«Այբ»-ը՝  PASCH-ի գործընկեր դպրոց

«Այբ» դպրոցը 2016 թվականին միացել է PASCH նախաձեռնության աշխարհասփյուռ դպրոցների ցանցին՝ համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրելով Գյոթեի ինստիտուտի և ԳԴՀ դեսպանատան հետ:

Նախաձեռնության շրջանակում «Այբ» դպրոցի աշակերտներն ամեն տարի ստանում են ընդհանուր և անվանական կրթաթոշակներ՝ Գյոթեի ինստիտուտի կազմակերպած միջազգային և տեղական աշխատարաններին, սեմինարներին, դասընթացներին, ամառային ճամբարներին, միջոցառումներին և մրցույթներին մասնակցելու համար:

2016-2023 թթ․ «Այբ» դպրոցն ունեցել է ավելի քան 55 կրթաթոշակակիր և 5 միջազգային մրցանակակիր։

«Գերմաներեն» առարկան դպրոցում ունի հատուկ կարգավիճակ և դասավանդվում է 2-12-րդ դասարաններում։

Աշակերտները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու Գյոթեի ինստիտուտի՝ միջազգային ճանաչում ունեցող ամենամյա քննություններին (Goethe-Zertifikat A1-B2)։ Ամեն տարի քննություններին մասնակցում է ավելի քան 60 աշակերտ՝ ցուցաբերելով դրական արդյունքներ բոլոր մակարդակներում։

PASCH նախաձեռնությունը հնարավորություն է տալիս գերմաներենի ուսուցիչներին մասնակցելու Գյոթեի ինստիտուտի կազմակերպած վերապատրաստումներին, սեմինարներին և համաժողովներին Գերմանիայում, Վրաստանում և Հայաստանում։

Համագործակցության 7 տարիների ընթացքում «Այբ» դպրոցը նախաձեռնել և շարունակում է իրականացնել տարատեսակ կրթական միջոցառումներ՝ PASCH դպրոցների համատեղ աշխատարաններ, հանդիպումներ, ուսումնական ճանապարհորդություններ, մշակութային ծրագրեր, աշակերտական և ուսուցչական մասնագիտական վերապատրաստումներ և աշխատանքային քննարկումներ։

2018-2020 թթ․ «Այբ» դպրոցը, համագործակցելով Սաքսոնիա Անհալթ երկրամասի Փֆորտայի դպրոցի հետ, իրականացրել է 3D մոդելավորման նախագիծ՝ այն ներկայացնելով Սաքսոնիա Անհալթ երկրամասի և գերմանական մի շարք այլ մրցույթներում՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով։ Նախագծի երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2023-2024 ուսումնական տարում։

PASCH նախաձեռնության մասին

«Դպրոցներ․ ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնությունը համակարգում է աշխարհի ավելի քան 2000 գործընկեր դպրոցներ, որտեղ գերմաներենի դասավանդումն առանձնահատուկ նշանակություն ունի։ PASCH-ի գործընկերները գերմաներենի դասավանդման հարցերում խորհրդակցում են ինչպես նախարարությունների, այնպես էլ դպրոցների տնօրինության ու ուսուցիչների հետ։ PASCH-ի փորձագետները սատարում են տվյալ երկրի դպրոցներին գերմաներենի դասավանդման համակարգման գործընթացում և ապահովում փորձի փոխանակում։

600 000 աշակերտներ ամբողջ աշխարհով մեկ

Կրթական նախագծեր, մրցույթներ, լեզվի դասընթացներ Գերմանիայում կամ բազմալեզու ամառային դպրոցներում տվյալ տարածաշրջանում, ուսումնական նյութեր, ուսումնական խորհրդակցություն կամ փորձնական ուսուցում. հնարավորությունների այս բազմազանությունը շահադրդում է PASCH-ի դպրոցների աշակերտներին սովորելու գերմաներեն, նպաստում նրանց լեզվական գիտելիքների բարելավմանն ու ամրապնդում միջմշակութային երկխոսությունը։

Ուսուցիչների աջակցություն

Տարածաշրջանային վերապատրաստումներով, դասավանդման փորձի փոխանակմամբ, ինչպես նաև Գերմանիայում վերապատրաստման կրթաթոշակների հնարավորությամբ PASCH նախաձեռնությունն աջակցում է PASCH-ի գործընկեր դպրոցների գերմաներենի ուսուցիչներին։ Իրենց աշակերտների հետ միասին ուսուցիչները ներգրավված են տարածաշրջանային և միջազգային տարատեսակ նախագծերում, ինչը նպաստում է դպրոցների միջև ցանցային համագործակցությանը։

PASCH-ի գործընկերները

PASCH-ը Գերմանիայի ԱԳՆ նախաձեռնություն է, որը համագործակցում է Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի (ZfA), Գյոթեի ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԳԴՀ մշակույթի նախարարության կողմից աջակցվող մանկավարժական փոխանակման ծրագրի (PAD der Kultusministerkonferenz) հետ։

PASCH-ը Հայաստանում

Հայաստանում կա PASCH-ի 11 դպրոց, որոնցից երեքը՝ Երևանի «Այբ» դպրոցը, Գյումրու թիվ 25 դպրոցը և Ճամբարակի թիվ 1 դպրոցը, գործում են Վրաստանի Գյոթեի ինստիտուտի հովանու ներքո։

Tweets by AybSchool
>