«Որտեղից է սկսվել անիմացիան»․ հանդիպում անիմատոր Միխայիլ Տումելյայի հետ

«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք բելառուս ռեժիսոր-անիմատոր Միխայիլ Տումելյային։ Առցանց ձևաչափով անցկացված հանդիպման խորագիրն էր ՝ «Որտեղից է սկսվել անիմացիան»։ Ռեժիսորը պատմեց անիմացիայի ստեղծման պատմությունը՝ սահիկաշարի և հատուկ գործիքների օգնությամբ թեման ավելի հետաքրքիր դարձնելով, իսկ հանդիպման վերջում պատասխանեց աշակերտներին հուզող բոլոր հարցերին։

Այն հարցին, թե ինչպես է առաջացել անիմացիան և ինչ վաղեմություն ունի , մուլտիպլիկատորը պատասխանեց հետևյալ կերպ․ «Անիմացիայի պատմությունը գալիս է դեռևս քարե դարից։ Այդ ժամանակաշրջանից մեզ են հասել բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք փաստում են այն մասին, որ մարդիկ դեռ նախնադարում փորձել են քարի վրա փորագրել շարժում ցույց տվող նկարներ։ Շարժման երևույթը ստանալու վաղ փորձերի օրինակները կարող ենք գտնել քարանձավային նկարների վրա, որտեղ կենդանիները հաճախ պատկերված էին բազմաթիվ ոտքերով։ Այդ նկարները հստակ փորձում են փոխանցել շարժման զգացումը, և հենց այդտեղից էլ առաջացել է անիմացիա (animation) բառը (լատիներեն՝ animātiō «կենդանություն պարգևող գործողություն»՝ animō՝ «կենդանացնել» կամ «կյանք տալ», և ātiō՝ «գործողություն», բառերի ձուլումից)»։

Ոլորտով հետաքրքրվողների համար կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ ցանկացած աշխատանք մեծ ջանքեր և աշխատասիրություն է պահանջում, իսկ լավ ռեժիսոր-մուլտիպլիկատոր դառնալու համար անհրաժեշտ են կամքի ուժ, համբերատարություն ու մանրակրկիտ աշխատանք։

Աշակերտների և մասնագետի երկխոսությունը բավականին լավ ստացվեց՝ չնայած նրան, որ հանդիպումն առցանց էր։ Ոչ մի հարց անպատասխան չմնաց, և աշակերտները կարողացան ոլորտի վերաբերյալ մնայուն ու հետաքրքիր գիտելիքներ ստանալ։

Հանդիպումը հիանալի հնարավորություն էր ոչ միայն նրանց համար, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են մասնագիտանալ այդ ոլորտում, այլև նրանց, ովքեր սիրում են դիտել մուլտֆիլմեր կամ էլ երբևէ ցանկացել են իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև «Այբ» դպրոցի և «Ռոլան» մանկապատանեկան փառատոնի 4-ամյա համագործակցության մասին։ «Այբ» դպրոցի աշակերտները ներկայացրել են իրենց ստեղծած կարճամետրաժ ֆիլմերը փառատոնում 2 տարի շարունակ, որից հետո ներառվել են ժյուրիի կազմում։

Անահիտ Աբգարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>