«Այբ»-ի աշակերտները՝ գերմանական PASCH ծրագրերի մասնակից

2016 թվականից «Այբ» դպրոցը «Դպրոցներ․ ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնության շրջանակում համագործակցում է Գյոթե ինստիտուտի հետ։ Ծրագրի նպատակն է երիտասարդների մոտ հետաքրքրություն արթնացնել գերմաներենի, ժամանակակից Գերմանիայի և նրա հասարակության նկատմամբ։ Նախաձեռնության շրջանակում «Այբ» դպրոցի աշակերտները ամեն տարի ստանում են ընդհանուր և անվանական կրթաթոշակներ Գյոթե ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային թրեյնինգներին, սեմինարներին, դասընթացներին և միջոցառումներին մասնակցելու համար (2016-2021 թթ․ «Այբ» դպրոցն ունեցել է ավելի քան 60 կրթաթոշակակիր):

Աշակերտները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու Գյոթե ինստիտուտի միջազգայնորեն ճանաչում ունեցող ամենամյա քննություններին (Goethe-Zertifikat A1-B2)։

Գերմանական PASCH ծրագրերն ամեն տարի հնարավորություն են ընձեռում բազմաթիվ այբեցիների մասնակցելու ամենատարբեր ճամբարների, ծրագրերի և դասընթացների։ Ես մեկն եմ այն աշակերտներից, որոնք մասնակցել են մի քանի ծրագրի և հնարավորություն ստացել բարելավելու գերմաներեն լեզվի գիտելիքներն ու ձեռք բերելու նոր հմտություններ զանազան ոլորտներում։ Խոսելով նաև ընկերներիս հետ, որոնք ևս մասնակցել են PASCH ծրագրերի՝ այժմ կարող եմ նշել մի քանի մեծ ձեռքբերում, որ ունեցել ենք մեր մասնակցության արդյունքում։

Արժեքների վերափոխում

Ընկերներիցս շատերը նշեցին, որ PASCH ծրագրերի շնորհիվ սկսել են կարևորել այնպիսի կարևոր հարցեր, որոնք առաջ անգամ չէին էլ նկատում։ Գերմանիան աշխարհում այն առաջատար երկրների շարքում է, որոնք բազմաթիվ ռեսուրսներ են ներդնում բնապահպանության և շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելու համար։ Օրինակ՝ թվանշային PASCH երիտասարդական ճամբարի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք հոլովակների, հոդվածների, քննարկումների միջոցով վերհանելու շրջակա միջավայրն աղտոտող ամենագլխավոր չարիքները։ Խմբային աշխատանքների ընթացքում կազմեցինք ծրագրեր, որոնցով պատրաստվում ենք «փրկել» մեր ջրային, մթնոլորտային, էներգետիկ ռեսուրսները։ Այն, որ ծրագրից հետո բոլորիս համար փոխվեց շրջակա միջավայրի պահպանման կարևորությունը, անհերքելի է։

Նոր ընկերներ աշխարհի բոլոր ծայրերից

Սա թերևս բոլորիս ամենամեծ ձեռքբերումներից էր։ Այս ծրագրերն օգնեցին մեզ գտնելու ընկերներ Ինդոնեզիայից, Հնդկաստանից, Մակեդոնիայից, Նամիբիայից, Ֆրանսիայից և աշխարհի ամենատարբեր այլ երկրներից։ Նրանցից շատերի հետ ինքս հիմա պահում եմ կապը և քննարկում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը։

Մշակութային փոխանակում

Նոր կապերը տարբեր մշակութային կյանքով ապրող մարդկանց հետ բնականաբար հանգեցնում են մշակութային փոխանակման։ Հատկանշական է, որ “Data CTRL” հակաթոնի ժամանակ մենք ունեինք հատուկ ժամ, որի ընթացքում բոլորս ներկայացնում էինք մեր երկրի մշակութային առանձնահատկությունները։ Ես և ընկերներս իհարկե բաց չթողեցինք պահը խոսելու Մանսուրյանի երաժշտության, հայկական քոչարու, նռան, ծիրանի, Սևանի ու Արարատի մասին։ Արտերկրացի մասնակիցների հիացմունքը մեզ է՛լ ավելի ոգևորեց։

Նոր գիտելիքներ

PASCH ծրագրերի մասին խոսելիս անկարելի է անտեսել այն նոր գիտելիքների մեծ պաշարները, որոնք մենք ձեռք ենք բերել։ Ընկերներս ոգևորությամբ էին պատմում ռոբոտիկայի, ծրագրավորման ոլորտներում նոր հմտությունների ձեռքբերման մասին։ Մասնագիտական հմտությունների հետ մեկտեղ բոլորս բարելավում էինք մեր լեզվական գիտելիքները՝ խոսելով արտերկրացիների հետ։

Այս բոլոր առավելությունների կողքին իհարկե չի կարելի մոռանալ այն հետաքրքիր ու զվարճալի ժամանակն ու այն հիշողությունները, որոնք այժմ ունենք ծրագրերի արդյունքում։ Միաժամանակ բոլորս ունեցել ենք դժվարություններ, հայտնվել ենք բարդ ու խճճված իրավիճակներում և ստացել հանձնարարություններ, որոնք իրականացնելը մեծ ջանքեր է պահանջում։ Սակայն դրանց արդյունքում է, որ ձեռք ենք բերել բոլորիս համար շատ կարևոր ու անհրաժեշտ հմտություններ։ Մի խոսքով՝ անչափ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մասնակցելու PASCH ծրագրերին և վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական։

Նարե Սուքիասյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>