Տանը՝ դասի․ կրկնապատկում ենք պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը

Մարտի 12` ոչինչ չխոստացող սովորական օր. մոտ մեկ շաբաթ է, ինչ դասի ենք։ Պատրաստվում ես հաջորդ օրվան, ենթադրենք՝ քիմիայի խնդիր ես լուծում, հայերենի ստեղծագործական աշխատանք կատարում, պատմությունից էսսե կամ անգլերենից «project» գրում։ Հանկարծ տեղեկանում ես, որ մեկ շաբաթով հարկադիր արձակուրդի ես գնում, որովհետև կորոնավիրուսն ակտիվ տարածվում է։ Անհանգստանում ես, լարվում, լավ չէ։

Բայց արի անկեղծ լինենք՝ ուրախացար էլ, չէ՞։ Խնդիրներից, ստեղծագործական աշխատանքներից, էսսեներից ու project-ներից մի քիչ կհանգստանաս։ Երջանկությունը երկար չտևեց։ Նամակ Քլարիսից։ Վստահաբար բացում ես նամակը, որ համոզվես՝ մոտակա մեկ շաբաթը դասի չես գնալու, բայց․․․ Կարճ ասած՝ առցանց ուսուցում։

Դպրոցն անցնում է ուսուցման նոր ձևաչափի։ Թեև տանն ես, բայց դա չի խանգարում «Այբ» դպրոցի (անունը ճիշտ գրենք՝ մեծատառ «Ա»-ով և չակերտներով) դասապրոցեսն անցկացնել։ Սկզբից բարկացար, թե ինչո՞ւ պիտի արձակուրդին դաս անենք։

Հիմա շատերը մտածեցին՝ դեմ եմ այս ամենին, որ մեր դպրոցի ջանքերը չեմ գնահատում ու իզուր եմ համարում առցանց ուսուցումը։ Բայց՝ ո՛չ։ Այժմ ուզում եմ ապացուցել, որ երբ դատում ես սառը գլխով, առավելությունները և թերությունները իրար հակադրում, հասկանում ես, որ այս նոր ձևաչափը մի կարևոր, օգտակար և բացառիկ հնարավորություն է մեզ՝ աշակերտներիս համար, որ դպրոցն ընձեռել է մեզ։

Մարտի 13․ հետաքրքիր դաս խոստացող սովորական օր։ Ուրբաթ։ Սովորականի պես արթնանում ես 8։30-ին ու համակարգիչը վերցնում ձեռքդ։ Դասը սկսվում է։ Իհարկե, անսովոր է առցանց դաս անելը, իսկ վարելը՝ կրկնակի։ Մտածում էի, որ ոչինչ չի ստացվի․ կապը կվատանա, անհարմար կլինի, իրար հերթ չենք տա խոսելու․․․ Մտքումս հազար ու մի պատճառ գտա, բայց մի քանի ժամից զարմանալիորեն հիացած էի։ Դասն ավելի լավ անցավ, քան կարող էի պատկերացնել։ Այն արդյունավետ էր, հետաքրքիր, անգամ լի կատակներով։

Մենք օգտագործում էինք տարբեր ծրագրեր, տեսանյութեր։ Քիմիան սովորեցինք սահիկաշարով, կենսաբանությունը և մաթեմատիկան՝ աշխատանքային թերթիկով, ռուսերենի ժամին կատարեցինք քննարկում, ֆիզկուլտուրայի համար անգամ դիտեցինք տեսանյութ։ Ստացվում է՝ տանն ես ու միաժամանակ լիարժեք հաճախում ես դասերին։ Կատարվում է ներկա-բացակա, ստուգվում են տնայինները։ Մենք հետ չենք ընկնում ծրագրից (այսինքն՝ ամառը դասի չենք գա) և միաժամանակ տանն ենք՝ վիրուսից պաշտպանված։

Առցանց ուսուցման համակարգում հիմնականում տեսնում եմ դրական կողմեր և կարծում եմ, որ ինձ պես մտածող աշակերտներ շատ կան։ Վիրուսը չի կարող խոչընդոտ դառնալ գիտելիք ստանալու ճանապարհին։

Մերի Ղուլյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>