Քարտեզագիր Ռուբեն Գալչյանն առցանց հյուրընկալվեց «Այբ»-ում

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ առցանց հանդիպում իրանահայ քարտեզագիր և աշխարհագրագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի հետ։

Քարտեզներն արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի մարդկանց պատկերացումներն ու գիտելիքները մոլորակի ու դրա աշխարհաքաղաքական բաժանման մասին։ Հենց այս գաղափարն էր Ռուբեն Գալչյանի հետ հանդիպման առանցքում․ քարտեզագիրն աշակերտների հետ միասին հետահայաց քննարկեց անցյալի էջերը՝ Հայաստանի հազարամյա պատմության ապացույցները գտնելով հնագույն աշխարհացույցներում, տարբեր ժողովուրդների քարտեզներում և գլոբուսներում՝ Ք․ա․ 600 թ․ բաբելոնյան սալիկ–քարտեզից և Հերոդոտոսի, Ստրաբոնի աշխարհացույցներից մինչև մեր օրեր։ Ռուբեն Գալչյանի խոսքով՝ աշխարհի ամենահին աշխարհացույցում Հայաստանի առկայությունն է, որ առաջին պատասխանը պետք է լինի Հայաստանի ու հայ ժողովրդի հնագույն լինելուն վերաբերող հարցերին։ Գալչյանը հատկապես մեծ շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, որ հնագույն քարտեզներում հիշատակված պետություններից գրեթե ոչ մեկն այսօր գոյություն չունի, և Հայաստանն այն եզակի երկրներից է, որ շարունակում է իր գոյությունը՝ դիմակայելով ցանկացած մարտահրավերների և ոտնձգությունների։

Պարոն Գալչյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի՝ իբր ավելի քան 3000–ամյա պատմություն ունենալու պնդմանը՝ գնալով աշխարհացույցների հետքերով ու բացահայտելով, որ Ադրբեջանը միայն 1918 թ․ ի վեր է երևան գալիս քարտեզներում որպես առանձին պետություն։ Հանդիպման ժամանակ Գալչյանը ներկայացրեց այն հանգամանքները, որոնք հիմք են ծառայում ադրբեջանցիների համար՝ իրենց թուրք համարելու, միաժամանակ խոսեց այն պատմական դրվագների մասին, որոնք ադրբեջանցիները հիշատակում են իրենց մտացածին հազարամյա պատմության մասին խոսելիս։ Աշակերտները և ուսուցիչները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղելու Ռուբեն Գալչյանին։

Լանա Մելիքյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>