«Այբ» դպրոցում ավանդաբար ամեն տարի ամռան ամիսներին կազմակերպվում է «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառ, որն աշակերտներին գործնականորեն օգնում է ճիշտ կողմնորոշվելու մասնագիտություն ընտրելու հարցում: Այս տարի տոնավաճառը համախմբեց տարբեր ոլորտների 21 կազմակերպությունների և ավելի քան 70 աշակերտների ու շրջանավարտների:
Միջոցառումը ոչ միայն ներկայացրեց փորձնակության ընտրության լայն հնարավորություններ, այլև ստեղծեց մի միջավայր, որտեղ մասնակիցները կարողացան պատկերացում կազմել տարբեր ոլորտների կազմակերպությունների գործունեության մասին, ինչպես նաև ձեռք բերել հայաստանյան աշխատաշուկայի մասին անմիջական ու կարևոր տեղեկություններ:
Միջոցառման շրջանակում 21 կազմակերպություն «Այբ» դպրոցի աշակերտներին և շրջանավարտներին առաջարկեց ամառային արձակուրդների ժամանակ փորձնակության հնարավորություն: Այս փորձառությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս՝
Տոնավաճառի շրջանակում անցկացվեց պանելային քննարկում «Ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում աշխատաշուկան, և ինչպես կրթական համակարգը պետք է ադապտացվի դրան» թեմայով։ Խոսնակներն էին Արփի Կարապետյանը, Շտեֆան Պապպը և Մերի Հովսեփյանը։ Արփի Կարապետյանը միջազգային որակավորում ունեցող քոուչ է, սոցիալական գիտությունների թեկնածու, Cascade People & Business ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի հիմնադիրը և նախագահը։ Շտեֆան Պապպը տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտի ավստրիացի մասնագետ է, որը ստեղծել է ինքնավար վարորդական հարթակներ և ընկերություններին տրամադրում է ռազմավարական խորհրդատվություն: Շտեֆանը ներգրավված է նաև հայկական ստարտափների ոլորտում։ Մերի Հովսեփյանը կրթության փորձագետ է, հանրակրթության պետական չափորոշչի և կենսաբանություն առարկայի չափորոշիչները մշակող խմբի անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու: Ներկայում դասավանդում է ՀԱՀ Գիտության և ճարտարագիտության ֆակուլտետում, 2018 թվականից «Այբ» դպրոցի ակադեմիական տնօրենն է:
Այնուհետև կազմակերպությունները մասնակիցների համար անցկացրին 13 դասընթաց՝ ներկայացնելով իրենց մասնագիտական ոլորտները՝ ֆինանսաբանկային, ՏՏ, կառավարում, սպասարկում, գյուղատնտեսություն, և ծանոթացրին աշխատաշուկայի պահանջներին ու կառավարման հետաքրքիր հմտությունների:
Մասնակից կազմակերպություններ
«Սովորում եմ աշխատելով» տոնավաճառը ոչ միայն բացահայտում է կարիերայի բազմաթիվ հնարավորություններ, այլև ոգեշնչում երիտասարդներին վստահ քայլեր կատարելու դեպի իրենց ապագա մասնագիտական ճանապարհը: