակված «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: ԱԲ-ը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ հայալեզու ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար: Ուսուցումը ԱԲ-ով կատարվում է հայոց լեզվով:

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրն ունի չորս կարևորագույն բաղադրիչ՝

  • համակողմանի կրթություն,
  • խորացված ուսուցում,
  • արժեքներ և դաստիարակություն,
  • հմտություններ ու կարողություններ։

«Այբ» դպրոցում ամեն աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը՝ բաղկացած պարտադիր և ընտրովի առարկաներից:

«Այբ» ավագ դպրոցում առաջարկվում է 32 առարկա 8 առարկայախմբում + 10 նախագծային առարկա։

ԱԲ-ի առարկայախմբերն են՝

  • հայագիտություն,
  • միջազգային լեզու,
  • մաթեմատիկա,
  • բնական գիտություններ,
  • օտար լեզուներ,
  • հասարակագիտական առարկաներ,
  • արվեստներ,
  • մարմնակրթություն։

«Այբ» դպրոցում գնահատումը կատարվում է հետադարձ կապի (feedback) միջոցով: Թվանշանային գնահատման համար «Այբ»-ում կիրառվում է 100-միավորանոց սանդղակ:

«Այբ» դպրոցում չկան օրագրեր և մատյաններ: Փոխարենը գործածվում է «Մուդլ» էլեկտրոնային համակարգը (անգլ.՝ Moodle):

«Այբ» դպրոցի ուսուցիչներն ուսուցումը կազմակերպելու համար օգտվում են տարբեր կրթական ռեսուրսներից։ Դպրոցի գործունեության ընթացքում յուրաքանչյուր առարկայի համար մեր ուսուցիչները հավաքել, մշակել, թարգմանել և հարմարեցրել են տարբեր կրթական ռեսուրսներ՝ աշակերտի համար նախատեսված թեմատիկ նյութեր, աշխատանքային տետրեր ու թերթիկներ, թեմատիկ սահիկաշարեր, խնդրագրքեր, քննական նյութեր, տեսանյութեր, էլեկտրոնային աղբյուրներ և այլն, որոնք և օգտագործվում են կրթական գործընթացը կազմակերպելիս։

Կրթական ռեսուրսների մշակումը շարունակական գործընթաց է, որում «Այբ» դպրոցի ուսուցչական համայնքը մշտապես ներգրավված է որպես ստեղծարար ուժ։

«Այբ» դպրոցում դասավանդման լեզուն հայերենն է: Մայրենի լեզվով կարդալու, խոսելու, գրելու և մտածելու կարողությունների կատարելագործումն առաջնահերթություն է «Այբ» դպրոցում: Դպրոցը քարոզում է հայկական գիրն ու գրականությունը, դպրության մեր ավանդույթները: Սակայն պահանջվում է նաև օտար լեզուների, մասնավորապես անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ լրացուցիչ մասնագիտական գրականությունից օգտվելու, արտասահմանցի մասնագետների հետ շփվելու և այլ նպատակներով:

«Այբ» տարրական և միջին դպրոցներում հատուկ պայմաններով է կազմակերպվում ուսումնառությունը այն երեխաների համար, ովքեր լիարժեք չեն տիրապետում հայերենին:

Ընդունելություն

«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը) և 11-ամյա կրթությամբ դպրոցների 8-րդ դասարանցիները, որոնք առաջին անգամ փոխում են իրենց դպրոցական համակարգը՝ գալով «Այբ» դպրոց (միայն հիմնական կրթության վկայականի առկայությամբ):

Մենք ունենք նաև հատուկ կարգ՝ արտերկրից դիմորդների համար։

«Այբ» տարրական դպրոց կարող են ընդունվել 6-րդ տարին բոլորած երեխաները:

Աշակերտներն ընդունվում են դպրոց դիմորդների հետ հանդիպում-դասերի և ծնողների հետ զրույցների արդյունքների հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ: Ընդունելության գործընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Ուշադրություն։ 2018-2019 ուսումնական տարուց սկսած՝ «Այբ» միջին դպրոցում գործում է միայն լրացուցիչ ընդունելություն:

«Այբ» տարրական և միջին դպրոցներում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում ուսումնական տավա ընթացքում կազմակերպվում է լրացուցիչ ընդունելություն:

«Այբ» տարրական դպրոցի լրացուցիչ ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Այբ» միջին դպրոցի լրացուցիչ ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Այբ» ավագ դպրոցում լրացուցիչ ընդունելություն չկա:

«Այբ» դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի։

Քայլ 1․ Գրանցվել և մասնակցել բաց դռների օրերին:

Քայլ 2․ Մասնակցել անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քննություններին պատրաստվելիս:

Քայլ 3․ Ապահովել անգլերենի համար պահանջվող նվազագույն շեմը (ընդունելության մասնակցելու համար անգլերենի շեմը պարտադիր չէ, սակայն դպրոցում սովորելու համար պետք է մինչև հուլիս ապահովել լեզվի իմացության նվազագույնը A2 մակարդակ):

Քայլ 4․ Ներկայացնել ընդունելության հայտը, որը հասանելի է մեր կայքում:

Վճարային համակարգ

2024-2025 ուսումնական տարվա վճարը 1-9-րդ դասարան ընդունված բոլոր նոր աշակերտների համար կկազմի 3,750,000 ՀՀ դրամ, իսկ 10-րդ դասարան ընդունվածներինը՝ 3,300,000 ՀՀ դրամ (առանց տրանսպորտային փոխադրման):

«Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց է, կարգավիճակով՝ հիմնադրամ (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ), ստեղծվել է բացառապես բարերարների աջակցությամբ, և ուսման ողջ գումարն օգտագործվում է երեխաներին լավագույն կրթությամբ ապահովելու համար։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ արտոնություներ, ինչպես նաև «Այբ» ավագ դպրոցում գործում է ֆինանսական աջակցության ծրագիր:

Աշակերտի վճարունակությունը որևէ առավելություն չի տալիս կամ խոչընդոտ չի ծառայում ընդունելության ժամանակ: Նույն կերպ՝ աշակերտի թույլ կամ բարձր առաջադիմությունը չի ենթադրում ուսման արժեքի չափի ավելացում կամ նվազեցում:

Ուսման վարձի առավելագույն արժեքը սահմանում է դպրոցի Հոգաբաձության խորհուրդը մեկ ուսումնական տարվա համար։

Ուսման արժեքը ներառում է՝

• հիմնական դասապրոցեսը,

• խորացված պարապմունքները,

• ընտրովի դասընթացները,

• դպրոցի կազմակերպած լրացուցիչ պարապմունքները,

• օլիմպիական խմբակները,

• սնունդը (նախաճաշ, ճաշ, հետճաշիկ),

• դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

«Այբ» ավագ դպրոցը սոցիալական ծրագիր է։ «Այբ»-ի մշակած և կյանքի կոչած կրթաթոշակային համակարգը հավասար հնարավորություն է ընձեռում բոլոր աշակերտներին, անկախ վճարունակությունից, ուսանելու «Այբ» դպրոցում: «Այբ» դպրոց ընդունվում են ՄԻԱՅՆ ըստ քննությունների և հարցազրույցի արդյունքների:

Ընդունելության փուլը հաջող անցնելուց և ընդունված աշակերտների ցուցակում հայտնվելուց հետո աշակերտի ծնողը/խնամակալը կարող է դիմել «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին՝ կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում՝ ամբողջական կամ մասնակի) ստանալու ակնկալիքով: Ֆինանսական աջակցության որոշումը կախված չէ աշակերտի հավաքած քննական միավորներից կամ նրա հետագա առաջադիմությունից, այլ միայն ու միայն ընտանիքի ֆինանսական կարիքներից:

Այսօր «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 75%-ից ավելին սովորում է ֆինանսական աջակցությամբ: Կարդացեք ավելին:

Ուշադրություն։ Աշակերտի թույլ կամ բարձր առաջադիմությունը չի ենթադրում ուսման արժեքի չափի ավելացում կամ նվազեցում:

Ուշադրություն։ «Այբ»-ի ֆինանսական աջակցության ծրագիրը չի գործում «Այբ» տարրական և միջին դպրոցներում:

Այն բանից հետո, երբ աշակերտն ընդունվում է «Այբ» դպրոց, ծնողը/խնամակալը լրացնում է համապատասխան դիմում-հայտ, որում ներկայացնում է ընտանիքի ֆինանսական դրությունը, և դիմումը հանձնում «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին: Դիմումին կցվում է ծավալուն փաստաթղթերի շարք, ուր ներկայացվում են ընտանիքի իրական/փաստացի եկամուտները, ծախսերը, գույքի ու սեփականության մասին ինֆորմացիա, այլ տեղեկություններ, որոնք կօգնեն ֆինանսական աջակցության հանձնաժողովին գնահատելու ընտանիքի վճարունակությունը:

Ընտանիքի վճարունակությունը որոշելիս հանձնաժողովը հիմնվում է հետևյալ ինֆորմացիայի վրա՝

  • Ծնողների/խնամակալների վճարունակություն։ Մենք ծնողներին դիտում ենք որպես երեխայի առաջին հովանավորներ և նախևառաջ գնահատում նրանց վճարունակությունը: Ծնողների վճարունակությունը գնահատենք x:
  • Մոտ բարեկամների, ընկերների կողմից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը։

Եթե, ըստ ներկայացված տեղեկությունների, ընտանիքն ունի կամ կարող է ունենալ ֆինանսական աջակցություն մոտ բարեկամներից կամ ընկերներից, ապա հանձնաժողովը հաշվի է առնում նաև այդ փաստը: Մոտ բարեկամների/ընկերների կողմից հնարավոր աջակցությունը գնահատենք y:

Ունենալով x + y գումարը՝ ֆինանսական աջակցության հանձնաժողովը որոշում է ուսման վարձի տարեկան չափը (z): z գումարը կարող է լինել 10,000 դրամից մինչև ուսման սահմանված առավելագույն վարձը:

Ուշադրություն։ Եթե կրթաթոշակ ստացած աշակերտի՝ «Այբ» ավագ դպրոցում սովորելու ողջ ընթացքում երբևէ հայտնաբերվի, որ սույն հայտը լրացնելիս տրամադրվել են կեղծ կամ թերի տեղեկություններ, ապա դա կարող է հանգեցնել ուսումնառության մասին պայմանագրի անհապաղ դադարեցմանը՝ օրինական ներկայացուցչի կողմից ուսման առավելագույն վարձի վճարմանը` որպես տուգանք, և աշակերտի անհապաղ հեռացմանը «Այբ» ավագ դպրոցից:

Ֆինանսական աջակցության հանձնաժողովի թափանցիկությունն ապահովելու նպատակով, «Այբ»-ից կրթաթոշակ ստացած բոլոր աշակերտների անունները հրապարակվում են մեր կայքում:

Ուշադրություն։ Ֆինանսական հանձնաժողովը որոշումը կայացնում է 1 ուսումնական տարվա համար։ Գործընթացը կրկնվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար։

«Այբ» դպրոցը ստեղծվել է և շարունակում է ֆինանսավորվել աշխարհի տարբեր անկյուններում ապրող ու աշխատող բարերարների նվիրատվությունների շնորհիվ: Ավելի քան 200 անհատ Հայաստանից և արտերկրից միավորվել են հանուն հայկական կրթական ոլորտի զարգացման և իրենց անհատույց ներդրումները կատարել և կատարում դպրոցի շինարարության ու համալրման նպատակների և աշակերտների կրթաթոշակների համար: Ուսման վարձավճարները ուղղվում են դպրոցի ընթացիկ ծախսերը մասամբ հոգալուն։

«Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդը ձևավորվում է «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման ջանքերի արդյունքում, անհատ և կորպորատիվ հովանավորների կողմից՝ հատուկ «Այբ»-ի աշակերտներին կրթաթոշակ տրամադրելու նպատակով նվիրաբերվող գումարներից:

Նվիրաբերել։

Tweets by AybSchool
>