2021-2022 Նախագծային ակումբների գաղափարների ներկայացում

Առցանց տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության 2021-2022 ուսումնական տարվա ակումբների գաղափարների ներկայացումը։ 11 ակումբները ներկայացրին իրենց նախագծային գաղափարները, որոնք անդրադառնում են կարևոր խնդիրների և առաջարկում յուրօրինակ լուծումներ։ Միջոցառումը վարեց «Այբ» դպրոցի շրջանավարտ Նորայր Զորյանը։

Առաջինը հանդես եկան «Վավերագրական թատրոն» ակումբի ներկայացուցիչները։ Վերջիններս քննարկեցին այն ցավալի փաստը, որ մեր օրերում հասարակության մեջ գրեթե բացակայում է հարգանքը։ Խնդրին լուծում տալու համար նրանք առաջարկեցին կազմակերպել ներկայացումներ, միջոցառումներ, որոնք պիտի 3 անգամ աշակերտները խաղան Երևանում և մեկական անգամ Գյումրիում ու Վանաձորում։ Նպատակն է՝ ներկայացնել հարգանքի կարևորությունը և քննարկել դրա բացակայության պատճառով առաջացած վատ հետևանքները։ Այսինքն՝ փորձել լուծել մեր ժամանակներում հասարակական ճգնաժամից դուրս գալու խնդիրը, որի հիմնական պատճառը հարգանքի պակասն է։

Հաջորդը ելույթ ունեցավ ինժեներական ակումբը։ 2021-2022 ուստարվա համար նրանք նախատեսում են մշակել և պատրաստել փոքր բեռների տեղափոխման համար ինքնավար նավակ։ Նավի անունը դեռ որոշված չէ։ Դիտարկելով ձկնորսների օրինակը՝ ակումբի ներկայացուցիչները բացատրեցին, որ գտել են այդ երկարատև և ժամանակի կորուստով աշխատանքի այլընտրական լուծում, որը հենց այս փոքրիկ ռադիոկառավարվող նավակն է։ Առաջարկվող լուծումը կարող է լայն կիրառություն գտնել ինչպես ձկնորսների, այնպես էլ փրկարարների և այլ կառույցների աշխատանքում։ Վերջիններս պիտի նավակին հայտնեն իրենց գտնվելու վայրի տվյալները, նավակի մոտենալուց հետո տեղադրեն իրենց բեռը, ապա նավակին հայտնեն նոր կոորդինատները, թե ուր պետք է այն շարժվի։

Արդեն 5-րդ տարին է, ինչ գործում է ֆիլմարտադրության ակումբը, որն այս տարի ևս նոր գաղափարներով հանդես եկավ։ Տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել մի քանի նախագիծ։ Առաջին նախագիծն արդեն ընթացքի մեջ է. այն նախատեսում է ստեղծել շրջանավարտ, հերոս Լևոն Հովսեփյանի մասին պատմող ֆիլմ, որի սցենարական աշխատանքները վերջնականացման փուլում են, և շուտով կսկսվի մոնտաժը։ Տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 3 հիմնական նախագիծ՝ 2-ը ֆիլմի տեսքով (12-15 րոպե տևողությամբ) և մեկը՝ տեսաշարերի (13 հատ՝ 30-60 վրկ տևողությամբ)։ Ֆիլմերից մեկը կպատմի հայկական տարազի, նրա հայտնի և անհայտ կողմերի, տեղային առանձնահատկությունների, ինչպես նաև զարդերի և աքսեսուարների մասին։ Երկրորդ նախագիծը կներկայացնի արծաթի առանձնահատկությունները՝ նշելով նրա կիրառումը զարդերում, դրամում և կենցաղային իրերում։ Եվ երրորդ նախագծով ակումբի ներկայացուցիչները կնկարահանեն մշակութային տեսաշար թանգարաններում այն բացառիկ ցուցանմուշների մասին, որոնց հասարակությունը ծանոթ չէ։

Իր 2 նախագծերի մասին ներկայացրեց «Արվեստանոցը», որ գործում է արդեն 7 տարի անընդմեջ։ Քանի որ «Արվեստանոցն» իր բոլոր նախագծերը կապում էր արվեստի տարբեր ճյուղերի հետ, այս տարին նույնպես բացառություն չեղավ։ Առաջին նախագծի նպատակն է պաստառների միջոցով ցույց տալ ֆիլմարտադրության մշակույթն ամբողջացնող, սակայն անտարբերության մատնված ֆիլմերը։ Որպես երկրորդ նախագիծ՝ ներկայացվեց «Արժեպատում»-ը, որի նպատակն էր կոմիքսների միջոցով հայ հասարակությանը ներկայացնել «Այբ» դպրոցի 8 սկզբունքները, որպեսզի այս 8 կարևորագույն մարդկային հատկանիշների մասին իմանա ողջ հասարակությունը և ոչ թե միայն «Այբ» համայնքը։

Այս տարի ձևավորված փոդքաստինգի ակումբը որոշել է ներկայացնել 2 նախագիծ։ Առաջին նախագծով նախատեսվում է ստեղծել փոսքաստային հաղորդաշար դեռահասների հոգեբանական խնդիրների և դրանց լուծումների մասին։ Բոլոր օրինակները և բարձրաձայնված խնդիրները պիտի լինեն իրական դեպքերի վրա հիմնված, որպեսզի ապահովվեն փոդքաստների ճշտությունն ու փաստականությունը։ Երկրորդ նախագծի անունն է «Ես ուզում եմ դառնալ», որը կներկայացնի մասնագիտական ճիշտ ընտրության ու բուհական ընդունելության քայլերը։ Քանի որ մասնագիտական ընտրությունը բարդ գործընթաց է, առավել ևս այնպիսի աշխարհում, որտեղ մասնագիտությունների արդիականությունն օրեցօր փոխվում է տեխնոլոգիական զարգացումների պատճառով, ուստի այս նախագծի օգնությամբ աշակերտները ավելի հեշտ և ճիշտ կկարողանան կատարել իրենց մասնագիտական ընտրությունը։

Ծրագրավորման ակումբը բարձրացրեց մեր օրերում շատ արդիական և մեծ նշանակություն ունեցող խնդիր։ Այսօր շատ դեպքերում կամավորական աշխատանք կատարելու համար կամավորը չի կարողանում գտնել իր պահանջներին և նախասիրություններին համապատասխան կամավորական աշխատանք։ Կա նաև հակառակ գործընթացը․ կամավորական հասարակական կազմակերպությունները չեն կարողանում գտնել անհրաժեշտ հմտություններով և քանակով կամավորներ իրենց նախագծերն իրականացնելու համար։ Այս խնդիրը լուծելու համար առաջարկվեց երկարաժամկետ լուծում՝ ստեղծել մասնագիտացված գործիքակազմ, որի միջոցով կազմակերպությունները կկարողանան կառավարել նախագծերում ներառված կամավորական մարդկային ռեսուրսը, որի միջոցով կհաստատվի անմիջական կապ կամավորի և կամավորություն առաջարկող կազմակերպության միջև։

Ստվերների ակումբը ևս անդրադարձել էր մի շարք հասարակական և մշակութային խնդիրների, որոնցից էին հանրությանը ծանոթացնել նոր մշակութային տիպարներին, ինչպես նաև խորացնել գիտելիքները սեփական մշակույթի մասին, կրթական նյութը մատուցել հետաքրքիր տարբերակով՝ ստվերների թատրոնով, զարգացնել երեխաների երևակայությունը։ Այս խնդիրներին լուծում տալու համար կազմակերպվելու է շրջիկ թատրոն, որը, շրջելով Հայաստանով մեկ, ցուցադրելու է բազմաթիվ ներկայացումներ։ Այս նախագծի գերագույն նպատակն է Հայաստանում զարգացնել ստվերների թատրոնը, որն այնքան էլ մեծ տարածում չունի։

«Ռոքեստր» ակումբն այս տարի ներկայացավ «Երաժշտաքարտեզ» նախագծով։ Ակումբի մասնակիցները հարցման միջոցով դուրս էին բերել մի մեծ խնդիր, այն է՝ միայն սեփական մշակույթի վրա հիմնվելը բավարար չէ, իսկ հասարակությունում գերակշռող մասը մարդիկ են, որոնց գիտելիքները տարբեր մշակույթների մասին քիչ են կամ էլ բացակայում են։ Ուստի այս տարվա նախագծի շրջանակում նախատեսում են հայերեն և անգլերեն տեսանյութեր, որոնք ներառելու են տարբեր մշակույթների մասին տեղեկություններ ու երգացանկ։ Երգացանկը, բացի տեսանյութերից, ներկայացվելու է նաև համերգ-սեմինարի ձևով։

«Կաքավագիր» ակումբը բարձրաձայնեց հայկական պարերի գրառված տարբերակների բացակայության խնդիրը։ Ակումբի նպատակն է հայկական պարերը գրառել կաքավագրի միջոցով, ինչպես որ գրառվում է երաժշտությունը նոտաների միջոցով։ Այդպես տարվա վերջում յուրաքանչյուր անդամ կունենա նվազագույնը մեկ գրառված պար, որի միջոցով հայկական պարերը մոռացության չեն մատնվի։

«Մեդիագիտակներ» ակումբը բարձրաձայնեց մի կարևոր խնդիր․ ինչպես խուսափել ապատեղեկատվությունից և զարգացնել քննադատական մտածողությունը։ Սրանց համար ակումբի անդամները սահմանել էին նպատակներ, որոնց հասնելով կապահովեին նաև խնդրի լուծումը։ Նախ և առաջ անհրաժեշտ է զարգացնել իրենց կայքէջը։ Ավելի լայն լսարան ձեռք բերելու համար նրանք էջը կթարգմանեն այլ լեզուներով, որոնցից նախնական տարբերակով դիտարկվում են ռուսերենն ու անգլերենը։

Միջոցառման վերջին ակումբն էր լուսանկարչական «F8» ակումբը, որը ներկայացավ «Ինքնանկար» նախագծով։ Նախագծի գաղափարն է տարեցների հետ աշխատելը, որի արդյունքը ֆոտոշարքի ցուցահանդեսն է։ Ակումբը պատրաստվում է այցելել ծերերի, ովքեր բնակվում են խնամքի կենտրոններում կամ մարզային քաղաքներում, շփվել նրանց հետ, մտնել նրանց կյանք՝ փոխելով այն և նոր շունչ մտցնելով, և միաժամանակ սովորեցնել ծերերին, թե ինչպես է անհրաժեշտ որակյալ ինքնանկար անել։ Իսկ նախագծի վերջում այդ բոլոր ինքնանկարները երևալու են «F8» ակումբի լուսանկարչական ցուցահանդեսում։

Այսպիսով՝ «Այբ» դպրոցի բոլոր նախագծային ակումբները ներկայացան իրենց գաղափարներով, որոնք առաջարկվել էին լուծելու տարբեր բնույթի խնդիրներ՝ հասարակական, սոցիալական և այլն։ Իսկ տարվա վերջում նախատեսվում է, որ այս բարձրաձայնված խնդիրները նախագծերի ընթացքում կատարված աշխատանքի ընթացքում կստանան իրենց լուծումը։

Ինա Գրիգորյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>