Բոլորս էլ լսել ենք «քո մեկ քվեն շատ բան կարող է փոխել» կամ «պլաստիկի յուրաքանչյուր կտորը վնաս է մոլորակին» ու նմանատիպ այլ արտահայտություններ կամ էլ հանդիպել ենք արվեստագետների, ովքեր հսկա սեղանի վրա երկու նարինջ են դնում ու ասում. «Սիրուն ա, արվեստ ա»։
Սիրուն է, թե արվեստ՝ թողնենք անձերին։ Համենայն դեպս, դրանք բոլորը մինիմալիզմի դրսևորումներ են։ Ու դրանք բոլորն էլ առաջին հայացքից անիմաստ են թվում։ Անիմաստ՝ աննորմալ։ Այսինքն՝ նորմալ վիճակը գերմինիմալիզմն է կամ հիպերմինիմալիզմը կամ՝ ավելի մինիմալիզմը․․․ իսկ նորմալից աննորմա՞լ։ Իսկ ի՞նչ է միկրոմինիմալիզմը։
Անունս Գոգ է, կրճատ ասում են Գոհարիկ։
2018-19 ուսումնական տարվա ընթացքում 11-րդ դասարանցիները (ովքեր այժմ 12-րդցիներն են) անգլերեն առարկայի համար հավասար քանակով բաժանվել էին երկու խմբի։ Խմբերից մեկի ուսուցչի անունը Աննա էր, իսկ մյուսինը՝ Արմենուհի․ կամ ինչպես նրանց դիմում ենք դպրոցում՝ «միսս Էն» և «միսս Արմենուհի»։
Վերը նշված Գոգը կամ Գոհարիկը անգլերենի IGCSE քննությանը պատրաստվելու, սենյակը հավաքելու և խճճված ականջակալները վերջապես քանդելու փոխարեն վերցրեց հաշվիչը ու սկսեց անգլոմաթեմատիկական հաշվարկները։
Ուրեմն այսպես․
«Միսս Էն» ասելու միջին վիճակագրական տևողությունը 0,40 վայրկյան է, իսկ «միսս Արմենուհի» ասելունը՝ 0,75 վայրկյան։
Միջին վիճակագրական 40 րոպեանոց դասի ընթացքում աշակերտները ուսուցչին դիմում են 16 անգամ (մոտավորապես 2,5 րոպեն մեկ)։
Շաբաթական անգլերենի դաս լինում է 4 անգամ։
Առաջին կիսամյակի ընթացքում 11-րդցիները (ովքեր այժմ 12-րդ դասարանում են սովորում, ինչպես նշել էի) ունեցել են 40 րոպեանոց 60 դասաժամ, իսկ երկրորդ կիսամյակի ընթացքում՝ 68։
Ըստ իմ «մաթեմատիկական փայլուն գիտելիքների»՝ 60 + 68 = 128 հատ 40 րոպեանոց դասաժամ ամբողջ 2018-19 ուս․ տարվա ընթացքում։
128 x 16 = 2048-ական անգամ 2018-19 ուս․ տարվա ընթացքում անգլերենի դասաժամերին հնչել են «միսս Էն» և «միսս Արմենուհի»։
Տարեկան 2048 x 0,40 = 819.2 վայրկյան = 13,65 րոպե տևում է աշակերտի «միսս Էն» ասելը։
Տարեկան 2048 x 0,75 = 1536 վայրկյան = 25,6 րոպե տևում է աշակերտի «միսս Արմենուհի» ասելը։
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ պարզվեց, որ 2018-19 ուս․տարվա ընթացքում միսս Էնի խմբի երեխաները 25,6 – 13,65 = 11,95 րոպե ավելի ժամանակ են ունեցել սովորելու։
5 րոպե էլ քնեմ ու վեր կենամ
Այս արտահայտությամբ է ամեն առավոտ արթնանում վերոնշյալ Գոգը կամ Գոհարիկը։ Բայց երկար քնել պետք չէ․ ավտոբուսից կուշանանք։ Սակայն մինչ մեկը նոր է արթնանում, մյուսն արդեն ավտոբուս է նստում։ Ինչպես մաթեմատիկայիս ուսուցիչն է ասում՝ դիցուք, մեկը Գոհարիկն է (Սեմի դասարանցին), իսկ մյուսը՝ Սեմը (Գոհարիկի դասարանցին)։
Ուրեմն այսպես #2.
Դպրոցական ավտոբուսը նշանակված կանգառից Սեմին վերցնում է առավոտյան ժամը 07:56-ին, իսկ Գոհարիկին՝ 08:06-ին։
Դպրոցական օրվա ավարտից հետո Սեմն ավտոբուսով հասնում է տուն երեկոյան 17:33-ին, իսկ Գոհարիկը՝ 17:09-ին։
Գոհարիկն ու Սեմը անցնում են հավասար քանակով առարկաներ և ծախսում են նույնչափ ժամանակ տնային աշխատանքները կատարելու համար, հետևաբար քնում են, տուն հասնելու պահից սկսած, մոտավորապես նույնաչափ ժամանակ անց։
2019-20 ուս տարվա ընթացքում Սեմն ու Գոհարիկը կանցկացնեն համատեղ 213 դպրոցական աշխատանքային օր (շաբաթական 6 օր՝ չհաշված գարնանային և աշնանային արձակուրդները, տոները, հատուկ օրերը)։
Առավոտյան Գոհարիկը քնում է 08:06 – 07:56 = 10 րոպե ավելի և երեկոյան տուն հասնում 17:33 – 17:09 = 24 րոպե շուտ։ Մեկ օրվա հաշվով Գոհարիկը շահում է 10 + 24 = 34 րոպե։
2019-20 ուս․ տարվա հաշվով Գոհարիկը կշահի 213 x 34 = 7242 րոպե = 120,7 ժամ = 5,02 օր:
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ պարզվեց, որ 2019-20 ուս․տարվա ընթացքում Գոհարիկը ավելի քան 5 լրիվ օրվա չափ ժամանակ է ունեցել քնելու, քան Սեմը։ Հետևություն. հետագայում այս 5 օր պակաս քնած ժամանակը Սեմի օրգանիզմում կարող է հանգեցնել ճարպաթթուների խանգարված գործունեության, նյութափոխանակության արագության դանդաղեցման, խոցային կոլիտի, արյան ճնշման բարձրացման, սրտի կաթված ստանալու հավանականության մեծացման․․․ չմանրամասնենք։
Այս հոդվածը ոմանց դուր չի գա, ոմանք կծիծաղեն, ոմանք մինիմալիստ են, ոմանք էլ ուղղակի սիրում են իրենց կարճ անունը։ Ի՞նչ կարող ենք եզրակացնել․ դա նարնջի ու արվեստի նման է, թող մնան սուբյեկտիվ կարծիքներ։
Ամեն դեպքում, սա նման է փոքրիկ, բայց իրականում մեծ անարդարության, որը չունի ու չի կարող ունենալ որևէ լուծում։ Երևի դրա պատճառով է, որ մենք այսօր ասում ենք «միջին վիճակագրական» և ոչ «միակ ու հաստատուն»։ Երևի դրա լուծման արդյունքը կլիներ այն, որ իմ բոլոր դասարանցիները երեկվա ստուգողականից կստանային նույն գնահատականը, իմ երկրի բոլոր քաղաքացիները կունենային նույն իրավունքները, իմ մոլորակի բոլոր կենդանիները զերծ կմնային պլաստիկից։
Միկրոմինիմալիստ՝ Գոհարիկ Ադամյան, 12-րդ դասարան
Կիսվել