Ֆաբլաբ

Ֆաբլաբը ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) ստեղծած արհեստանոց-լաբորատորիա է՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով, որոնք հնարավորություն են տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում և արտադրելու գրեթե «ամեն ինչի» ձևանմուշ: Ֆաբլաբերում իրականացվող ծրագրերը վերաբերում են ինչպես տեխնոլոգիական նորարարություններին ու բարեփոխումներին, այնպես էլ գործարարական նոր մոտեցումներին ու զանազան հետազոտություններին արտադրության, ռոբոտաշինության, դիզայնի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 2015 թվականին «Այբ» հիմնադրամը բացեց Հայաստանում առաջին երկու ֆաբլաբերը՝ Երևանի «Այբ» դպրոցին և Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից:

Ֆաբլաբը Հայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական:

Միանալով ֆաբլաբի ցանցին՝ Հայաստանը դառնում է աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ և հնարավորություն ստանում օգտվելու այն հմտություններից, գիտելիքից և փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում:

Ayb Fab Lab

ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ` «Այբ» հիմնադրամը ՄՏԻ-ից ձեռք բերեց երկու ֆաբլաբի լիցենզիա, ինչպես նաև սարքավորումներ Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից ֆաբլաբի համար: Իսկ արդեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ ջանքերով և ֆինանսավորմամբ «Այբ» հիմնադրամը կառուցեց և համալրեց Երևանի «Այբ» դպրոցին կից ֆաբլաբը:

Ֆաբլաբերը հնարավորություն են տալիս խթանելու գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, ինչպես նաև հետազոտությունների նոր հարթակ են ստեղծում երիտասարդ հայ գիտնականների համար:

«Այբ» հիմնադրամը երկարատև բանակցային գործընթաց է վարել ՄՏԻ-ի հետ: Բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել ֆաբլաբի սարքավորումային լիակատար փաթեթը, որն այս պահին ներառում է՝

• համակարգչային կարգավորմամբ լազերային կտրող սարք,
• թվային կարգավորմամբ մետաղահատ (ֆրեզային) հաստոց՝ մեծ չափի ձևանմուշներ ստանալու համար,
• ալեհավաքներ, տպագրական կաղապարներ, ճկուն սխեմաներ ստեղծող սարք,
• եռաչափ տպիչներ,
• ծրագրավորման արագագործ և փոքր ծախսատարությամբ միջոցներ,
• այլ սարքեր ու ծրագրեր:

«Այբ» կրթական հանգույցի ամբողջ ծրագրի գործարկումից հետո ֆաբլաբը միանալու է հանգույցում գործող գիտության և տեխնոլոգիայի կենտրոնին: Այսպիսով՝ ֆաբլաբը, լինելով ցանկացած կրթական ու գիտական հաստատության համար փորձարկումների ու գաղափարների իրականացման բաց տիրույթ, լիարժեքորեն համապատասխանում է կրթական հանգույցի գաղափարախոսությանը, այն է՝ դպրոցական ավանը դարձնել կյանքի ու հասարակության հիմնական ուղղությունների ու կարևոր հաստատությունների խաչմերուկ, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր փորձն ու սովորեցնելով սովորում:

Երևանի ֆաբլաբի ստեղծումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, իսկ Դիլիջանինը՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Tweets by AybSchool
>