«Կանաչ ֆիզիկա» ակումբ
Նախագծի ղեկավար` Սլավիկ Ալավերդյան
Նախագիծ` «The Way of the Wind»
Նախագծի շրջանակում ակումբի անդամները մշակելու են քամու փոքր էլեկտրակայան, որը էներգիա կարտադրի ճանապարհին մեքենաների հոսքից առաջացած քամուց: Էլեկտրակայանը կտեղադրվի ճանապարհամերձ հատվածներում և կլուսավորի ճանապարհը: Նախագծի գործունեության ընթացքում կմշակվեն նաև էներգիայի պահեստավորման լուծումներ ռեսուրսների, վերամշակման և վերօգտագործման միջոցով:
«Կանաչ քիմիա» ակումբ
Նախագծավարներ՝ Լիլիթ Համբարձումյան, Լևոն Սարգսյան
Նախագծեր՝ «Փաուերֆիլ», «Կենսապլաստիկներ», «Ծանր մետաղները ջրում»
«Փաուերֆիլ» նախագիծն առնչվում է գործարաններին՝ փորձելով լուծել համաշխարհային տաքացում առաջացնող խնդիրների մի մասը։ Ջերմոցային գազերի՝ նորմայից ավել կուտակումը մթնոլորտում և դրա հետևանքով առաջացող համաշխարհային տաքացումը դարձել են օրհասական խնդիր։ Գազերի կուտակումն աճում է արդյունաբերականացման ժամանակաշրջանից ի վեր, և դրանց արտանետման աղբյուր են հիմնականում տրանսպորտային միջոցները և գործարանները։ Արտանետումները բերում են մի շարք բնական աղետների (օրինակ՝ ջրհեղեղի), եղանակային էքստրեմալ պայմանների, ինչպես նաև վնաս են հասցնում մարդկանց առողջությանը՝ առաջացնելով տեսողության, լսողության, շնչառական և մի շարք այլ առողջական խնդիրներ։ Այս իսկ պատճառով «Փաուերֆիլ» նախագիծն առաջարկում է գործարանային խողովակին կից սարքավորման մոդել, որը կծառայի ածխածնի երկօքսիդ գազի կլանման նպատակին՝ իր մեջ առկա սորբենտային համակարգի միջոցով։ Սորբենտն իր նպատակին ծառայելուց հետո կարող է կիրառվել որպես շինանյութ կամ պարարտանյութ։
Վերջին տասնամյակներում ավելի ակնառու է դառնում սինթետիկ հավելանյութեր պարունակող պոլիմերների օգտագործման բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այս խնդրի լուծման նպատակով «Կանաչ քիմիա» ակումբն առաջարկել է կենսապոլիմներների պատրաստման եղանակ՝ հիմնված կարտոֆիլային օսլայի, գլիցերինի և ժելատինի վրա՝ առանց որևէ սինթետիկ հավելանյութի ավելացման: Ակումբի ստեղծած կենսաքայքայվող պոլիմերները կարող են այլընտրանք դառնալ շրջակա միջավայրն աղտոտող պոլիմերների համար, քանի որ դրանք հեշտությամբ են քայքայվում ջրում և հողում։
Ակումբի «Կենսապլաստիկներ» նախագիծն առաջարկում է հեղուկ հումքից կենսաքայքավող պոլիմերի պատրաստման իր եղանակը, որն ապահովում է պոլիմերային թաղանթի ստացում՝ առանց հումքի մեջ որևէ հավելանյութի ավելացման: 2023-2024 ուստարում ակումբը փորձելու է պատրաստել այս եղանակով կենսաքայքայվող պոլիմերային թաղանթ արտադրող սարքի մոդելը։ Կատարելու է նաև հետազոտություն այլ հումքերից, օրինակ՝ բանանի կեղևից, կենսաքայքայվող պոլիմերների պատրաստման մասին։
Ակումբի «Ծանր մետաղները ջրում» նախագիծը նվիրված է 21-րդ դարի համար համաշխարհային մեծ մարտահրավեր դարձած ևս մեկ խնդրի՝ խմելու մաքուր ջուր ունենալու խնդրին: Նախագիծը փորձում է գտնել սորբենտ, որն արդյունավետորեն կկլանի ջրից մի քանի տեսակ ծանր մետաղներ, և այդ սորբենտի հիմքով ստեղծել ջրի մաքրիչ կայան՝ աշտարակային կլանող կամ հաջորդական ավազանային սկզբունքով աշխատող:
Բժշկագիտական հետազոտությունների ակումբ
Նախագծավար՝ Տիգրան Աղաբեկյան
Նախագիծ՝ «Ուրվագիծ»
Աշխարհում, ներառյալ Հայաստանում, բավականին տարածված է սննդային խանգարումը։ Շատ դեպքերում նման խանգարում ունեցող մարդիկ կա՛մ տեղյակ չեն դրա մասին, կա՛մ էլ չեն ստանում հստակ աջակցություն։ Նախագծի շրջանակում ստեղծվելու է կայք՝ սոցիալական աջակցության ցանց, որը նպատակ ունի լուծելու սննդային խանգարման տարածման խնդիրը և իրազեկելու մարդկանց։ Կայքն ունենալու է նոր և հետաքրքիր գործիքներ, որոնք հնարավորություն կտան հետաքրքրված անձանց ստանալու հայալեզու հասանելի և ստուգված տեղեկույթ, իսկ խանգարումով տառապող մարդկանց համար ստեղծելու է վստահելի և հարմարավետ միջավայր։ Կայքն ապահովելու է երկկողմանի աջակցության տրամադրում։
«Արվեստանոց» ակումբ
Նախագծավար՝ Մարի Ադամյան
Նախագիծ՝ «Արվեստի(ը) մարզում»
«Արվեստի(ը) մարզում» նախագծի նպատակն է կրթական և մշակութային ոլորտում համագործակցություն հաստատել համայնքային դպրոցների հետ և պատկերել գյուղական համայնքի մշակութային դիմագիծը՝ տեսողականացման (վիզուալիզացիա) միջոցով։ Անցկացվելու են աշխատարաններ, որոնց ընթացքում երեխաներին ներկայացվելու է նախագծի էությունը և ուսուցանվելու են կերպարների ստեղծում և հարցազրույցների վարում։
«Իմերսիվ թատրոն» (Immersive Theater) ակումբ
Նախագծավար՝ Դավիթ Խալաթյան
Իմերսիվ թատրոնի ակումբը առաջին տարին է, ինչ գործում է դպրոցում: Նրա առաջին նախագծի նպատակն է մարդկանց դուրս բերել թատրոնի մասին կաղապարներից և ծանոթացնել Հայաստանում ոչ այդքան տարածված թատրոնի ճյուղի՝ իմերսիվ թատրոնին, որտեղ հանդիսատեսը դերասանների հետ շարժման մեջ է, մասնակցում է ներկայացման գործողություններին:
«Ռոքեստր» ակումբ
Նախագծի ղեկավարներ` Վահագն Պապայան, Էրիկ Ալոյան
«Ռոքեստր» ակումբը 2023-2024 թթ ուսումնական տարում վերսկսել է իր աշխատանքները` կրկին ներկայանալով նոր նախագծով։ Նախորդ տարի ակումբը հասցրեց ուսումնասիրել գործիքների կիրառման հնարքները և դրանց էվոլյուցիան պրոգրեսիվ ռոքի բազմաթիվ երաժշտական խմբերի կատարումներում։ Նկատելով, որ դրանք հաճախ հիմնված են բազում գրական ստեղծագործությունների վրա, ակումբը որոշեց այս տարվա նախագիծը նվիրել ռոք երաժշտության և գրականության միաձուլմանը։ Քանի որ «Այբ» դպրոցը կարևորում է միջառարկայական կապերի դերը ուսումնառության մեջ, սա դարձավ այս տարվա նախագծի խթաններից մեկը։
Հետազոտությունների փուլի ընթացքում անդամներն ունեցան բազմաթիվ բացահայտումներ և հասցրին ստեղծել երաժշտական և գրական ստեղծագործությունների ցանկ։ Այժմ անդամները զբաղված են հոդվածներ գրելով և դրանց հրապարակման աշխատանքներով։ Մեծապես կարևոր է համացանցային կայքի ստեղծումը, որտեղ ակումբը կհավաքի իր 10 տարիների աշխատանքը՝ կատարումները, նյութերը, հոդվածները և մի շարք այլ նյութեր։ Նախագծի շրջանակում առանձնահատուկ տեղ է գրավում ավանդական դարձած տարեվերջյան ուսումնական համերգը, որի ընթացքում ակումբի հետ կբացահայտենք, թե ինչպես է ռոք երաժշտությունը կապվում գրականության հետ։
«Ռոքեստր» ակումբը վերջին տասը տարիներին իրականացրել է մի շարք հաջողված նախագծեր՝ «Երաժշտաքարտեզ» ("Music Map") (2022), “Made in Armenia” (2021), «80 ակՕրդ աշխարհի շուրջ» (2020) և այլն։ Ամեն նախագիծ նպատակ է ունեցել լսարանին ծանոթացնելու երաժշտությանն առնչվող որևէ երևույթի՝ երաժշտություն լսելու մոտեցումներին, երաժշտական չափերին, գործիքավորմանը, համաշխարհային տարբեր խմբերին և այլն: Իր տասը տարվա գործունեության ընթացքում ակումբն ունեցել է բազմաթիվ անդամներ, որոնք մասնակցել են ակումբի աշխատանքներին որպես և՛ աշակերտ, և՛ շրջանավարտ:
«Մուլտիմեդիա» ակումբ
Նախագծի ղեկավարներ` Անի Հակոբյան, Նելլի Սաֆարյան
Նախագծեր` «Հայփոդ» և «Քեզ համար, Ազնավուր»
«Մուլտիմեդիա» ակումբին անդամագրվել են մեդիայի ոլորտում հետաքրքրություններ ունեցող աշակերտները՝ զինվելու այս ոլորտի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Աշակերտներն արտահայտվելու և ստեղծագործելու են մուլտիմեդիայի միջոցով՝ միաժամանակ ստանալով թվային մեդիայի, լրագրության, ֆիլմարտադրության, մոնտաժի, օպերատորական գործի, ինչպես նաև սցենարային աշխատանքի գործնական փորձառություն։ Այս տարի ակումբը պլանավորում է իրագործել երկու մեծ նախագիծ, որոնցից մեկը բաժանված է երկու՝ իրար հետ թեմատիկորեն կապված ճյուղի։
«Հայփոդ»-ը փոդքաստային թողարկումների շարք է՝ հիմնված իրական պատմությունների վրա, որոնք գրում են ակումբի անդամները։ Դեռ անցյալ տարի ծնված այս նախագիծը այս տարի կբացահայտի Արցախի Հանրապետության ինքնատիպությունը։ Արցախյան յոթ շրջանների մասին պատմող փոդքաստները կխոսեն արցախյան կոլորիտը հիշեցնող քաղաքների անունից և կամբողջանան բնակիչներից հավաքված պատմություններով, որոնցից որոշ հատվածներ կպատմվեն հենց տեղացիների կողմից արցախյան անուշ բարբառով։ Այս մթնոլորտն ավելի հարստացնելուն կնպաստեն համապատասխան աուդիոձևավորումն ու ինքնատիպ ոճը։
«Քեզ համար, Ազնավուր»-ը երկրորդ նախագիծն է։ Բազմիցս լսել ու ականատես ենք եղել Ազնավուրի հայանպաստ գործունեությանը, բայց, ցավոք, քչերն են պատկերացնում դրա ծավալն ու Ազնավուրի դերը համաշխարհային մշակութային կյանքում։ Այս տարի բաց չենք թողնի հնարավորությունն ու Շառլ Ազնավուրի 100- ամյակի կապակցությամբ կներկայացնենք նաև «Քեզ համար, Ազնավուր» նախագիծը։
Այն ունի երկու ճյուղ՝ հիթ շքերթ՝ փոդքաստների տեսքով, և կարճամետրաժ ֆիլմ, որոնցով մեր լսարանը Ազնավուրին ճանաչելու է տարբեր դերերով՝ հոր, հայրենասերի, կողակցի, երգչի և այլն։ Մեր նպատակն է Ազնավուրի անունը հնչեցնել ամենուր և մեր բազմաշերտ լսարանին հնարավորություն տալ նրան այլ աչքերով տեսնելու։
Ակումբի աշխատանքների շրջանակում արդեն իսկ կազմակերպվում են աուդիոմոնտաժի ու օպերատորական աշխատանքի տարատեսակ գործնական դասընթացներ՝ փորձառու մասնագետների ներգրավմամբ: Կկազմակերպվեն նաև այցեր մուլտիմեդիայի տարբեր ոլորտների անվանի և փորձառու մասնագետների (օրինակ՝ սցենարիստ, պրոդյուսեր, խմբագիր) կամ նրանց հյուրընկալություններ։
Դեռ նախորդ տարիներից ունենք համագործակցային ամուր կապեր Progress Studio, Podcastle AI, Գյումրու երիտասարդական կենտրոնի և Gorgeouz Beats ընկերությունների հետ՝ տեխնիկական աջակցման համար։
Ինժեներական ակումբ (Fab Lab)
Նախագծավարներ՝ Դերենիկ Դանիելյան, Ռուբեն Քերոբյան
Նախագիծ՝ «ԱԹՍ-ի ստեղծում»
Շարունակելով իր գործունեությունը՝ ակումբն այս տարի պատրաստվում է ներկայանալ ավելի մարտահրավերային նախագծով՝ ԱԹՍ-ի ստեղծմամբ։ Նպատակադրված է ստեղծել այնպիսի ԱԹՍ-ներ, որոնք կկարողանան կողմնորոշվել տարածքում, հայտնաբերել և տարբերակել իրեր, առաքել բեռներ, հաղթահարել առաջադրված խոչընդոտներ, ինչպես նաև սփռել հեղուկ նյութեր։ Այս նախագծի միջոցով ակումբը փորձելու է իր ներդրումն ունենալ այս ոլորտի զարգացման մեջ, ուստի նախատեսում է մասնակցել «Հավք 2024» ԱԹՍ-ների մրցույթին՝ ակնկալելով նորանոր հաջողություններ։