«Այբ» դպրոցի ծրագրի ձևավորման ընթացքում ձևավորվել է նաև հասարակական գործունեության ուղղությունը, որի հիմքում ընկած է աշակերտի անձի զարգացումը։ Դպրոցի համար կարևոր են ոչ միայն ուսումն ու լավ գիտելիքը, այլև այլոց մատուցվող զանազան ծառայությունները՝ աշակերտներին համապատասխանեցնելու համար «Այբ» դպրոցի աշակերտի 8 սկզբունքներին, որոնք են՝ ճանաչող և արարող, նախաձեռնող և հավասարակշռված, զգոն և բաց, բարեխոհ և հոգատար։
Հասարակական գործունեությունն «Այբ» աշակերտի անշահախնդիր, անհատույց գործունեության այն ձևն է, որի նպատակն է աշակերտին ձևավորել որպես պատասխանատու քաղաքացի, որն անտարբեր չէ իր շրջապատի նկատմամբ և կարող է իր հոգատարությամբ ու նախաձեռնողականությամբ առավելագույն արդյունք ու հիմնարար փոփոխություն ստեղծել իր շուրջ: Հասարակական գործունեությունը կապերի հաստատում, փորձ, զարգացում ու բացահայտում է աշակերտների համար։
«Այբ» դպրոցում հասարակական գործունեությունը պարտադիր է, սակայն հիմքում ընկած է կամավորության գաղափարը։ Միջին դպրոցի աշակերտների հասարակական գործունեության նվազագույն քանակը 10-20 ժամ է, իսկ ավագ դպրոցի աշակերտներինը՝ 40 ժամ, որոնք պետք է լրացնել յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում։ Աշակերտները հնարավորություն ունեն հասարակական գործունեություն կատարելու թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս՝ շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություններում։
«Այբ» դպրոցում գործում են հասարակական գործունեության 10 թիմ։