Թարգմանչաց զույգ տոները «Այբ»-ում առանձնահատուկ նշանակություն ունեն։ Դրանք խորհրդանշում են հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումը։ «Այբ» շարժումն ու «Այբ»-ի առաքելությունը խարսխված են հենց Թարգմանչաց շարժման վրա։
Հայ առաքելական եկեղեցին աշնանը «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց Թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
«Այբ» դպրոցում կարևոր ավանդույթներից է Թարգմանչաց տոնի առթիվ աշակերտներին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի տանելը։ Առաջին այցելությունը կազմակերպվեց 10-րդ դասարանցիների համար։
Նրանք աշակերտական համայնքի ավագ համակարգող Արմինե Բաբայանի, համակարգող Տիգրան Հարությունյանի և դպրոցի հոգևոր հովիվ տեր Աշոտի ուղեկցությամբ հասան Օշական։ Եղան Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ։ Տեր Աշոտը մեկնաբանեց Թարգմանչաց տոնի խորհուրդը։ Ապա եկեղեցուն կից սրահում շարունակվեց զրույցը, աշակերտներից մեկն ընթերցեց «Թուղթ ընդհանրականից» մի հատված։ Օրվա խորհրդով անվանակիրները ստացան նվեր և տեր հոր աղոթքը։
Օրը լցված էր հնամյա դարերի, մագաղաթյա մատյանների ու մեր մշակույթի մեծերի շնչով ու անուններով։ Հին դարերից ոչ պատահական փոխանցված խորհուրդը՝ դպրության, գրի, մշակույթի, գիտության լույսի, այսօր էլ արդիական է «Այբ» դպրոցի համար։ Գիտության ու տեխնիկայի առաջընթացից անկախ՝ ազգային արժեքները մնում են արդիական և առանցքային։
Աշնան երկինքը ողողված էր ջերմ արևով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակը՝ պատանիներով, որոնք վաղը դառնալու են թարգմանիչներ, գիտնականներ, բժիշկներ․․․ Ինչ էլ որ դառնան, հիշելու են աստվածաշնչյան պատգամը, որ հայերենով մեզ փոխանցեց մեր առաջին ուսուցիչը․ «Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը»։
Մանե Եղիազարյան, 10-րդ դասարան
Կիսվել