Հրավիրյալ բանախոսներ, աշխատարաններ ու վարպետաց դասեր, փորձի փոխանակում և հետաքրքիր գործնական աշխատանք տեղում. կայացավ «Այբ»-ի ուսուցչական 5-րդ համաժողովը։
Արտադպրոցական միջավայրում՝ Աղվերանում, «Այբ»-ի ուսուցիչները հավաքվել էին կիսելու տարբեր թեմատիկ աշխատարաններից ու աշխատանքից կուտակած փորձը, միմյանց պատմելու դասավանդման նոր մոտեցումների մասին։
Համաժողովին նախորդեց հանդիպում-քննարկում հոգեբուժության և ոչ բռնի հաղորդակցման անվանի մասնագետ, պրոֆեսիոնալ ուղղորդ (քոուչ) Եղիա Չափարյանի հետ։ Նա ուսուցիչների հետ խոսեց անձնակենտրոն մոտեցման և կրթության մեջ ոչ բռնի հաղորդակցման կիրառման սկզբունքների մասին: Թեման տեղ-տեղ աշխույժ արձագանք առաջացրեց։
Առցանց բանախոսություն կարդաց մշտարթունության (mindfulness) հրահանգիչ Չարբել Նասերը։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մտքի և մարմնի հանգստության տեխնիկայի դասերը կարող են նվազեցնել ստրեսի բացասական հետևանքները և մեծացնել ուսումնառության մեջ աշակերտների ներգրավվածությունը պահպանելու ունակությունը՝ օգնելով նրանց մնալու ուսումնական ուղու վրա և խուսափելու վարքի խնդիրներից:
Համաժողովը ողջույնի խոսքով բացեց Տ. Մեսրոպ քահանա Արամյանը։ «Հույզերի կառավարում» թեմայով աշխատարան վարեցին կենսաբանության ուսուցիչ Զարուհի Կարաբեկյանը և դպրոցի ավագ հոգեբան Սոլանժ Թամամյանը, դասարանում հետևողականության մեծացման և կառավարման մասին պատմեցին ուսուցիչներ Կիմա Վանեսքեհյանը և Գոհար Հարությունյանը։ «Լսել ընկալելով ու ապրումակցելով» խորագրով աշխատարանը վարեցին ուսուցիչներ Կարմեն Ղազարյանը և Լիլիթ Պետրոսյանը։
5-րդ այբական ուսուցչական համաժողովին մասնակցում էին նաև «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակիցներ և Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսուցիչներ։
Կիսվել