«Իմա և արա»․ հենց այս նշանաբանում էլ ամփոփված է «Այբ» դպրոցի կրթական փիլիսոփայությունը․ արարում՝ հիմնված իմացական գիտելիքների վրա, և ճանաչողություն՝ իրագործման հենքով։ Այս գաղափարի ամենաշոշափելի և վառ օրինակներից է 2015 թ․ «Այբ» ավագ դպրոցում ներդրված նորարական կրթական մոդելը՝ նախագծային ուսումնառությունը (project-based learning)։ Պատասխանատվության մեծացման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի, նախաձեռնողականության ու մի շարք այլ հմտությունների զարգացումը «Այբ»–ում չի սահմանափակվում միայն դասարանային, տեսական կրթությամբ. աշակերտները «սովորում են անելով»։ Իսկ թե ինչ անել՝ ընտրում են աշակերտները՝ միանալով թեմատիկ ակումբներից որևէ մեկին, որում մշակվելու և իրագործվելու են համայնքային նշանակություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր։
Այս տարի աշակերտներին ներկայացվեցին 10 նախագծային ակումբներ, որոնցից երեքը՝ նորաստեղծ։ Ներկայացման ընթացքում ակումբների ղեկավարները խոսեցին մինչև այժմ կատարված աշխատանքների, ակումբների առաքելության, նպատակների և գործունեության մասին։
Ծրագրավորման ակումբ։ Այս ակումբում աշակերտները ոչ միայն սովորում են ծրագրավորման հիմունքները, այլև մշակում ու նախագծում սեփական ստարտափներն ու գաղափարները։ Նախորդ տարվա վերջնարդյունքը հավելվածի ստեղծումն էր, որ հնարավորություն է տալու մի շարք պետական կառույցների (քաղաքապետարան, համայնքապետարան) թվայնացնելու սեփական տրանսպորտային ցանցը։ Այս հավելվածի օգնությամբ քաղաքացիները տեղեկություն են ստանալու տրանսպորտային միջոցների ժամանման և մոտակա կանգառների մասին։
Ֆիլմարտադրության ակումբ։ Հայկական մշակույթ և ֆիլմարտադրություն․ ակումբը կգրավի բոլոր այն աշակերտներին, որոնք այս երկու ոլորտների խաչմերուկում են կանգնած։ Ակումբի հիմնական նպատակը հայկական մշակույթի որևէ ճյուղի ներկայացումն ու հանրաճանաչումն է ֆիլմի միջոցով։ Նախագծի ընթացքում աշակերտները հանդիպելու են մի շարք մասնագետների հետ և մասնակցելու ֆիլմարտադրության ողջ ընթացքին։
Արվեստանոց։ Ալբոմների շապիկների ստեղծում հայկական ռոք խմբերի համար, պոեզիայի տեսողական արտածում կամ էլ երևանյան անհայտ քանդակների հանրաճանաչում․ ահա «Արվեստանոց» ակումբի աշխատանքներից մի քանիսը։ Այս ակումբում է, որ հատվում են աշակերտների սերն արվեստի հանդեպ և սոցիալական խնդիրների լուծման հեռանկարը։
Տեխնոշարժ։ Այս ակումբում թվային տեխնոլոգիաներն ու ծրագրավորումը տեղայնացվում են իրական կյանքում ու դրանց վեկտորն ուղղում համայնքային խնդիրների լուծմանը։ Զուգահեռ ուսումնասիրվելու են QR կոդերի մշակումը, ֆոնդահայթայթումը և շատ ավելին։
Ինժեներական ակումբ։ Էլեկտրոնիկան, ինժեներիան և ծրագրավորումն ընդհանուր հայտարարի են գալիս ինժեներական ակումբում։ Նախորդ տարվա հրթիռային սարքի մշակումն ու մրցութային խնդրի իրականացումն աշակերտները կշարունակեն նաև այս ուսումնական տարվա ընթացքում։ Սրան զուգահեռ կմշակվեն ու կիրականացվեն նաև նոր նախագծեր։ Հիմնական նպատակը նորարարական տեխնոլոգիաների միջոցով արդի սոցիալական խնդիրների համար լուծումներ գտնելն է։
Այբպրես (AybPress)։ Ակումբն այս տարի է սկսելու գործունեությունը։ «Այբպրես» նախագծի հիմնական նպատակն «Այբ» դպրոցի համապարփակ ներկայացումն է և այդ փորձի համադրումը միջազգային փորձի հետ։ Հետազոտությունների իրականացում, տեղեկույթի հավաքում և դրա արտածում թերթի, ցուցահանդեսի կամ էլ վավերագրական ֆիլմի միջոցով. ահա այն ուղին, որը սպասում է աշակերտներին։
F8: Այստեղ լուսանկարչական սարքը վերածվում է համայնքային խնդիրների լուծման ամենարդյունավետ գործիքի։ Հիմնական նպատակը սոցիալական խնդիրների լուսաբանումն ու ճանաչումն է՝ ֆոտոնախագծերի, ցուցահանդեսների, ֆոտոպատմությունների միջոցով՝ զուգահեռաբար իրականացնելով հանդիպումներ լուսանկարիչների և համայնքի անդամների հետ։
Ռոքեստր։ Համերգներ, տեսական նյութի ուսումնասիրում, հետազոտություններ և անգամ լռության հնչյունների ուսումնասիրում։ «Ռոքեստր» ակումբի հիմնական նպատակը հանրության շրջանում ոչ այնքան կարևոր, սակայն հիմնաքարային խնդիրների մասին բացահայտելն է, բարձրաձայնելն ու դրանք լուսաբանելը։
Մեդիագիտակների ակումբ։ Ժամանակակից աշխարհի կարևոր մարտահրավերներից են նյութերի հեղեղն ու դրանում կողմնորոշվելու խնդիրը, որին բոլորս էլ առերեսվում ենք։ Տեղեկույթի հորձանուտում ճիշտ կողմնորոշվելու համար մեդիագիտակների ակումբը փորձելու է գտնել հարցազրույց պատրաստելու, լրատվական էթիկայի, ԶԼՄ–ների անցած ճանապարհի, լրագրության ժանրերի և շատ այլ հարցերի պատասխաններ։
Ուրբանիստ։ Ակումբի աշակերտները խնդիրների լուծման ու կայուն ապագայի զարգացման միտումով նայելու են քաղաքին ու դրա շինություններին նորովի։ Ակումբը պատրաստվում է աշխատել երկու ուղղությամբ՝ որակազրկված քաղաքային տարածքների բարելավում՝ դրանց նոր իմաստ ու նշանակություն հաղորդելով, և լքված արդյունաբերական տարածքների վերափոխում գյուղատնտեսականի։ Նպատակին հասնելու համար աշակերտներն իրականացնելու են դիտարկումներ, հետազոտություններ, ուսումնասիրելու ուրբանիզմի հիմունքները և տեսողականացնելու նախագծերը։
Միջակումբային կապերի ստեղծումն ու ամրապնդումը լավագույն վերջնարդյունքների գրավականն են։ Նախագծային ակումբները յուրահատուկ բանալի են, որի շնորհիվ աշակերտները ոչ միայն իրենց ուժերը ներդնելու են համայնքային խնդիրների լուծման մեջ, այլև բացահայտելու և զարգացնելու են իրենց հմտություններն ու արարելու են արդեն դպրոցական տարիքից։
Ակումբների վերջնական ձևավորման համար անհրաժեշտ է բավարար քանակով աշակերտների ներգրավում յուրաքանչյուր ակումբում։
Լանա Մելիքյան, 11-րդ դասարան
Կիսվել