2024-2025 ուսումնական տարվա վճարը 1-9-րդ դասարան ընդունված բոլոր նոր աշակերտների համար կկազմի 3,750,000 ՀՀ դրամ։ 1-9-րդ դասարաններում գործում է հատուկ սակագին միաժամանակ սովորող քույր-եղբայրների համար։ Երկրորդ երեխայի վճարը կկազմի բազային սակագնի 85 տոկոսը, երրորդ և ավելի երեխաներինը՝ 80 տոկոս։ 2024-2025 ուսումնական տարվա վճարը 10-12-րդ դասարան ընդունված բոլոր նոր աշակերտների համար, ով չի դիմել ֆինանսական աջակցության, կկազմի 3,300,000 ՀՀ դրամ։ Ֆինանսական աջակցություն տրամադրվում է միայն 10-12-րդ դասարաններում։ Հետագա տարիների ուստարվա վճարը հնարավոր է ենթարկվի փոփոխության դպրոցի Հոգաբարձության խորհրդի որոշման հիման վրա։
«Այբ» ավագ դպրոց հիմնական ընդունելությամբ ընդունված լավագույն 25%-ի մեջ հայտնված մինչև 4 երեխա ՀՀ մարզերից և Արցախից, անկախ դիմորդի ընտանիքի վճարունակությունից, ստանում է ամբողջական ֆինանսական աջակցություն և ապահովվում Երևանում կեցությամբ, եթե դրա կարիքը կա: Հնարավորությունը գործում է «Այբ» ավագ դպրոցում ուսանելու բոլոր երեք տարիների համար՝ պայմանով, որ աշակերտը 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտի 85 և ավելի միավոր միջին տարեկան առաջադիմությամբ:
«Այբ» դպրոցում գործում է տրանսպորտային փոխադրում, որի արժեքը կազմում է 295,800 ՀՀ դրամ: Տրանսպորտային փոխադրումը իրականացվում է միայն Երևանի տարածքում։
Հիմնական դասապրոցեսը սկսվում է 8։30-ին և ավարտվում 15։20-ին։ Այդ ընթացքում աշակերտներն ունեն 3-անգամյա ընդմիջում։ Դրանից հետո աշակերտները կարող են մասնակցել արտադասարանական պարապմունքների, որոնք ավարտվում են 16։20-ին։
«Այբ» դպրոցում գնահատումը կատարվում է ուսուցչի կողմից տրամադրվող արձագանքի (feedback) միջոցով: Թվանշանային գնահատման համար կիրառվում է 100-միավորանոց սանդղակ: Դպրոցում չկան նաև օրագրեր և մատյաններ: Փոխարենը գործածվում է «Մուդլ» էլեկտրոնային համակարգը (Moodle):
Արտադասարանական պարապմունքները տարբեր առարկաներից են լինում՝ հիմնականում կախված նրանից, թե այդ տարի աշակերտներն ինչ են ցանկանում ուսումնասիրել։ Ունենք արտադասարանական պարապմունք գերմաներենից, գիտության խմբակ, սպորտային խաղերի, նկարչության խմբակներ և այլն։
Դպրոցը չունի ուղղվածություն և հոսքերի բաժանում։ Այն տրամադրում է համապարփակ ուսում, երբ բոլոր առարկաներն էլ հավասարաչափ կարևոր են։ Սակայն ավագ դպրոցի (10-12-րդ դաս․) աշակերտներն իրենք են կազմում իրենց անհատական դասացուցակը մասնագիտական ընտրության հիման վրա։ Դասացուցակի ընտրության հարցում աշակերտները որոշակի ուղղորդում ունեն․ պետք է յուրաքանչյուր առարկայախմբից ընտրեն գոնե մեկ առարկա։ Այսինքն՝ նույնիսկ եթե աշակերտը ցանկանում է դառնալ բժիշկ և կենտրոնանում է բնագիտական առարկաների վրա, նա անպայման ընտրում է նաև արվեստի առարկայախմբից մեկ առարկա։
«Այբ» ավագ դպրոցում ամեն աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից: Հիմնական առարկաները դասավանդվում են ստանդարտ և խորացված մակարդակներով:
Ավագ դպրոցի ընդունելության գործընթացը սկսվում է հունվարին։ Անցկացվում են բաց դռների միջոցառումներ, որոնց ընթացքում դուք ծանոթանում եք դպրոցին և ընդունելության գործընթացին։ Այնուհետև լրացնում եք դիմումը և մասնակցում ընդունելության մյուս գործընթացներին՝ քննություններին և ընդունող հանձնաժողովի անդամների հետ հարցազրույցի փուլին։ Ավագ դպրոցի ընդունելությունը հիմնականում ամփոփվում է մայիս ամսին։
Տարրական դպրոցի (1-ին դասարան) ընդունելության գործընթացը ևս սկսվում է հունվար ամսին։ Հունվար-մարտ ամիսների ընթացքում անցկացվում են բաց դռների միջոցառումներ, որոնց ընթացքում դուք ծանոթանում եք դպրոցին և ընդունելության գործընթացին։ Այնուհետև լրացնում եք դիմումը և մասնակցում ընդունելության մյուս գործընթացներին՝ դիմորդների հետ հանդիպում-դասերին և մասնագետների մասնակցությամբ խաղային զրույցին, որի ընթացքում դպրոցը ծանոթանում է երեխաների հետ և հասկանում՝ որքանով է դիմորդը պատրաստ (ոչ գիտելիքային առումով) հաճախելու դպրոց։ Ընդունելության գործընթացի վերջին փուլը դիմորդի ծնողների հետ ընդունող հանձնաժողովի ծանոթական զրույցն է։ Տարրական դպրոցի ընդունելությունը հիմնականում ամփոփվում է ապրիլ-մայիս ամիսներին։
Հիմնական դպրոցում ընդունելության գործընթացը սկսվում է յուրաքանչյուր դասարանում թափուր տեղերի առաջացման դեպքում։ Այսինքն՝ իրականացվում է թափուր տեղերի համալրման նպատակով կազմակերպվող ընդունելություն։ Ընդունելություն հիմնականում իրականացվում է յուրաքանչյուր քառորդի վերջում՝ տնօրինության որոշմամբ։ Դրա մասին հայտարարվում է կայքում։
Ավագ դպրոցի ընդունելությունն իրականացվում է միայն 10-րդ դասարանում։ 11-րդ և 12-րդ դասարաններում երեխաներն արդեն խորացնում են իրենց գիտելիքները և «Արարատյան բակալավրիատ» ծրագրով բավական ճանապարհ են անցած լինում։
Կիսվել
[[tags:1:1]]