Զրույցներ տեր Մեսրոպի հետ․ բարու և չարի սահմանագծում

12-րդ դասարանցի Քսենյա Մուրադյանը գրի է առել ավագ դպրոցի աշակերտների հետ տեր Մեսրոպի հերթական հանդիպման ընթացքում հնչած մտքերը։ Այս անգամ զրույցը բարիքի մասին էր։ Տեր հայրը հորդորեց կարդալ Ք. Ս. Լյուիսի «Պարզապես քրիստոնեություն» աշխատությունից «Բարին և Չարը որպես տիեզերքի իմաստի բանալի» հատվածը (ներբեռնել

Բարիքը՝ որպես գերագույն արժեք

Բարիքները լինում են նյութական և ոչ նյութական: Նյութական բարիքները կարող են լինել տարբեր տեսակի իրեր, որոնք օգտակար են մեր կյանքում, օրինակ՝ փողը: Փողի մեջ դրված է հանրային վստահություն, որն առաջանում է հավատի արդյունքում: Հենց խաթարվում են բարոյականությունն ու սնուցվող հավատն ու վստահությունը, փողը սկսում է արժեզրկվել: Այսինքն՝ նյութական բարիքների արժեզրկումը տեղի է ունենում պետության նկատմամբ հավատի խախտման դեպքում, ու այն խորապես կախված է մեր բարոյականությունից ու մեր հավատից: Բայց անշուշտ, հոգևոր բարիքների գիտակցություն ունեցող մարդը Աստծուց օժտված մարդ է: Եթե հոգիդ կորցրիր, բայց նյութապես շահեցիր, դրանից ի՞նչ օգուտ: Արիստոտելը ասում է, որ ամենատգետ ու չզարգացած մարդիկ կյանքի էությունից հեռու մարդիկ են, որ բարիքը շփոթում են սեփական հաճույքների հետ և համարում, որ բարիքն այն ամենն է, ինչ հաճույք է պատճառում: Իսկ այսօրվա աշխարհը ձեզ նետում է սահմանային կախվածության մեջ այդ հաճույքներից և ձեր իսկ դժբախտության վրա շահույթ ստանալու՝ ձեզ պարբերաբար կախվածության մեջ գցելով ձեր հաճույքներից: Ըստ Արիստոտելի՝ ամենաբարդ բարիքը կամ մարդկային արժեքները հայեցողական և փիլիսոփայական ճշմարտություններն են:

Բնության օրենքը

Մարդկային բնությունը մի հիմնարար օրենք ունի, որը չի բխում մարդկանց պայմանավորվածություններից ու հասարակական կարծիքից, և հակառակը. այդ ամենն է բխում բնության օրենքից: Մեզանից յուրաքանչյուրը հղում է կատարում իր համար չգրված մի ճշմարտության: Դա որևէ կերպ մարդկային բնազդներից չի բխում: Եթե պարզապես բնազդային լինի, դու դրա լուծումը, պատասխանը չես կարող տալ: Օրինակ, երբ մեկը խեղդվում է, քո միջի հավաքական բնազդը ասում է, որ պիտի օգնես, իսկ մեկ այլ բնազդ հուշում է, որ եթե ջուրը նետվես, դու էլ ես խեղդվելու: Ի՞նչ անել: Ու կա մի օրենք, որը քեզ մղում է դեպի բնական օրենք՝ հերոսությունների ու հերոսական քայլերի:

Դուք այն տարիքում եք, երբ ձեր մեջ առաջանում են կարևոր ու բարդ հարցեր: Ինչո՞ւ եմ ես ապրում, ի՞նչ է կյանքը և այլն: Եվ եթե այս տարիքում այդ պատասխանները չեք գտնում, դրանք առաջացնում են հոգևոր բարդույթներ: Դուք բավականին բարդույթավորված մտնելու եք կյանք ու ժամանակ չեք գտնելու այդ հարցերի պատասխանները գտնել ուղեկցող հազար ու մի պարտականություններին զուգահեռ և պարտականությունների արդյունքում: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը ամենակարևոր հարցերի պատասխանները գտնի իր ներսում ու իր համար հենց այս տարիքում:

Խիղճն ու մարդկային որոշումները

Խիղճը Աստծո ներկայությունն է մարդու մեջ: Իսկ ինչպե՞ս է կոչվում չարը բարուց զանազանելու այդ հատկությունը: Խոհեմությունն է: Շատ հաճախ մարդիկ այդ բառի իրական իմաստը չեն հասկանում: Բայց իրականում դա մտքի վեհագույն կարողություն է, որի շնորհիվ մարդը կարողանում է բարին տարբերակել չարից: Ամեն պահի մենք կանգնած ենք որոշում կատարելու առջև։ Կատարել անգամ ամենապարզ որոշումը լրջագույն խնդիր է: Եթե դուք հավակնում եք որևէ լուրջ աշխատանքի, ձեզնից պահանջվելու է որոշումներ կայացնել, ոչ թե կատարել: Որոշում կայացնելու համար պիտի ունենաս բարոյական հատկանիշներ, խիղճ, բավականաչափ ճանաչում: Խոսքը բնականաբար ճիշտ որոշումներ կայացնելու մասին է, իսկ դա արվեստ է: Հիշե՛ք միշտ. կրթությունը լավ է, քանի դեռ ձեր մեջ ներարկում է որոշում կայացնելու կարողություն:

Կատարյալ պետությունը՝ մեծագույն փիլիսոփաների աշխատություններում

Կատարյալ պետության կառուցում. եթե սահմանենք այդ պետությունն ու հասկանանք, որ դա այն պետությունն է, որտեղ ուզում ենք ապրել, կկարողանանք սահմանել այն մարդուն, որը պիտի ապրի այդ պետության մեջ: Եթե դու չես հստակեցրել քո ապագան, ոչ մի լույս չի կարող վառվել քո կյանքում: Անցյալը դառնում է հիվանդագին կառչածություն, ներկան իմաստազրկվում է: Իրար հետ առաջ գնալու համար պիտի հասկանանք՝ ուր ենք գնում, որովհետեւ մի օր կարող է պարզվել, որ մենք նստած ենք նավի վրա, որը փոթորկի դեպքում կխորտակվի, քանի որ ոչ ոք նավի վրա չի իմանա նավի ուղղությունը:

Բարիքի բնույթը բարձրագույնն է, այն վեր է բնության ճանաչողության սահմաններից, բայց բարիքի մասին մենք կարող ենք խոսել, դատողություններ անել ըստ մեր կյանքում այդ երևույթի փոխազդեցությունների և էության:

Խոսքս կամփոփեմ Սոկրատեսի խոսքով. «Չէ՞ որ դու գիտես, որ, ըստ շատերի, բարիքը վայելքն է, իսկ ավելի նուրբ հոգիների համար՝ ըմբռնումը»:

Քսենյա Մուրադյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>