«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը բիոֆիլտրերից բացի իրականացնում է ևս երկու նախագիծ, որոնց արդյունքները առցանց հարթակում ամփոփեցին այբեցի «քիմիկոսները»։
Նախորդ տարի «Կանաչ քիմիա» ակումբն առաջարկել էր օսլայի հումքի վրա կենսաքայքայվող կենսապլաստիկների ստացման եղանակ, որին Մտավոր սեփականության գործակալությունը տվել էր գյուտի արտոնագիր։ Այս տարի թիմն արդեն աշխատում էր ավտոմատացված այնպիսի սարքի մոդելի ստեղծման ուղղությամբ, որը լաբորատոր պայմաններում կապահովեր հեղուկ հումքից կենսաքայքայվող կենսապլաստիկի թաղանթի ստացում:
Առաջնային խնդիրներից մեկը հեղուկ հումքից ստացվող կենսաքայքայվող կենսապլաստիկի չորացման մեթոդը հասկանալն էր: Չորացման բազմաթիվ եղանակներ փորձարկելուց հետո աշակերտներն այցելեցին «Արև» գիտարտադրական ձեռնարկություն՝ շարունակելու անհրաժեշտ աշխատանքները:
Համաճարակային իրավիճակի պատճառով լաբորատորիայում իրականացվող աշխատանքները դադարեցին, սակայն դա չխանգարեց թիմին՝ նախագծելու անհրաժեշտ սարքի թվայնացված եռաչափ մոդելը: Առաջիկայում նախատեսվում է ավարտին հասցնել անհրաժեշտ բոլոր ծախսերի հաշվարկները, ապա իրականացնել գործարանի գաղափարը և գործարանն աշխատեցնել արդյունաբերական ծավալներով:
Ակումբի մյուս նախագիծն անմիջական առնչություն ունի վիրտուալ իրականության հետ: VR Lab թիմը նպատակ ունի ստեղծելու քիմիական ուսուցողական փորձերի նորարարական ծրագրով համալրված VR ակնոցներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան ճշգրիտ փորձեր կատարել` առանց համապատասխան նյութերի և սարքավորումների առկայության։ Գաղափարի իրագործումը կլուծի Հայաստանի շատ դպրոցներում լաբորատորիաների բացակայության և գործնական դասեր իրականացնելու անհնարինության կարևոր խնդիրը:
Նախագծի շրջանակում աշակերտներն իրականացրել են առցանց հարցումներ՝ արտադրանքի ցանկալիությունը և արդյունավետությունը պարզելու, ինչպես նաև հարցազրույցներ՝ խնդիրը խորությամբ ուսումնասիրելու և հետագա քայլաշարը մշակելու համար:
VR ակնոցի գաղափարը ներկայացվել է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթին, և VR Lab թիմը, ընդգրկվելով լավագույն 5 թիմերի շարքում, ստացել է դրամաշնորհ՝ 1000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարը կօգտագործվի նախատեսված արտադրանքի նախատիպը ստեղծելու համար: Գաղափարի զարգացման այս փուլում թիմի անդամները նախատեսում են խորհրդատվական հանդիպումներ անցկացնել ծրագրավորողների, կիրառական մաթեմատիկայի մասնագետների հետ, ինչից հետո էլ կսկսեն աշխատել բուն նախատիպի ստեղծման վրա:
«Կանաչ քիմիա» ակումբում աշակերտները կատարելագործեցին իրենց հետազոտական և վերլուծական հմտությունները, կարողացան գնահատել արդյունավետ և համակարգված թիմային աշխատանքի կարևորությունը: Նախագծերն իրականացնելու ընթացքում ակումբի անդամները սովորում էին ճիշտ կառավարել իրենց ժամանակը, նպատակային օգտագործել ռեսուրսները և այդ ամենի հետ մեկտեղ ցուցաբերել ստեղծարար մոտեցում՝ առաջացող խնդիրների լուծման համար:
Սաթեն Հարությունյան, «Կանաչ քիմիա» ակումբ,
կենսապլաստիկների և VR ակնոցի նախագծեր
Կիսվել