«Այբ» դպրոցի մասնագիտական կողմնորոշման բաժինը կազմակերպեց առցանց հանդիպում ռեժիսոր, սցենարիստ, դերասան Պատրիկ Մալաքյանի հետ, որին շատերը ճանաչում են նաև որպես Անրի Վերնոյի որդի։ Պատրիկ Մալաքյանն անդրադարձավ արվեստի «բազմաչափությանը» և ներկայացրեց արվեստն ու գիտությունը համատեղելու իր տեսակետը։
Հանդիպման սկզբում պարոն Մալաքյանը նշեց, թե ինչն է նրան այդպես ամուր կապում Հայաստանի հետ․ «Հայաստանում շատ են արվեստով հետաքրքրված երեխաները։ Միանգամից զգում եմ արվեստի ոգին երեխաների մեջ»։
Այն հարցին, թե արդյո՞ք Պատրիկ Մալաքյանը դարձել է կինոռեժիսոր իր հոր օրինակով, նա պատասխանեց, որ ծնողների ազդեցությունը մասնագիտության ընտրության հարցում եղել է, բայց եթե չլիներ նրա անմնացորդ սերը՝ գրելու և պատմություններ պատմելու, նա չէր ընտրի այդ մասնագիտությունը։ «Արվեստն այն ազատությունն է, որը երբեք ոչ ոք չի կարող վերցնել մեզանից»,— նշեց նա։
Շատ են աշակերտները, ովքեր հետաքրքրված են արվեստի տարբեր ճյուղերով, իսկ ի՞նչ անել և ի՞նչ ընտրել։ «Քանդակագործը չի ստեղծում ֆիլմեր, բայց երբ նայում է իր քանդակին, տեսնում է մի գեղեցիկ ֆիլմ։ Նկարիչը երբեք չի գրում գրքեր, բայց նկարելով՝ նա պատմում է մի մեծ պատմություն։ Երբ ես գրում եմ սցենար, ես լսում եմ երաժշտություն, և այն, թե ինչ կգրեմ ես, կախված է երաժշտությունից»,— ասաց Պատրիկը՝ ակնարկելով, որ արտիստը նա է, ով ապրում է ընդհանուր արվեստով, ո՛չ միայն արվեստի այն ճյուղով, որն ընտրել է։ Արվեստ սովորելու ընթացքը բավականին հարստացնում է փորձով, և պետք է փորձել ամեն բան՝ հասկանալու ամենահոգեհարազատը քեզ համար։
Քննարկման ընթացքում տրվեց այն հարցը, թե արդյո՞ք արվեստն ու գիտությունը համատեղելի են, կամ ո՞րն է նրանց տարբերությունը։ Այստեղ Պատրիկ Մալաքյանն անդրադարձավ մի շատ կարևոր խնդրի՝ երեխայի մասնագիտական ընտրության ժամանակ ծնողների ճնշմանը․ «Ծնողները պետք է հասկանան, որ պետք է լինեն երեխայի աջակիցը, ոչ թե որոշում կայացնողը երեխայի փոխարեն» ։ Ընտրելով արվեստը՝ շատերը վախենում են աշխատել ավելի քիչ գումար, քան եթե ընտրեն գիտությունը, բայց, Պատրիկի կարծիքով, գիտության և արվեստի տարբերությունն այն է, որ արվեստը ստիպում է մարդուն զգալ և արտահայտվել։ Իհարկե կարելի է զբաղվել արվեստով և այն համատեղել գիտության հետ և հակառակը, ինչը կախված է միայն մտքից և ցանկությունից։
Պատրիկի նախաձեռնություններից մեկն է Ֆրանսիայում ստեղծել արվեստի դպրոց, որը կաշխատի շաբաթ և կիրակի օրերին և կլինի ոչ միայն աշակերտների, այլև ծեր մարդկանց համար։ «Ես հաճախ եմ լինում ծերանոցում և հասկանում եմ, որ արվեստն է այն միջոցը, որով կարելի է արթնացնել ծեր մարդկանց միտքը և դարձնել նրանց ավելի ինքնավստահ»,— ասաց մեր հյուրը։
Հանդիպումն ամփոփվեց ռեժիսորի կյանքից մի շատ գեղեցիկ և հուզիչ պատմությամբ։ Երբ ամենասկզբում Պատրիկն Անրի Վերնոյին պատմել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմի սցենարը, հայրը խորհուրդ է տվել չնկարել ֆիլմը։ Պատրիկը չի լսել հորը և որոշել է նկարահանել այն։ Պրեմիերայի օրը բոլորը անհամբեր սպասել են հոր արձագանքին, և նա կանգնել է և ասել․ «Ես սխալվում էի, տղա՛ս, դու ճիշտ էիր։ Ես կարծում էի, որ այն, ինչ դու ուզում ես անել, ինձ համար անհնարին է, բայց դու հաջողեցիր»։ Այսպես Պատրիկի կարճամետրաժ ֆիլմը տարածում է գտել ամբողջ աշխարհով։
Իլոնա Արտազյան, 10-րդ դասարան
Կիսվել