Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը (International Mother Language Day): Ներկայացնում ենք «Այբ»-ի խմբագիր, թարգմանիչ Սեդա Ստամբոլցյանի ուղերձը, որը Մեդիաթիմի աշակերտների համար է գրված, սակայն կարևոր է իմանանք բոլորս։
Սիրելի՛ աշակերտներ,
Որոշեցի ձեզ «լեզվաոճական ուղերձ» գրել. կարծում եմ՝ սրան կհետևեն նաև այլ այսպիսի ուղերձներ, որոնք կանդրադառնան մի շարք տարածված լեզվական «սխալների»։ Թե ինչու եմ «սխալ» բառն առել չակերտների մեջ, բացատրում եմ հետևյալ նախաբանում, որն իմ ուղերձի թերևս ամենակարևոր մասն է։ Ուշադի՛ր կարդացեք այն։
Շատ կարևոր նախաբան «ճիշտ» ու «սխալի» մասին
Իմ այս գրության մեջ ես ներկայացնելու եմ այն լեզվական ընդունելի կամ ոչ ընդունելի («ճիշտ» կամ «սխալ») ձևերը, որոնք վերաբերում են գրական ու գրագետ ժամանակակից արևելահայերենին։
Միշտ հիշե՛ք, որ ամեն տարածված բառ, արտահայտություն կամ քերականական ձև չէ՛, որ գրական ու գրագետ հայերենում կարող է ընդունելի լինել միայն այն պատճառով, որ տարածված է։ Եթե մենք հետևենք այն սկզբունքին, որ որևէ բառի, արտահայտության կամ քերականական ձևի լայնորեն տարածված լինելը դրա՝ գրական հայերենի լիիրավ անդամ դառնալու գրավական է, ապա պարզապես կգրենք այնպես, ինչպես խոսում ենք՝ առանց հետևելու որևէ կանոնի կամ հաշվի առնելու մեր խոսքի գրագետ կամ ոչ գրագետ լինելը։ Սա էլ է սկզբունք, իհարկե։ Կան մարդիկ, որ հենց այդպես էլ վարվում են, նույնիսկ ժամանակակից գրողներ ու բանաստեղծներ։ Խոսակցական հայերենը նույնությամբ գրականության լեզու դարձնելը կարող է ոմանց համար ընդունելի լինել, ոմանց համար էլ՝ խորշելի։ Ընկալումների և աշխարհայացքի հարց է։ Սակայն այսօր ամբողջ աշխարհում ընդունված է գրավոր խոսքում գործածել որոշակի կանոնների ու սկզբունքների հետևող գրական լեզու։ Ռուսերեն նույնպես չենք կարող գրել ինչպես պատահի, անգլերեն չենք կարող գրել ինչպես պատահի, ֆրանսերեն չենք կարող գրել ինչպես պատահի (եթե իհարկե մասնավոր զրույց չենք վարում)։ Ցանկացած լեզվում էլ միշտ հետևում ենք որոշակի կանոնների, ուշադրություն դարձնում, որ գործածենք բառերի ու քերականական կառույցների ճիշտ համարվող ձևեր և այլն։
Ժամանակի ընթացքում որևէ լեզվում ճիշտ համարվող ինչ-որ տարր կարող է «սխալ» դառնալ, սխալ համարվողը՝ «ճիշտ», միևնո՛ւյն ժամանակաշրջանում գործածվող նույն լեզվի տարբե՛ր ճյուղերում, բարբառներում ու տեսակներում նույն բանը կարող է լինել մեկում սխալ, մի ուրիշում՝ ճիշտ, որովհետև լեզվում շատ բան պայմանական է, այսինքն՝ բացարձակ ճիշտ կամ բացարձակ սխալ չէ։ Պարզապես ինչպես կյանքի այլ ոլորտներ, լեզվական ոլորտը նույնպես կարիք ունի որոշակի կանոններով ու սկզբունքներով համակարգման ու կազմակերպման։ Որևէ ոլորտի կազմակերպվածություն ու կանոնակարգում թույլ է տալիս խուսափել խառնաշփոթից։ Մարդիկ շատ վաղուց են հասկացել, որ խառնաշփոթը կյանքը դարձնում է անհարմարավետ, իսկ կանոնակարգումը, կազմակերպվածությունը հեշտացնում են կյանքը, եթե, իհարկե, կանոններն ու օրենքները չեն դառնում աստվածներ, կուռքեր, չեն պաշտվում ու դառնում այնքան ինքնանպատակ, որ սկսում են ծառայել հակառակ նպատակին, այսինքն՝ բարդացնում են կյանքը՝ հեշտացնելու փոխարեն։ Բնավ պարտադիր չէ, որ կանոններն ու օրենքները, որոնցով մարդիկ կազմակերպում են իրենց անձնական կամ հասարակության կյանքի տարբեր ոլորտները, լինեն բացարձակ ճիշտ կամ սխալ։ Դրանք կարող են լինել ընդունված պայմանականություններ, որոնք ճիշտ կամ սխալ կարող են ՀԱՄԱՐՎԵԼ՝ կախված նրանից, թե ո՛ր միջավայրում, ո՛ր ժամանակաշրջանում, ո՛ր հասարակությունում են ստեղծվել և ի՛նչ սկզբունքներով։ Երևի հիմա արդեն հասկացաք, թե ինչու եմ ես «ճիշտ» և «սխալ» բառերն այստեղ երբեմն գործածում չակերտներում։
Հետևաբար, ես այստեղ ներկայացնելու եմ ժամանակակից գրական արևելահայերենին բնորոշ գրագետ ու նախապատվելի ձևերը՝ ընդդեմ ոչ նախապատվելի ձևերի։
Կիսվել փորձով ու տպավորություններով → կիսել փորձն ու տպավորությունները
«ԿիսՎել + գործիական հոլով» կառույցը վերջին շրջանում, հատկապես սոցիալական ցանցերի ու համացանցային լրատվամիջոցների շնորհիվ, տարածված ռուսաբանություն է (делиться чем-то), որը գրական ու գրագետ հայերենում գործածելը խրախուսելի չէ։ Հայերենում կարելի է փոխաբերական իմաստով ԿԻՍԵԼ ինչ-որ բան ՄԵԿԻ ՀԵՏ, բայց ո՛չ՝ կիսՎել (երկու կես դառնալ, մասնատվել) ինչ-որ ԲԱՆՈՎ։ Հացը կիսՎում է դանակՈՎ։ Սենյակը կիսՎում է վարագույրՈՎ։ Վերջին երկու օրինակներում ամեն ինչ ճիշտ է և տրամաբանական։ Եվ այս օրինակներից հստակ երևում է, որ գործիական հոլովով դրված բառը (դանակ, վարագույր) իրական գործողությունը կատարողն է՝ այն առարկան, որը կիսում է իբրև ենթակա հանդես եկող առարկան (հացը, սենյակը)։ Հետևաբար, երբ ասում ենք, որ, օրինակ, մենք կիսՎում ենք փորձՈՎ, իրականում ասում ենք, որ փորձն է կիսում մեզ և ոչ թե մենք ենք կիսում ինչ-որ բան։
Ուրեմն՝ գրական հայերենում «կիսՎել + գործիական հոլով» ռուսապատճեն կառույցի փոխարեն պետք է ասել՝
կիսել փորձն ու տպավորություններն ինչ-որ մեկի հետ, կիսել ուրախությունն ինչ-որ մեկի հետ,
կամ գործածել այլ լեզվական միջոցներ, օրինակ՝
հաղորդակից դարձնել մեկին սեփական փորձին, տպավորություններին, ուրախությանը,
պարզապես ներկայացնե՛լ փորձը, տպավորությունները (ոչ թե անպայման «դրանցով կիսվել»)։
Ընդհանրապես կրավորական սեռի բայով ու գործիական հոլովով կազմված այսպիսի կառույցները, որոնցում գործիական հոլովով դրված գոյականը գործողությունը կատարողը չէ, այլ կրողը, հայաբառ են, բայց հայերեն չեն։ Ուստի հայերեն չէ նաև ինչ-որ բանՈՎ փոխանակՎելը։ Օրինակ՝ փոխանակՎել փորձՈվ, փոխանակՎել հեռախոսահամարներՈՎ։ Սրանցից պետք է խուսափել։ Հայերենում փորձը կամ հեռախոսահամարը «փոխանակում» ենք ինչ-որ մեկի հետ, նրանով չենք փոխանակՎում (որովհետև փոխանակվողը մենք չենք, այլ փորձն ու հեռախոսահամարը, ինչպես որ կիսվողն էլ մենք չենք, այլ փորձն ու տպավորությունները)։
Ամեն անգամ, որ կրավորական սեռի բայի հետ գործիական հոլովով գոյական պիտի գործածեք, մի պահ կանգ առեք ու մտածեք, թե արդյո՞ք կարող եք նույնն ասել ներգործական սեռի բայով՝ առանց «վ» բայածանցի, և գործիական հոլովի փոխարեն հայցական հոլով գործածելով, բայց նախադասության ենթական չփոխելով։ Եթե այո՛, ուրեմն «կրավորական սեռի բայ + գործիական հոլով» կառույցը մի՛ գործածեք. այն ռուսաբանություն է։
***
անգլերեն լեզու → անգլերեն
Ահա՛ մի օրինակ այն երևույթի, երբ տարբեր ժամանակներում միևնույն բանը կարող է մեկ ճիշտ համարվել, մեկ՝ սխալ։ «-երեն» վերջածանցով բառերը, որոնք որևէ լեզու են նշանակում (անգլերեն, հայերեն, ռուսերեն ևն), ժամանակին հանգիստ կարող էինք գործածել «լեզու» բառի հետ, նաև գրաբարում, և ոչ ոք սրանում «սխալ» չէր տեսնի։ Այդպես չէ, սակայն, այժմ։ Չգիտեմ՝ ով, երբ, լեզվաբանների ինչ շրջանակ, սակայն արդեն բավական ժամանակ է, որ անընդունելի և սխալ է համարում այսպիսի կառույցները՝ այն լիովին տրամաբանական բացատրությամբ, որ «-երեն»-ով բառերն արդեն իսկ լեզու են նշանակում, ուստի դրանց կողքին «լեզու» գոյականն ավելորդ է։ Ընդհանրապես, այսօր որևէ լեզվի լա՛վ գործածություն է համարվում այն, որը նույն իմաստն արտահայտում է ավելի քիչ բառերով, եթե հավելյալ բառերն իմաստային ոչ մի փոփոխություն չեն բերում, այլ անիմաստ երկարացնում են խոսքը։ Այս դեպքում էլ, եթե կարող ես իմաստն արտահայտել միայն մեկ բառով, ինչո՞ւ գործածել երկուսը, չէ՞։ Հետևաբար, դուք նույնպես խուսափեք այս կառույցներից։ Գրեք միայն «անգլերեն», «ռուսերեն», «հայերեն» և այլն՝ առանց «լեզու» բառի, կամ էլ՝ հայերենի և ռուսերենի դեպքում միայն՝ հայոց լեզու (բայց ո՛չ՝ հայերեն լեզու), ռուսաց լեզու (բայց ո՛չ՝ ռուսերեն լեզու)։
***
հարցրԵՑին → հարցրին
Թեև պատճառական բայերի անցյալ կատարյալի երկար ձևերը (-եցրԵՑի, -եցրԵՑիր, -եցրեց ևն) քերականորեն ճիշտ են կազմված, ավելին՝ քերականորեն ավելի ճիշտ են, քան կարճ ձևերը (-ցրի, -ցրիր, -ցրեց ևն), և թեև շատ տարածված են, սակայն գրական արևելահայերենում ճիշտ են համարվում կարճ ձևերը։ Ինչո՞ւ են երկար ձևերը սխալ համարվում։ Չգիտեմ։ Գուցե միայն այն պատճառով, որ ավելի երկար են։ Կանոններ կազմողներն ու դասագրքեր ստեղծողներն այդպես են որոշել. կարճ ձևերի վրա փակցրել են «ճիշտ» պիտակը, երկարների վրա՝ «սխալ», ուստի մենք էլ, հետևելով կանոններին, այսօր պետք է գրենք «հարցրի, հարցրիր, հարցրեց, հարցրինք, հարցրիք, հարցրին» և չպետք է գրենք «հարցրԵՑի, հարցրԵՑիր, հարցրԵՑինք, հարցրԵՑիք, հարցրԵՑին»։
Այսպես նաև ճիշտ են համարվում՝
բարձրացրի, իջեցրին, հասկացրիր ևն,
և սխալ՝
բարձրացրԵՑի, իջեցրԵՑին, հասկացրԵՑիր ևն։
***
դպրոցի կողմից պահանջված փաստաթղթերը → դպրոցի պահանջած փաստաթղթերը
«Կողմից» կապի գործածությունը սխալ ՉԷ, երբեմն այն նույնիսկ խիստ անհրաժեշտ է, սակայն այնտեղ, ուր հնարավոր է նրանից խուսափել, պետք է խուսափել, որովհետև «կողմից»-ի անհարկի գործածությունը խոտան է համարվում հայերենում։ Եթե գրենք «դպրոցի պահանջած փաստաթղթերը», կարտահայտենք նույն իմաստը, բայց ավելի կարճ ու սիրուն։ Ուրեմն նաև՝
ոչ թե «երեխաների կողմից պատրաստված խաղալիքներ»,
այլ՝
«երեխաների պատրաստած խաղալիքներ».
ոչ թե «ծնողների կողմից ստորագրված փաստաթուղթը»,
այլ՝
«ծնողների ստորագրած փաստաթուղթը»։
***
հոգաբարձության խորհուրդ, ընդունող հանձնաժողով, մանկավարժական խորհուրդ, քննական հանձնաժողով ևն
Այս բառակապակցությունները մասնավոր կառույցների անուններ չեն, այլ նշանակում են մի բան, որից շատ կա։ Կան բազմաթիվ հոգաբարձության խորհուրդներ, ընդունող հանձնաժողովներ, մանկավարժական խորհուրդներ, ինչպես որ կան շատ դպրոցներ, համալսարաններ, հիմնադրամներ և այլն։ Ուստի այս բոլոր բառակապակցությունները արևելահայերենում գրում ենք փոքրատառով։ Մեծատառով գրում ենք մասնավոր անունները՝ այն անունները, որոնցից շատ չկա, որոնք միայն մեկին են պատկանում։ Եթե մի խորհուրդ ունենա մասնավոր անուն, որը միայն այդ խորհրդի համար է ստեղծվել ու գործածվում, ապա այդ մասնավոր անունը կգրենք մեծատառով, իսկ դրան հետևող «խորհուրդ» բառը՝ դարձյալ փոքրատառով։
Սեդա Ստամբոլցյան
Կիսվել