#stayhome կամ #մնատանը․ այս հեշթեգերով կոչերը համացանցում նշանակում են, որ, տանը մնալով, մենք մարդկային կյանքեր ենք փրկում իրականում։ Covid-19-ը հաղթահարելու համար մարդիկ պետք է խստորեն պահպանեն հիգիենայի կանոնները, խուսափեն մարդկային շփումից և մնան տանը։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք դա, բայց պետք է նաև ընդունել, որ մեկ ամիս տնից դուրս չգալը ձանձրացնում է։ Պետք է ինչ-որ հետաքրքիր զբաղմունք գտնել և մոռանալ, որ վանդակում թաքնված թռչնակի կարգավիճակում ենք։ Այստեղ նրկայացնում եմ տեսանյութերի 5 հավաքածու, որոնք, կարծում եմ, կօգնեն ժամանակը հետաքրքիր և արդյունավետ անցկացնել։
1․ TED-Ed (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց և դիզայն)
11 մլն բաժանորդ ունեցող այս youtube-յան ալիքը ստեղծվել է TED մեդիա կազմակերպության կողմից, որը «տարածման արժանի գաղափարներ» կարգախոսի ներքո ազատ արտոնագրով ելույթներ է հրապարակում։ Ի՞նչն է գրավել բաժանորդներին այս տեսաշարքում՝ կհարցնես դու։ Հավատա՛՝ շատ բան։ Մի քանի րոպեի ընթացքում ստանում ես հիշվող տեղեկություն, լուծում յուրահատուկ խնդիրներ, իմանում վիրուսների մասին ավելին, ծանոթանում Այնշտայնի վարկածներին, մաթեմատիկական զարմանալի հաշվարկներին, հին ազգերի կյանքին և այլն։ Այստեղ դու կգտնես հազարումի հարցի պատասխան՝ «Ո՞վ է աշխարհի առաջին հեղինակը», «Ինչո՞ւ Պիզայի աշտարակը վերջապես չի փլվում», «Ի՞նչ է ժամանակը»։ Եվ այս ամենը թեև բացատրվում է գիտական նյութով, բայց դյուրըմբռնելի է շնորհիվ անիմացիոն տեսանյութերի և մատուցման հետաքրքիր ձևերի։ Թեև «անիմացիոն» բառը գուցե շատերին հիասթափեցնի, սակայն վստահեցնում եմ, որ այդ տեսանյութերն ավելին են, քան սովորական մուլտֆիլմերը։ Իսկ եթե դրանք քեզ իսկապես նյարդայնացնում են, կարող ես դիտել նրանց մյուս՝ TED էջը, որը ներառում է բուն գիտական ոճի նյութեր, ավելի խոր թեմաներ։ TED-Ed-ի որոշ նյութերի ռուսերեն տարբերակները կարող ես դիտել Джонник ալիքում։
2. Khan Academy
«Ազատ, համաշխարհային կրթություն բոլորի համար, ամենուր»: Այս կարգախոսն ունի 2006 թ․ Սալման Քանի ստեղծած նախագիծը։ Տրամադրվում են ինքնուսուցման հնարավորություն, մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ առարկաների ու բնագավառների դասընթացներ և վստահելի նյութեր։ Դրանք պարունակում են տեսանյութեր, օգտագործվում են առցանց վարժություններ և շարժվող (GIF) պատկերներ, որոնք օգնում են դասն ավելի լավ հասկանալ և ըմբռնել։ «Քան» ակադեմիայի կայքն արդեն թարգմանվում է 23 լեզուներով, իսկ տեսանյութերը՝ 65, այդ թվում՝ հայերենով։ Հայերեն արդեն իսկ թարգմանված են մաթեմատիկայի, անգլերենի, արվեստի մի շարք ճյուղերի դասընթացները։ Գիտեմ՝ խոստացել էի պատմել հետաքրքիր ժամանցի մասին, իսկ սրանք կապված են դասապրոցեսի հետ, սակայն չենք կարող անտեսել առցանց ուսուցումը, որը մեր «կարանտինային» առօրյայի անբաժան մասն է։ Եվ ինչո՞ւ չփորձել ուսումնառությունը դարձնել ավելի hետաքրքիր և պատկերավոր։
Ի դեպ, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից 2017 թ․։ Այն էլեկտրոնային ռեսուրսների թարգմանության ու ստեղծման նախագիծ է։
3. Arzamas
Չէ՛, սա հերթական դպրոցական տեսանյութերի շարք չէ։ Սա մուլտֆիլմերի շարք է։ Չէ-չէ-չէ՛, խնդրում եմ, պարզապես մի՛ անցիր առաջ, որովհետև կրկին խոսքը սովորական մուլտֆիլմերի մասին չէ։ Դրանք նման չեն մեր մանկության սիրելի “Tom and Jerry”-ին կամ “Ну, погоди”-ին։ Կարճամետրաժ այս անիմացիոն տեսանյութերը կարևոր ուղերձ ունեն դիտորդի համար սոցիալական, բարոյական կամ դաստիարակչախրատական տեսանկյունից։ Այդպիսի տեսանյութերի համար անգամ Օսկարի մրցանակաբաշխություն կա։ Այստեղ են հավաքված լավագույնները։ Դիտիր և համոզվի՛ր, որ այս կետն անտեսման ենթակա չէ։
Հաջորդ երկու youtube-յան ալիքները, թեև կրկին անիմացիոն տեսանյութեր են ներկայացնում և հետևաբար, ըստ իս, ավելի մատչելի են, սակայն ունեն ընդհանուր և յուրահատուկ մի կետ․ առաջադրում են տեսական վարկածներ և վերլուծելով ներկայացնում հետևանքները՝ ցույց տալով տվյալ երևույթից խուսափելու կամ դրան ձգտելու անհրաժեշտությունը։
4․ Что, если… (Ի՞նչ կլիներ, եթե․․․)
Երբևիցե մտածե՞լ ես, թե ինչ կլիներ, եթե մարդիկ խոսեին մի լեզվով, մենք ապրեինք առանց շաքարի, Չերնոբիլը չպայթեր, իսկ դու դառնայիր կատու։ Իսկ նրանք մտածել են, գտել պատասխաններն ու մատուցում են դրանք քեզ, պարզապես դու չգիտես դրա մասին։ «Ի՞նչ կլիներ, եթե․․․» արտահայտությամբ սկսվող տասնյակ հարցերին նրանք քեզ պատասխանում են՝ դիտարկելով տարբեր իրավիճակներ, օգտագործելով ճշգրիտ թվեր, հետաքրքիր փաստեր և վերջնական հարց՝ «Իսկ լա՞վ է դա արդյոք»։ Դրանով իսկ նպատակ ունեն ուղղորդելու մեզ ճիշտ ընտրություն կատարելու և հասկանալու, որ մեր ամեն քայլ ինչ-որ հետևանքի է բերում, լավ, թե վատ՝ իմանում ենք մի քանի րոպե տևող հետաքրքիր տեսանյութերի շնորհիվ։
«Ծանոթացե՛ք, սա Բոբն է»․ այս արտահայտությամբ է սկսվում յուրաքանչյուր տեսանյութ։ «Ո՞վ է Բոբը»,— կհարցնես դու։ Հեղինակի փորձակենդանին։ Ինչեր ասես, որ չեն արել գիտնականի ձեռքերը Բոբին՝ թունավորել, վիրուս ներարկել, այրել, ուղարկել տիեզերք, փոքրացրել բակտերիայի չափ կամ ստիպել բարձրանալ Էվերեստ՝ 8864 մ։ Եվ այս ամենը՝ միայն հանուն գիտության։ Նկարագրությունից թվում է, թե տարօրինակ ու ոչ հաճելի մուլտֆիլմի մասին է խոսքը։ Հավատա՛, ո՛չ։ Տեսանյութերը տհաճ և վանող պատկերների փոխարեն ունեն ծիծաղաշարժ տեսարաններ, ճշգրիտ հաշվարկներ և համեմատություններ, գիտելիքներ մարդու օրգանիզմի և դրա վրա ազդող արտաքին գործոնների՝ վիրուսների, ջերմության, ճառագայթման, էլեկտրական հոսանքի և այլնի մասին։ Ուրեմն, եթե նախատեսում ես ապագայում ուտել 10 կգ շոկոլադ, մոտալուտ քննությունների համար խմել 7 լիտր սուրճ և չքնել 10 օր, սնվել միայն արագ սննդով, առաջարկում եմ ծանոթանալ Բոբի հետ. նա քեզ կպատմի, անգամ ցույց կտա իր վրա այս ամենի հետևանքները։
Դե ի՛նչ, սիրելի բարեկամ, փորձեցի քեզ հնարավորինս օգնել հեշտ անցկացնելու հետագա (հուսանք ՄԻԱՅՆ) 3 շաբաթները։ Այժմ կասկած չունեմ, որ ճիշտ կօգտագործես քեզ բաժին ընկած ազատ ժամանակը և քեզ կզգաս ինչպես վանդակում թաքնված ԽԵԼԱՑԻ թռչնակ։
Մերի Ղուլյան, 10-րդ դասարան
Կիսվել