
Հոկտեմբերի 16-ին 15-րդ սերնդով ուղևորվեցինք արշավի։ «Այբ» դպրոցն արշավը կազմակերպել էր «Hike Armenia»-ի հետ համատեղ։ Մեզ հետ էին աշակերտական համայնքի համակարգողներ ընկեր Նաիրան, ընկեր Տիգրանը և մարմնակրթության ուսուցիչ ընկեր Անդրուշը։ Թեև եղանակի տեսությունը խոստանում էր անձրև, եղանակն ամբողջ ընթացքում հրաշալի էր։
Առաջին կանգառը Դիլիջանի Հարբած անտառն էր, որտեղ աշնանային տերևաթափը աննկարագրելի գեղեցիկ տեսարան էր ստեղծել։ Ավտոբուսից իջնելուն պես սկսեցինք քայլել։ Հենց սկզբից մեզ միացան մեր հավատարիմ ուղեկիցները՝ փոքրիկ շնիկները, որոնք չհեռացան մեր կողքից մինչև վերջ։
Քայլարշավի ընթացքը լի էր ծիծաղով, հետաքրքիր պատմություններով ու երգերով: Երբեմն էլ ճանապարհը բարդանում էր՝ թեք լանջեր, ցեխոտ տեղեր, բայց այս փոքր խոչընդոտները հաղթահարվում էին ընկերների օգնությամբ։
Հարբած անտառից հետո շարժվեցինք դեպի Սևանավանք։ Վանքը մեզ դիմավորեց խաղաղ ու լուռ, իսկ մենք որոշեցինք կյանքով լցնել այդ լռությունը. այբեցիներով շուրջպար բռնեցինք։ Հետո որոշեցինք իջնել լճի ափ ու հանգստանալ։
Ի վերջո, մի քիչ կեղտոտ, մի քիչ մրսած, մի քիչ էլ հոգնած, բայց ուրախ` վերադարձանք Երևան։ Օրը դարձավ մեր դպրոցական տարիների հերթական գեղեցիկ էջերից մեկը։
Մարգարիտա Ատոմյան
11-րդ դասարան