Թե ինչպես ինձ գրավեց բաց լինելու այբական սկզբունքը

Ողջո՛ւյն: Ես Կարինեն եմ՝ 10-րդ սերնդի աշակերտ: Արդեն 2-րդ տարին է այբեցի եմ և իմ դպրոցական ընկերների նման հետևում եմ այբական սկզբունքներին։ Այս հոդվածով կպատմեմ «Այբ»-ի՝ բաց լինելու սկզբունքի մասին։

Ասում են՝ այն ամենը, ինչ մենք ընկալում ենք շրջապատող սոցիալական աշխարհում, ոչ այնքան իրական գործընթացներ կամ առարկաներ են, որքան մեր սեփական զգացմունքների, մտքերի արդյունքը: Ներկայացնեմ իմ օրինակը: 2019 թվականի գարնանը, երբ առաջին անգամ ոտք դրեցի «Այբ» դպրոց, ուզում էի հետ դառնալ ու փախչել տուն. ի՞նչ իմանայի, որ հետագայում դպրոցից վերադառնալու ցանկություն չեմ ունենալու: Իմ առաջ մի շենք էր, որտեղ պետք է հանձնեի 3 դժվար քննություններ: Ընդամենը: Եվ իսկապես, հուզմունքից գունատվել էի։

Նախքան շրջայցը անհանգիստ մտքերից ուշադրությունս շեղեցին 2 աշակերտ՝ իրենց բուռն քննարկմամբ: Նրանք բառացիորեն պայքարում էին մաթեմատիկայի խնդիրը լուծելու համար: Ի վերջո տղան լուծեց խնդիրը և սիրով բացատրեց դասընկերուհուն։ Ինձ գրավեց այդ բացությունն ու պատրաստակամությունը դասընկերների միջև։ Մեկը պատրաստակամ էր իմացածը փոխանցելու, մյուսը՝ բաց՝ նոր բան սովորելու։

Ապա հիշում եմ, թե ինչպես շրջայցի ավարտին բոլոր դիմորդները ծնողների հետ միասին հավաքվեցին «Հայաստան» դահլիճում՝ ընդունելության կանոնակարգին մանրամասն ծանոթանալու և հարցեր ուղղելու համար: Տպավորվեց այն ժամանակ «Այբ» դպրոցի գլխավոր տնօրեն Արամ Փախչանյանի հետևյալ խոսքը.

-Ոչ մի ուսուցիչ չի ստեղծում ձեր գիտելիքը: Դուք դա ինքնե՛րդ եք կերտում:

Օրվա վերջում, երբ արդեն որոշակի պատկերացում ունեի դպրոցի մասին, մեծագույն նպատակ դարձավ այդ առողջ միջավայրի մի մասնիկը լինելը: Ինձ գրավել էր կարծրատիպերը կոտրելու համարձակությունից ու ազատության ձգտումից բխող իրական միջավայրը: Օրինակ՝ դպրոցի ներսում սղարան կառուցելն ուղղված է դպրոցին բնորոշ «չի կարելիներ»-ից մեկը «կարելի» դարձնելուն: Բանն այն է, որ դպրոցի հիմնադիրները աշակերտական տարիներին սովորություն են ունեցել աստիճանների բռնակով սահելու: Ստացվում է, որ սղարանը փոխարինում է աստիճանի բռնակին և կատարում է հոգնած աշակերտին լիցքաթափելու, ինչպես նաև ժամանակի խնայողության գործառույթ:

Այժմ սովորում եմ 11-րդ դասարանում, և «Այբ»-ը ճանաչելը չի սահմանափակվում միայն ազատ, առողջ միջավայրով, թեև կարծում եմ, որ բոլոր պատկերացումներիս հիմքում հենց դպրոցի դրական և բաց միջավայրն է: Իսկ դա կապում եմ մարդկանց երջանիկ և կայացած լինելու հետ: Չկա մրցակցություն աշակերտների միջև: Յուրաքանչյուրը հպարտ է իր կերտած որոշակի գիտելիքով, հետևաբար չի «վազում» իր ընկերոջ գնահատականների հետևից: Չկա միանշանակ ճշմարտություն և սխալ, կան իրար հակասող երկու ընդունելի տեսակետներ։ Չկա ի՛մ գիրքը, ի՛մ տնայինը, այստեղ կա մեր ընկերությունը: Այստեղ մարդիկ ժպտում են, բաց են դրականն ընդունելու և տալու, բաց են գիտելիքը փոխանցելու և նոր գիտելիք ստանալու։

Կարինե Ավալյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>