Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հանդիպումները շարունակական բնույթ ունեն։ Նրանք զրուցում են, քննարկում և բանավիճում տարբեր թեմաների շուրջ։
Մեծ պահոց շրջանի և մասնավորապես Բուն բարեկենդանի առթիվ տեր Մեսրոպը կրկին հյուրընկալվել էր դպրոցում՝ պատմելու տոների, դրանց նշանակության, ավանդույթների և այլնի մասին։
Ահա մի քանի կարևոր դրույթ, որ հարկավոր է իմանալ Մեծ պահքի մասին։
- 7 շաբաթ պահքի մեջ լինելիս պետք է հրաժարվել ոչ միայն առանձնակի հաճույքներից՝ խմիչքից և որոշակի ուտելիքներից, այլև այն ամենից, ինչը կարող է շեղել ճշմարտությունից:
- Թալեսն ասել է, որ ամենահեշտ բանը ուրիշներին խրատ տալն է, ամենադժվարը՝ ինքներս մեզ ճանաչելը: Պահքի ընթացքում չպետք է ուրիշներին դատել: Դրա փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ ինքներս մեզ վրա, տեսնել, հասկանալ ինքներս մեզ:
- Արիստոտելը նշել է, որ մարդն անգիտակցաբար ձգտում է երջանկության: Ցավոք, հաճախ երջանկությունը շփոթում ենք հաճույքների հետ: Այդ հաճույքների սահմանն իմանալը մեծագույն արվեստ է:
- 7 կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր անվանումը: Առաջինը Բուն բարեկենդանն է, որը խորհրդանշում է մարդկային կյանքի երջանկությունը: Երկրորդն Արտաքսման կիրակին է, որը կապված է մեղքի պատճառով դրախտից հեռացման հետ: Դրան հաջորդում են Անառակի, Տնտեսի, Դատավորի կիրակիները: Յուրաքանչյուր անվանում հիմնված է ավետարանական մի առակի վրա: Վերջին երկուսը Գալստյան և Ծաղկազարդի կիրակիներն են: Ապա սկսվում է Ավագ շաբաթը, որը խորհրդանշում է Հիսուսի կյանքի վերջին օրերը: Մեծ պահոց շրջանը եզրափակվում է Զատիկով:
- Մեղքերից ազատվելը հեշտ չէ. պետք է օրեցօր աշխատել այդ ուղղությամբ:
- Քրիստոսից սովորում ենք, թե ինչպիսին պետք է լինի մարդ: Անձնային գոյության գաղտնիքը չէր բացահայտվել հին ժամանակներում. դա եղավ քրիստոնեության շնորհիվ: Անձ՝ նույնն է, թե հոգի, էություն: Այս բառն անգամ հին հունարենում չուներ համապատասխան տերմինը:
- Վախկոտ մարդը չի կարող խոնարհ լինել: Խոնարհությունն աստվածանմանություն է: Աղոթքի անկեղծությունն էլ է կախված խոնարհությունից: Պետք է դեմ գնալ եսապաշտությանն ու գոռոզությանը:
- Մարդիկ սիրում են ստել: Ստի դեպքում դու չես աշխատում ինքդ քեզ վրա: Ճշմարտության դեպքում այդպես չէ, քանի որ պետք է ինքդ քեզ հանդիմանես:
- Լինել քրիստոնյա նշանակում է լինել զգոն, նրբազգաց, ներքնապես ուշադիր: Այս առումով կարևոր է վարժեցնել ներքին ուշադրությունը: Պետք է սովորել սահմանափակել, կառավարել մտքերը: Աղոթքից առաջ, օրինակ, պետք է կանգնեցնել մտքերի շարժն ու զգալ Աստծո ներկայությունը:
Տեր Մեսրոպն իր խոսքում նշեց, որ ոչ այնքան կարևոր է մեր՝ աշակերտներիս պահք պահելը, որքան Մեծ պահքի նշանակությունը գիտակցելը, հաճույքներից հրաժարվելով՝ ինքներս մեզ ճանաչելը: Այս հանդիպման ընթացքում նա կրկին ընդգծեց, որ նմանատիպ զրույցներն անհրաժեշտ են մեզ՝ «Այբ» դպրոցի հիմքում ընկած արժեքները շարունակելու փոխանցել սերնդեսերունդ:
Մերի Ղուլյան, 12-րդ դասարան
Կիսվել