8 x սերունդ = սերնդեսերունդ․ «Այբ»-ի շրջանավարտների ակումբ

Սկսվել է «Այբ»-ի շրջանավարտների ակումբի ձևավորման գործընթացը, որի համակարգողն է 2014 թ. շրջանավարտ–մենտոր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Արիս Բերբերյանը։ «Այբ»-ի շրջանավարտների ակումբի առաքելությունն է՝ փոխանցել սերունդներին դպրոցում ստացած ուսման փորձն ու արժեքները, դառնալ օրինակ կրտսեր սերունդների համար և միավորել «Այբ» ավագ դպրոցի բոլոր շրջանավարտներին մեկ ակումբում` դարձնելով «Այբ» համայնքն առավել միասնական, համախմբված ու հզոր կառույց:

Առաջին քայլը «Այբ»-ի բոլոր սերունդներին մեկ հարկի տակ միավորելն էր հավաքույթով և ծանոթություններն ու կապերը վերականգնելը։

***

«Այբ» դպրոցն արդեն ունի 8 հրաշալի սերունդ և մոտ 370 շրջանավարտ։ Ավարտելով դպրոցական ուսումը՝ այբեցիները մուտք են գործել նոր կյանք: Ոմանք ավարտել են համալսարանական ուսումը, ունեն մասնագիտություններ, աշխատում են, ոմանք էլ դեռ ուսանողներ են և փորձում են կերտել իրենց ճանապարհը։

Շրջանավարտ այբեցիները գիտեն՝ «Այբ»-ի կարևոր գաղափարներից մեկն է համայնքը։ 8 սերունդ անցել է «Այբ»-ի ջերմ տանիքի տակով, և եկել էր ժամանակը բոլոր շրջանավարտներին հավաքելու մեծ ու է՛լ ավելի ջերմ տանիքի տակ։ Պահպանելով այբական ավանդույթները՝ 2013-2020 թթ․ շրջանավարտները հավաքվել էին իրար հետ ծանոթանալու, սերունդների միջև կապն ամրապնդելու և, իհարկե, այբական գաղափարների շուրջ համախմբվելու։

Զարմանալիորեն շատ շրջանավարտներից կարելի էր լսել, որ ծանոթ դեմքերն այդքան էլ շատ չեն, սակայն բոլորը հարազատ են թվում, քանի որ բոլորն այբեցի են։

Հավաքույթի կարևորագույն նպատակն էր թերևս «Այբ»-ի շրջանավարտների ակումբի կազմավորումը, քանի որ շրջանավարտները կարևոր և արդեն շատ մեծ օղակ են կազմում։ Նախ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ և շրջանավարտների ներկայացուցիչ Արիս Բերբերյանը ներկայացրեց շրջանավարտների ակումբի վերակազմավորման ընթացքն ու հետագա քայլերը։ Երեկոյի անակնկալն էլ այն էր, որ շրջանավարտները հենց տեղում կարող էին անդամակցել ակումբին։ «Այբ» դպրոցի տարբեր սերունդների 60 շրջանավարտներ անդամագրվեցին՝ ընդլայնելով ակումբի օղակը։

Դե իսկ կուտակված կարոտը մարեցին հյուրասիրությունը, ակտիվ բեմահարթակը, խոհանոցում միասին պիցցա պատրաստելն ու, իհարկե, այբական խորհրդանշական կախազարդերը։

Գոհարիկ Ադամյան,

2020 թ․-ի շրջանավարտ,

8-րդ սերունդ

Կիսվել

Tag News Tag Blog

Tweets by AybSchool
>