Դասավանդման մոտեցումներ

Առաջատար կրթական համակարգերի ծաղկաքաղ

«Այբ»-ի կրթական գաղափարը խարխսված է հետևյալ դինամիկ սկզբունքի վրա` վերցնել լավագույն ծրագրերը լավագույն կրթական համակարգերից և համադրել մեկ ամբողջական պատկերի մեջ: Դպրոցի բացմանը նախորդող հինգ տարիների ընթացքում «Այբ»-ի մասնագետներն ուսումնասիրել և ծաղկաքաղ են արել աշխարհի առաջատար կրթական համակարգերից՝ ի մի բերելով և համատեղելով դրանց լավագույն բաղադրիչները մեկ եզակի համակարգում: Մենք չենք ցանկացել պատճենել հաջողված կրթական համակարգերից որևէ մեկը, այլ, հետևելով դրանցից

Արարատյան բակալավրիատ

«Այբ» դպրոցում ուսումնառությունն իրականացվում է Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրով։ Այն համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։

Դպրոցում աշակերտներն ուսումնասիրում են՝

  • լեզուներ,
  • մաթեմատիկա,
  • ՏՀՏ,
  • բնագիտություն,
  • արվեստներ,
  • հասարակագիտություն,
  • մարմնակրթություն,
  • տեխնոլոգիա,
  • սոցիալական ակտիվություն։

«Իմա և արա»փորձարկելով տեսականը գործնականորեն

«Այբ» ավագ դպրոցի ուսուցման մեթոդաբանության հիմքում ընկած է ծրագրահեն ուսուցումը: Մենք ձգտում ենք ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ ցանկացած աշակերտ ներգրավված լինի առօրյա կյանքում իրականացվող տարբեր ծրագրերում կամ նախագծերում՝ գործնականորեն ստուգելով ու կիրառելով իր գիտելիքները, զարգացնելով իր հաղորդակցման, թիմային աշխատանքի հմտությունները, կողմնորոշվելով հետագա մասնագիտության ընտրության հարցում: Այդ նախագծերը ոչ միայն ունեն ուսումնական նպատակ, այլև կարող են տալ հասարակայնորեն կիրառելի և անհրաժեշտ արդյունքներ: Տարբեր առարկաների ուսուցիչներն աշխատում են միմյանց հետ՝ հարմարեցնելու իրենց ծրագիրն այնպես, որ աշակերտները զինված լինեն մի քանի առարկաներից անհրաժեշտ գիտելիքներով՝ հետազոտական ու ուսումնական նախագծեր իրականացնելու համար:

Ծրագրահեն ուսուցման մեր մոտեցումը խրախուսում է աշակերտներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար: Ծրագրահեն ուսուցումը կամ «գործելով սովորելը» իրական ուսուցողական վարժությունների վրա հիմնված մի մեթոդ է, որը բարձրացնում է աշակերտների հետաքրքրությունն ու սովորելու մոտիվացիան: Ծրագրահեն ուսուցումը զարգացնում է աշակերտների հաղորդակցության և ներկայացման կարողությունները, կազմակերպման և ժամանակի կառավարման, ուսումնասիրության և հետազոտման, ինքնագնահատման և ինքնարտահայտման, խմբային աշխատանքի և առաջնորդության հմտությունները: Նախագծերի ընթացքում հաշվի է առնվում մեր աշակերտների կարողությունների կամ ընդունակությունների յուրահատուկ համակցությունը: Նախագծերը մշակվում են ըստ Հովարդ Գարդների «Բազմակի տաղանդների տեսության»` հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի օժտվածությունը և առանձնահատկությունը՝

  • պատկերային տաղանդը,
  • երաժշտական տաղանդը,
  • մարմնական տաղանդը,
  • հաղորդակցական տաղանդը,
  • խոսքի տաղանդը,
  • տրամաբանական տաղանդը,
  • բնապաշտական տաղանդը,
  • ներանձնական տաղանդը։

Անհատական ուսումնական ծրագիր

«Այբ» ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից: Հիմնական առարկաները դասավանդվում են ստանդարտ և խորացված մակարդակներով: «Այբ»-ը մշակել է արդյունավետ և համակողմանի կրթության կրեդիտային համակարգ, և յուրաքանչյուր աշակերտ կատարում է իր ընտրությունն ըստ մշակված կրեդիտային սկզբունքների: Յուրաքանչյուր աշակերտ պետք է ընտրի առնվազն երեք խորացված առարկա և հավաքի կրեդիտներ մյուս առարկաներից: Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցմանը և աշակերտների՝ խոսելու ու գրելու կարողությունների զարգացմանը:

Առողջ ապրելակերպ և գեղեցիկի ընկալում

Սպորտի և արվեստի դասերն ու ակումբային աշխատանքները օգնում են «Այբ»-ի աշակերտին համակողմանի զարգանալու ոչ միայն մտքով, այլև հոգով ու մարմնով: «Այբ» դպրոցում մարմնակրթությունը պարտադիր առարկա է՝ որպես առողջության երաշխիք:

Արվեստի տարբեր ոլորտներին առնչվող առարկաները և խմբակները նպատակ ունեն զարգացնելու աշակերտների` գեղեցիկը տեսնելու, լսելու և ճանաչելու կարողությունները և բեռնաթափելու ակադեմիական կրթության բավականին ինտենսիվ գործընթացը:

Գիտելիքը՝ արժեքների հենքի վրա

Արժեքային և աշխարհայացքային համակարգի ձևավորումը կրթության հիմնախնդիրներից է: Մեր նպատակն է ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի: Տեսականի և գործնականի համադրումը «Այբ» դպրոցի կարևորագույն սկզբունքներից է: Յուրաքանչյուր աշակերտ պետք է իրականացնի հասարակական աշխատանքի որոշակի նվազագույն ծավալ: Աշակերտների հետ աշխատանքում կիրառվում են բազմաթիվ հնարներ, ձևաչափեր ու միջոցներ՝ դաստիարակելու համար այնպիսի արժեքներ, ինչպիսին են փոխօգնությունը, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելը, նոր մտքերի ու մոտեցումների առջև բաց լինելը, ուրիշի մտքերը և աշխատանքը գնահատելն ու չգողանալը, ճշտապահ և պատասխանատու թիմի անդամ լինելը, որոշումներ կայացնելիս բարեհոգության և հարուստ տեղեկությունների վրա հիմնվելը:

Նկարագրական գնահատում

Դպրոցում գնահատումն իրականացվում է 100 միավորանոց համակարգով: Սակայն բացի թվանշան տալուց, ուսուցիչների առաջնային խնդիրն է տրամադրել նկարագրական հետադարձ կապ, որոնցում մանրամասն անդրադարձ է կատարվում աշակերտի ուժեղ և թույլ կողմերի, թեմաների իմացության մակարդակի, նախկին գիտելիքները լրացնելու ձգտման և առարկայի լիարժեք ընկալմանը խոչընդոտող սոցիալական ու անձնային խնդիրների վրա: Թվանշանից բացի, առավել կարևորվում է ծնողին փոխանցել այնպիսի տեղեկույթ, որը կօգնի նրան երեխայի՝ դպրոցից դուրս աշխատանքները, ուսմանն ուղղված ժամանակն ու ջանքերն առավել արդյունավետ կազմակերպելուն: Յուրաքանչյուր աշակերտի ամփոփիչ գնահատման արդյունքները, ինչպես նաև ուսուցչի կողմից տրված հետադարձ կապը, որը միտված է բարելավելու ուսումնական առաջընթացը, գրանցվում են «Մուդլ» համակարգում։ Ծնողները կարող են մուտք գործել համակարգ և տեղեկանալ իրենց երեխաների ուսումնառությանն ու առաջընթացին:

Յուրաքանչյուր աշակերտ ուսումնառության ընթացքում ամեն առարկայից ձևավորում է անհատական թղթապանակ։

Թղթապանակի նպատակն է տեսնել աշակերտի ուսումնառության ընթացիկ պատկերը, օգնել աշակերտին, հայտնաբերել նրա ուժեղ կողմերը և բարելավել թույլ կողմերը։

Tweets by AybSchool
>