Յուրաքանչյուր ծնող երազում է իր երեխային դաստիարակել որպես երջանիկ, ներդաշնակ ու հաջողակ անհատ։ Ի՞նչ հատկանիշներ եք ցանկանում տեսնել ձեր երեխաների մեջ 20-30 տարի անց։ Երբ երեխան մեծանում է, նրան այլևս անհնար է կառավարել, ուղղորդել կամ դաստիարակել։ Կարելի է միայն հետևել, թե ինչպես են բացվում սիրո ու ջերմության ծաղիկները, որոնց սերմերը ծնողները ցանել են սեփական օրինակով ու երեխայի նկատմամբ վերաբերմունքով։
Կյանքի ընթացքում բոլորս առաջնորդվում ենք վարքի այն մոդելներով ու տեսակներով, որոնք մանկության տարիներին ընդօրինակել ենք մորից ու հորից, բարեկամներից, ուսուցիչներից, ընկերներից։ Եվ հիմա մեր խնդիրն է՝ որպես մեծահասակների, փոխանցել մեր երեխաներին բարձր մարդկային արժեքներ ու վեհ պատկերացումներ։
Փետրվարի 8-ին «Այբ» դպրոցում կկայանա Պաատա Ամոնաշվիլիի «Մարդասիրական մանկավարժություն ուսուցիչների և ծնողների համար. ինչպես մեծացնել երջանիկ, ներդաշնակ և հաջողակ երեխաների» խորագրով սեմինարը, որի ընթացքում մասնակիցները կընկղմվեն երեխաների ստեղծագործական դաստիարակության կլանիչ աշխարհը, կլսեն արժեքավոր խորհուրդներ այն մասին, թե ինչպես երեխայի մեջ սերմանել լավագույն արժեքաբարոյական հատկանիշներն ու ինչպես մեծացնել նրանց որպես երջանիկ, ամբողջական անձնավորություններ։
Հոգեբանական գիտությունների դոկտոր, սոցիոլոգ և գրող Պաատա Ամոնաշվիլին վարում է լայն կրթական գործունեություն և հոգեբանական պրակտիկա։ Նրա անհատական և հոր՝ Շալվա Ամոնաշվիլիի հետ համատեղ անցկացվող սեմինարներին ու վարպետության դասերին ամեն տարի մասնակցում է 6 հազարից ավելի ծնող և ուսուցիչ։
Պաատա Ամոնաշվիլին նաև Մարդասիրական մանկավարժության միջազգային կենտրոնի նախագահն է, ունի Մարդասիրական մանկավարժության ասպետի կոչում, «Բաստի Բուբու» (Թբիլիսի, Վրաստան) նախադպրոցական ուսումնական հաստատության գիտական ղեկավարն է։
Ուշադրություն։ Սեմինարին մասնակցությունը միայն նախնական ԳՐԱՆՑՈՒՄՈՎ է։ Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն։
Կիսվել