Պատմություն և առաքելություն

Պատմություն

«Այբ» դպրոցը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: «Այբ» հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին` մարդկանց կողմից, ովքեր սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները համարում են որակյալ կրթության արդյունք և կամենում են միասնական ու համակարգված ներդրումներով ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր:

Ցանկանալով նպաստել Հայաստանի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ՝ «Այբ»-ի հիմնադիրներն ընտրեցին երկիրը բարեփոխելու ամենաշնորհակալ և երաշխավորված ձևը` կրթել նոր սերունդ, ներդրում կատարել ապագայի մեջ և հանուն ապագայի:

«Այբ»-ի հիմնադիրները

  • Աշոտ Ասլանյան (Հայաստան/Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության հիմնադիր)
  • Արամ Փախչանյան (Ռուսաստան, ABBYY ընկերության փոխնախագահ)
  • Արթուր Բերդ (Ֆրանսիա / ԱՄՆ, ֆինանսիստ)
  • Դավիթ Յան (Ռուսաստան, ABBYY ընկերության հիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ)
  • Դավիթ Փախչանյան (Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն)
  • Կարեն Մուսայելյան (ԱՄՆ, բանկիր)
  • Կարո Սարգսյան (Ռուսաստան, գործարար, «Սպեցտորգ» ընկերության հիմնադիր)
  • Տ. Մեսրոպ քհն. Արամյան (Հայաստան, «Վեմ» ռադիոկայանի նախագահ)


«Այբ» համայնքի` բարերարների, հովանավորների, նվիրատուների, աջակիցների շարքերն այսօր արդեն համալրում են աշխարհի տարբեր երկրներում ապրող և տարբեր մասնագիտության տեր բազմաթիվ մարդիկ` ֆինանսիստներ, գործարարներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, բանկիրներ ևն: «Այբ»-ի առաքելությունն է համախմբել հասարակությանը կրթության գաղափարի շուրջ և զարգացնել կրթությանն աջակցողների համաշխարհային ցանց, ստեղծել համայնք մարդկանց, ովքեր գիտակցում են կրթության որոշիչ դերը Հայաստանի ապագայի տեսլականն իրագործելու ճանապարհին:

«Այբ» դպրոցի առաքելությունն է` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և

պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ:

«Այբ» դպրոցի նշանաբանն է՝ «Իմա՛ և արա՛»:

«Այբ» դպրոցի փիլիսոփայությունն ամփոփված է այս նշանաբանի մեջ՝ «Իմա՛ և արա՛», որ գրաբարից թարգմանաբար նշանակում է «Հասկացի՛ր և ստեղծի՛ր»:

Այս երկու սկզբունքները խորապես փոխկապակցված են, այսինքն` չկա ճանաչողություն առանց իրագործման, ոչ էլ արարում` առանց իմացական ձեռքբերման: Ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունը մեր կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:

Դարերի խորքից եկող այս իմաստությունը առավել ևս կարևոր է 21-րդ դարում, երբ կրթությունը պետք է կազմակերպել գիտելիքի աննախադեպ ծավալի և ստեղծարար ակտիվության պայմաններում: Ուստի մենք ճանաչում և գործում ենք միաժամանակ կամ ճանաչելով ստեղծում և ստեղծելով ճանաչում: Եթե մենք ձգտում ենք ունենալու իրագործված գիտելիքներ, հավաստի ձեռքբերումներ և ապրված ճշմարտություններ, ապա միշտ պետք է պահպանենք ճանաչողական-ստեղծարար ներդաշնակությունը:

Tweets by AybSchool
>