Ապագան այստեղ է․ Իլոն Մասկի նեյրոլինկը և խելացի խոզերը (մաս 2)

Նեյրոլինկ տեխնոլոգիայի մասին ամերիկյան գործարար Մասկը սկսել էր խոսել դեռևս 2019 թվականին, իսկ այս տարի մայիսին Ջո Ռոգանի հետ ձայնագրված փոդքաստում նա մանրամասն պատմեց տեխնոլոգիայի մասին։ Ըստ փոդքաստում Մասկի տված տեղեկությունների՝ նեյրոլինկը 2,5 մմ տրամագծով սարք է, որն ապագայում կտեղադրվի մարդու ուղեղում և կստեղծի արագ համագործակցություն ուղեղի ու արհեստական բանականության միջև։ Վերջերս կայացած ներկայացման ժամանակ Իլոնն ավելի է բացել փակագծերը և պատմել նեյրոլինկի թարմացված տարբերակի, սարքն ուղեղում տեղադրող ռոբոտի և խոզերի վրա այդ տեխնոլոգիայի փորձարկման մասին։

Իլոնը պատմել է, որ նախնական տարբերակում սարքը համեմատաբար մեծ էր ու պետք է տեղադրվեր մարդու ականջի հետևում, ինչը որոշակի անհարմարություններ կարող էր առաջացնել։ Նոր դիզայնով նեյրոլինկը փոքրացվել է մետաղադրամի չափ և տեղադրվելու է գլխուղեղում` հնարավորություն տալով մարդկանց օգտագործելու հեռախոսները, համակարգիչները և այլ տեխնոլոգիաները մտքի ուժով։ Սարքը կլուծի նաև լսողության, տեսողության և ուղեղի հետ կապված այլ խնդիրներ, ինչպես և նախատեսվում էր։

«Սարքի ներկայիս տարբերակն ունի 23 մմ երկարություն և 8 մմ լայնություն, իսկ ուղեղի հետ կապվում է 1024 էլեկտրոնային թելիկների միջոցով։ Այն տեղադրվելու է մարդու ուղեղի մի փոքրիկ մասի փոխարեն և լիցքավորվելու է անլար լիցքավորիչով, ինչպես ժամանակակից «խելացի» ժամացույցները», - նշում է Մասկը։ Տեխնոլոգիան ուղեղի մեջ տեղադրելու համար «Նեյրոլինկ» ընկերությունը ստեղծել է խելացի ռոբոտ, որն ամբողջ վիրահատությունը կկարողանա անել ինքնուրույն ընդամենը մեկ ժամվա ընթացքում, և մարդիկ կկարողանան լքել հիվանդանոցը նույն օրը։ «Ուոք ստուդիայի» թիմը, որը զբաղվել է ռոբոտի նախագծմամբ, տեղեկացնում է, որ ռոբոտը չունի «սխալվելու իրավունք», քանի որ ապահովված է բազմաթիվ տեսախցիկներով ու զգայակներով՝ աշխատանքն ամբողջությամբ հսկողության տակ պահելու համար։ Բացի դրանից, ռոբոտը կարող է անհրաժեշտության դեպքում կառավարվել մեխանիկի կողմից։

Մասկը հեռուստադիտողներին ցույց է տվել նաև այն խոզերին, որոնց վրա իրենք փորձարկել են նեյրոլինկը։ Խոզերից մեկի գլխուղեղում տեղադրել են մեկ չիպ, երկրորդի գլխում՝ երկուսը՝ այդպիսով ցույց տալով, որ գլխուղեղում կարելի է տեղադրել միանգամից մի քանի չիպ։ Երրորդ խոզի գլխում սարքը չեն տեղադրել, և Իլոնի խոսքով՝ խոզերն իրարից ոչնչով չեն տարբերվում։ Մասկը նաև ցույց է տվել խոզ, որի գլխուղեղում չիպը երկու ամիս տեղադրված է եղել, բայց հետագայում հանվել է, ինչից պարզ է դառնում, որ չիպի տեղադրման գործընթացը հետադարձելի է։

Հուլիսին նեյրոլինկն արժանացել է «հեղափոխական տեխնոլոգիա» որակավորմանը: Այժմ Մասկի թիմը սպասում է անհրաժեշտ թույլտվության, որպեսզի տեխնոլոգիան առաջին անգամ փորձարկվի մարդու վրա։ Հնարավոր է՝ նեյրոլինկի գործարկումը դառնա հերթական հեղափոխական կետը մարդկության պատմության մեջ և նոր ուժ հաղորդի տեխնոլոգիական առաջընթացին։ Հնարավոր է նաև՝ նախագիծը ձախողվի, և իրականանա այն բազմաթիվ դավադրական տեսություններից մեկը չիպերի մասին, որոնք այդքան նորաձև են վերջերս։ Ամեն դեպքում մեզ մնում է միայն սպասել ու հետևել իրադարձությունների նոր զարգացումներին։

Դավիթ Բաղդասարյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>