«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ակումբների ներկայացումը տեղի ունեցավ առցանց հարթակում։ Ակումբները, որոնց կազմում ղեկավարները, շրջանավարտներից ոմանք և 11-րդ ու 12-րդ դասարանցիներն էին, ներկայացրին իրենց նախագծերը, որոնք ժյուրին մեկնաբանեց և դրանք ավելի բարելավելու և աշակերտներին ճիշտ ուղու վրա դնելու խորհուրդներ տվեց։ Ժյուրիի կազմը հետևյալն էր․
Ակումբները և նրանց ներկայացրած նախագծերը ներկայացված են ստորև։
Այբպրես
«Կարճ, հավես, Այբպրես»՝ այսպիսին է այս ակումբի կարգախոսը։ Ակումբը պատրաստվում է ստեղծել տպագիր հանդես-ձեռնարկ «Այբ»-ի տասնամյա պատմության մասին։ Այսպիսով կլուծեն «Այբ»-ի ամբողջ պատմությունը մի տեղ հավաքելու խնդիրը և կստեղծեն հուշանվեր «Այբ» համայնքի ներկայացուցիչների համար։
Ռոքեստր
Ակումբի նախագծի անունն է «Made in Armenia» (պատրաստված է Հայաստանում)։ Ակումբի մասնակիցները նկատել են, որ առցանց հարթակում կա հայկական ռոքի և երաժշտության մասին տեղեկացվածության պակաս, որն անհնար է դարձնում ստեղծագործական ժառանգության փոխանցումը։ Այդ պատճառով նրանք կստեղծեն կայք, որտեղ կլինեն պատմություններ և ստեղծագործական արխիվներ։ Հնարավորության դեպքում ակումբը տարեվերջին համատեղ համերգ կտա այն ռոք խմբերի հետ, որոնց անդրադառնալու են։
Մեդիագիտակների ակումբ
Այս ակումբի նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը և հասարակությանը սովորեցնել տարբերել կեղծ լուրերը ճիշտ լուրերից։ Այս նպատակով նրանք ստեղծելու են կայք, որտեղ հոդվածների ու ազդապաստառների միջոցով կօգնեն մարդկանց ինքնազարգանալու այս ոլորտում։ Ակումբը համագործակցելու է արդեն կայացած կայքերի ու թերթերի, օրինակ՝ «Առավոտ» թերթի հետ։
Ֆիլմարտադրության ակումբ, «Թաքնված գանձերի հետքերով» նախագիծ
Ակումբի նպատակն է բացահայտել հայկական մշակույթի գանձերը, ցույց տալ Արցախյան պատերազմի ու մշակութային ցեղասպանության կապը և տարբեր նախագծերի, հիմնականում՝ ֆիլմերի օգնությամբ դրանք հանրահայտ դարձնել։ Պատրաստվում են ուսումնասիրել նաև մարդ-մշակույթ-եկեղեցի եռամիասնությունը, պատերազմի ուղիղ կամ անուղղակի անդրադարձը, ինչպես նաև ներկայացնել պատերազմը սեփական տեսանկյունից։
Ծրագրավորման ակումբ, “Bolola” նախագիծ
Ակումբի անդամներն իրենց առաջ խնդիր են դրել լուծել քաղաքային երթուղիների հետ կապված խնդիրները։ Ակումբի նմապատակն է ստեղծել հավելված, որը կհուշի, թե ինչպես տեղաշարժվել և հասնել անհրաժեշտ կետին։
«Արվեստանոց», "Draw the Justice" նախագիծ
Արդեն վեց տարի գործող ակումբի անդամների նպատակն է լուսաբանել հայ-ադրբեջանական հակամարտությունը և դրանք ներկայացնել ծաղրանկարների, նկարազարդումների օգնությամբ։ Լուսաբանելով սրանք տարբեր սոցիալական հարթակներում` նրանք ցանկանում են պայքարել ապատեղեկատվության դեմ, ոգևորել հայրենակիցներին և միաժամանակ ցույց տալ միջազգային լսարանին իրադարձությունների իրական պատկերը։
Արվեստանոց, «Արտադաս» նախագիծ
Ակումբի անդամները նախատեսում են տարբեր կրթական միջոցառումներ կազմակերպել ՀՀ տարբեր մշակութային կենտրոններում՝ ցանկանալով լուծել միջին դպրոցներում ինքնուրույն ստեղծագործելու, կաշկանդվածության, սեփական գաղափարները զարգացնելու սահմանափակ մոտեցումների, Արցախի երեխաների հասարակական ներգրավվածության հետ կապված խնդիրները։
Ինժեներական ակումբ
Ակումբը պատրաստվում է իրականացնել նախագիծ, որի ընթացքում աշակերտները ստեղծելու են բազմագործառական համակարգ, որն ունենալու է կիրառական բնույթ։ Այն հնարավոր կլինի օգտագործել տարբեր բնագավառներում։
Ֆոտոակումբ «F8»
Այս ակումբի անդամները նախատեսում են իրականացնել «Բաց արվեստ» նախագիծը։ Ծրագրի խնդիրը չգնահատված ու բավարար ճանաչում չունեցող արվեստագետներին և ժամանակակից արվեստը ֆոտոպատմության միջոցով ճանաչելի դարձնելն է, հնարավորության դեպքում ցուցահանդես-միջոցառման միջոցով դրանք ներկայացնելը։
Տեխնոշարժ
«Տեխնոշարժ» ակումբի նպատակն է զարգացնել աշակերտների բազմակողմանի մտածելակերպը, ծանոթացնել ծրագրավորման լեզուներին և դրանց միջոցով լուծել որևէ կարևոր տարածաշրջանային խնդիր։ Ակումբն իրականացնելու է երկու նախագիծ։ Նախագծերից մեկի նպատակներից է օգնել հասարակությանն ավելի մեդիագրագետ դառնալու և ստեղծել կայք մեդիագիտակների ակումբի ստեղծած նյութերի համար։
Մյուս նախագծի նպատակն է ստեղծել կայք, որտեղ ներկայացվելու են ՀՀ և ԱՀ պատմամշակութային բոլոր կառույցները, հատկապես ոչնչացման եզրին գտնվողները, և դրանց մասին պատմական տեղեկություններ։
«Ուրբանիստ» ակումբ, «Քաղաքային տարածքների վերաիմաստավորում»
Այս ակումբը ծրագրել է պլանավորել և մշակել երկարաժամկետ նախագծերի մոդելներ, քաղաքային միջավայրը բարելավելու հայեցակարգեր և լուծել խնդիրներ՝ կապված քաղաքային կյանքի, միջավայրի վրա բացասաբար ազդող լքված շինությունների և տարբեր սոցիալական խմբերին համախմբող կենտրոնների բացակայության հետ։
Ժյուրին անդրադարձավ յուրաքանչյուր ակումբին, տվեց խորհուրդներ, բացահայտեց խնդիրներ, որոնց մասին ակումբները չէին մտածել, և առաջարկեց որոշ լուծումներ։ Ակումբները բարելավեցին իրենց նախագծերը և պատրաստվեցին իրականացման հաջորդ փուլերին։
Դավիթ Բաղդասարյան, 12-րդ դասարան
Աննա Մխիթարյան, 10-րդ դասարան
Կիսվել