Ժամանակակից գրականություն․ պանելային քննարկում

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Ժամանակակից գրականություն. ինչ կարդալ» խորագրով առցանց պանելային քննարկումը, որի խոսնակներն էին «ԵՐԵՎԱՆ» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող Արտավազդ Եղիազարյանը, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և «Այբ» դպրոցի հայոց լեզվի առարկայախմբի ղեկավար, դպրոցի ՀԽ անդամ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Անահիտ Հովհաննիսյանը: Հանդիպումը վարում էր «Այբ» դպրոցի 2014 թվականի մենտոր-շրջանավարտ Գայանե Արամյանը։

Հանդիպման բացումն արեց Սաթենիկ Մաղաքյանը Չարենցի «Տաղ՝ ձոնված գրքերին» բանաստեղծության ասմունքով։

Քննարկման ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնցից մեկն էր այն, թե արդյո՞ք հարատև է գրքի ֆենոմենը, թե ոչ։ «Այո՛, գիրքը ֆենոմեն է, և վերջին գիրքը կանհետանա միայն վերջին մարդու հետ», - պատասխանեց Արքմենիկ Նիկողոսյանը։

Քննարկվեցին ժամանակակից հայ գրողների հաջողությունները, նրանց նպատակը՝ գրական գործ ստեղծելիս։ Այն հարցին, թե ինչ խնդիրներ կան գրող-հրատարակիչ հարաբերություններում, պրն Նիկողոսյանը պատասխանեց, որ աշխատանքային կազմակերպման տեսանկյունից խնդիրներ չկան․ հիմնական խնդիրները կապերը ավելի դինամիկ և արդյունավետ դարձնելու մեջ են։

Խոսվեց նաև այն մասին, թե ինչ է փնտրում ընթերցողը գիրք կարդալիս։ «Ես՝ որպես ընթերցող, փնտրում եմ այլընտրանքային գրականություն։ Ինձ հաճելի է փախչել իրականությունից և գտնվել այն իրականության մեջ, որը գրողը ստեղծում է», - ասաց Անահիտ Հովհաննիսյանը։

Արտավազդ Եղիազարյանը նշեց, որ երեխային հնարավոր է սովորեցնել գիրք կարդալ՝ նրան ճիշտ պահին ճիշտ գիրք տալով։ Իսկ Արքմենիկ Նիկողոսյանն ավելացրեց, որ ընթերցասեր հասարակություն ունենալու համար ժամանակակից գրողները պետք է գրեն այն մասին, ինչ կատարվում է հենց հիմա։

Հանդիպման ավարտին խոսնակները վերհանեցին հետևյալ ժամանակակից ստեղծագործությունները, որոնք խորհուրդ են տալիս կարդալ միջին և ավագ դպրոցի աշակերտներին․

Արտավազդ Եղիազարյան – «Վիշապաքարի գաղտնիքը»,

Հրաչյա Սարիբեկյան – «Երկվորյակների արևը»,

Գրիգ – «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը», «Հիսուսի կատուն»,

Մհեր Իսրայելյան – «Մինչև մեռնելն ապրել է պետք», «Ես եմ աշխարհի թագավորը»,

Նիլ Գեյման – «Ամերիկյան աստվածներ»,

Վահրամ Մարտիրոսյան – «Բամբակե պատեր»,

Իլֆ և Պետրով – «12 աթոռ», «Ոսկե հորթը»,

Գուրգեն Խանջյան – «Ներսուդուրս»,

Համբարձում Համբարձումյան – «Կորեական դելիկատես»։

Արմենուհի Ստեփանյան, 10-րդ դասարան

Հանդիպման ձայնագրությունն այստեղ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>