«Այբ»-ի վեբինարների շարքը սկսեցին հայերենի առարկայախմբի ուսուցիչները։ Խոսնակներն էին՝Անահիտ Հովհաննիսյանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի ղեկավար, Աստղիկ Կարապետյանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ, Գայանե Մկրտչյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
Հայերենի առարկայախմբի թիմը ներկայացրեց իր հաջողված փորձառությունը, մասնավորապես ավագ դպրոցի ծրագրային հեղինակ Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի դասավանդման պլանավորումը և իրականացումը։
Վեբինարի նպատակն էր ցույց տալ և հիմնավորել առարկայական գիտելիքի, մանկավարժական մեթոդի և տեխնոլոգիական գործիքների համատեղ կիրառության արդյունավետությունը դասավանդման մեջ։
Ստորև կարող եք տեսնել վեբինարի սեղմ նկարագիրը, ինչպես նաև ցուցադրված տեսադասերը, սահիկաշարերն ու գործիքները։
Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի ուսուցմանը «Այբ» ավագ դպրոցում հատկացված է 5 դասաժամ՝ 2+2+1 ժամային բաժանումով։ Դասերի պլանավորմանը կարող եք ծանոթանալ՝ ուսումնասիրելով սահիկաշարը։
Առաջին դասի (2 դասաժամ) թեման է «Հարճը» պոեմի աղբյուրը, կառուցվածքը, պատմական ժամանակաշրջանը և գաղափարական բովանդակությունը։
Այս դասին պատրաստվելու համար ուսուցչին առաջարկում ենք ներքոբերյալ ռեսուրսները, որոնց կիրառմանը կարող եք ծանոթանալ՝ դիտելով վեբինարի ուղիղ հեռարձակումը։
Տեսադասը կրճատում է դասարանում ուսուցչի խոսելու ժամանակը, այդ ժամանակն օգտագործում է աշակերտին խոսեցնելու, նրա ունեցած հարցերին պատասխանելու համար։ Կիրառված ակտիվ ուսումնառության մեթոդները՝ «ԳՈՒՍ», «Մտածի՛ր, գրի՛ր, միացի՛ր, կիսի՛ր», աշակերտին պահում են ներգրավված ողջ դասի ընթացքում։
Երկրորդ դասի (2 դասաժամ) թեման է «Հարճը» պոեմի կերպարները։
Դասն սկսվում է մտագրոհով, որի համար ուսուցիչը կիրառում է Padlet առցանց գործիքը։ Մտագրոհի ժամանակ աշակերտներին տրվում է հնարավորություն ինքնուրույն դատողություններ անելու պոեմի վերնագրի շուրջ։ Մտագրոհի հարցադրումները կարող եք տեսնել սահիկաշարում։
Կերպարների վերլուծության համար կիրառվում է «Կերպարային քարտ» մեթոդը. Մեթոդի ամբողջական նկարագիրը կարող եք տեսնել ստորև, ինչպես նաև դիտել վեբինարի հեռարձակումը։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս կատարելու կերպարների խորքային և հանգամանալից վերլուծություն, զարգացնում է աշակերտների վերլուծական հմտությունները, ինչպես նաև խթանում է հարցադրումներ անելու կարողությունները։
Դասն ավարտվում է ևս մեկ առցանց գործիքի կիրառմամբ՝ «Ելքի քարտ»․ հղումն այստեղ։ Այս գործիքով ուսուցիչը կատարում է ձևավորող գնահատում՝ պարզելու համար, թե մատուցվող նյութը ինչպես և ինչ չափով աշակերտները յուրացրին։ Այն ուսուցչի համար հիմք է նախապատրաստում՝ որոշելու, թե ինչ պետք է անի ինքը՝ աշակերտին առաջ մղելու համար։
Վերջին դասը (1 դասաժամ) տրամադրվում է թեմայի ամփոփմանը։ Ուսուցիչն այնպես է պլանավորում դասը, որ աշակերտներն իրենք են կատարում ամփոփումը։ «Երեք Ի-երի» մեթոդի կիրառմամբ, այն է՝ ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ, աշակերտներն ի մի են բերում նախորդ դասերի յուրացրածը, անդրադառնում են տեքստի բառապաշարին (դեռ առաջին դասին աշակերտներին տրամադրվել է բառարանը), քննում պատկերային համակարգը:
Մեթոդի նկարագրությունը, ինչպես նաև կիրառման ձևը կարող եք տեսնել սահիկաշարում, ինչպես նաև դիտել վեբինարի տեսագրությունը։
Դասի ավարտին ուսուցիչը աշակերտներին առաջարկում է տանը դիտել թեմայի ամփոփմանը նվիրված տեսադասը։ Տրվում է տնային հանձնարարություն (տե'ս սահիկաշարում)։
Որպես օգնություն՝ ուսուցիչներին առաջարկում ենք նաև դիտել տեսաուղեցույցը. այստեղ հանգամանալից ներկայացվում է, թե ուսուցիչն ինչպես կարող է պատրաստել տեսադաս։
Կիսվել