Գիտության համաշխարհային օր

Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ «Այբ» դպրոցում տեղի ունեցավ հետաքրքիր և գիտաշատ միջոցառում։ Գիտության համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 10-ին՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունն ուղղել դեպի գիտություն։ Միջոցառմանը մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտները։ Բացմանը «Հայաստան» դահլիճում բնագիտական առարկայախմբի ուսուցիչները ներկայացրին միջոցառման նպատակը և շեշտեցին գիտության կարևորությունն ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Միջին դպրոցի աշակերտները ներկայացրին գիտության միջոցով խաղաղության և զարգացման հասնելու կարևորությունը։ Նաև հավաստագրեր հանձնվեցին «Գիտության շաբաթ» համազգային ծրագրի՝ գիտական ֆանտաստիկայի թեմայով միջոցառումների շարքին մասնակցած աշակերտներին։

Միջոցառման երկրորդ հատվածում գիտության տեսական կարևորման մասը «Հայաստան» դահլիճից տեղափոխվեց Բ մասնաշենքի սեղանատուն, որտեղ այբեցիներին սպասում էր գիտական ճանապարհորդություն գործնական փորձերի աշխարհում։ Հետաքրքրաշարժ և գրավիչ փորձեր էին պատրաստել ավագ դպրոցի աշակերտները։ Մասնակիցներն ականատես եղան տերևներից գունանյութի ստացման, լույսի բևեռացման, օծանելիքի ստացման, միջատների՝ մանրադիտակով զննման և այլ հետաքրքրաշարժ գիտական երևույթների։ «Կանաչ քիմիա» նախագծային ակումբի աշակերտները ներկայացրին իրենց ստացած կենսապլաստիկները։ Եվ վերջապես եկավ ամենահավես և յուրահատուկ պահը՝ «Համեղ գիտության» հատվածը, որի ժամանակ աշակերտները տեսան, թե ինչպես կարելի է ազոտն օգտագործել սառը և ուտելի ձողիկներ պատրաստելու համար։

Այսպես ավարտվեց ևս մեկ գիտաշատ և օգտակար միջոցառում, որն, անշուշտ, կամրապնդի բնագիտության ոլորտում աշակերտների ձեռք բերած գիտելիքները՝ ուսումնառությունը դարձնելով ավելի դինամիկ և հետաքրքիր:

Մարիամ Բաղդասարյան

11-րդ դասարան

Tweets by AybSchool
>