Այբեցի ուրաբանիստները ամփոփեցին նախագծային աշխատանքը

Նախագծային ուսումնառության «Ուրբանիստ» ակումբը ներկայացրեց դպրոցի Գ մասնաշենքի հարակից տարածքի պլանավորման մոդելը։

Ակումբի ղեկավար Աստղիկ Գրիգորյանը տարվա ընթացքում կազմակերպել է հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։ Այս հանդիպումների ժամանակ աշակերտները կատարել են չափագրումներ դպրոցի տարածքում։ Ակումբի մասնակիցներ Հասմիկ Սահակյանը և Էլեն Հայրապետյանը ճարտարագետ-նախագծող Դավիթ Սիրունյանի օգնությամբ սովորել են Revit ծրագիր և կազմել չափագրված տարածքի պլանավորման համակարգչային մոդելը։ Տարածքի պլանավորված փոփոխությունները առավել հստակ պատկերացնելու համար խումբը ստեղծել է նաև տարածքի սխեմատիկ մակետ, որը ներկայացնում է տարածքի նախատեսվող գոտևորումը և առաջարկվող ճարտարապետական միջամտությունները։

Ակումբի հիմնական գործունեությունն ուղղված է «Ուսուցանող այգի» նախագծի մշակմանը։ Դպրոցն արդեն պատրաստել է այգետարածքները , որտեղ աշակերտները սեպտեմբերից կարող են զբաղվել այգեգործությամբ և ձեռք բերել մի շարք նոր հմտություններ ու գիտելիքներ։

Այգետարածքների երկայնքով նախատեսված ճանապարհը կմիանա դպրոցի տարածքում առկա հիմնական ճանապարհներին, իսկ «Ֆաբլաբ»-ի կողքին կտեղադրվի այգետնակ, որտեղ կպահվեն այգեգործական հիմնական իրերն ու պարագաները։ Այգետնակը պլանավորվում է պատրաստել «ֆաբլաբ»-ի ոճով, որպեսզի այն ներդաշնակ լինի տարածքում առկա այլ շինությունների հետ և միաժամանակ հնարավոր լինի վերաօգտագործել այլ նպատակներով, իսկ անհրաժեշտության դեպքում հեշտ լինի տեղափոխել։

Ճարտարապետ Դավիթ Մուսայելյանն ակումբին առաջարկել է իր հեղինակած բացօթյա կինոթատրոնի նախագիծը, որը կրկին պլանավորվում է իրագործել Գ մասնաշենքի հարակից տարածքում։

«Ֆաբլաբ»-ի հետևամասում պլանավորվում է կազմակերպել խաղային տարածք, որտեղ կտեղադրվի մեր ակումբի աշակերտ Հասմիկ Սահակյանի հեղինակային առաջարկով պլաանավորված եռակողմ խաղային եռանկյունի տաղավար։ Այստեղ աշակերտները կուսումնասիրեն գիտության հետ առնչվող թեմաներ, կխաղան շախմատ, հնարավորության դեպքում կանցկացնեն նաև դասընթացներ։

Դպրոցի տարածքում գտնվող կոճղին ակումբը որոշել էր տալ նոր կյանք և դարձնել բացօթյա գրադարան, սակայն գարնանը կոճղը բողբոջեց և ակումբը փոխեց կոճղի հետ կապված պլանները` առաջարկելով տեղադրել միայն հայտարարությունների տախտակ և թռչնի բույներ։

Ակումբի անդամները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և հմտություններ քաղաքային տարածքների պլանավորման և զարգացման, քաղաքային գյուղատնտեսության, ուրբանիստիկայի ոլորտներից և սովորեցին աշխատել թիմով՝ համախմբվելով մեկ նպատակի շուրջ։

էլեն Հայրապետյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>