Հաղթանակի եռատոն․ փաստեր, ֆիլմեր, երգեր

Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից է, որն արտացոլում է հայ ժողովրդի հաղթանակն ու խաղաղությունը, քաջությունն ու միասնականությունը պատմական ամենանշանակալի և խորհրդավոր պահերին։ Այս տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է:

Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ աշխարհում ստեղծված արտակարգ դրությունը խաթարեց մի շարք կարևոր և նշանակալի իրադարձությունների կազմակերպումը։ Այնուամենայնիվ, այս արտակարգ օրը հիշելու և պատմական պահերը վերապրելու համար՝ հաղթանակած և դեպի հաղթանակը շարժվող ժողովրդին ոչինչ խանգարել չի կարող։ Այդ նպատակով առաջարկում ենք մի քանի րոպեով տեղափոխվել հաղթական անցյալ և ուսումնասիրել կարևոր և հետաքրքրաշարժ փաստեր մայիսյան եռատոնի մասին։

  • Մայիսի 9-ին նշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
  • Հայերը լուրջ ներդրում են ունեցել 1941-1945 թթ․ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի ապահովման մեջ: ԽՍՀՄ ժողովուրդների շարքում նրանք չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի ու հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդը՝ ԽՍՀՄ հերոսների ցանկում: Հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, Աղանով, և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ։ Պատերազմն ընթացել է երեք շրջանով, իսկ հաղթական օրը հենց մայիսի 9-ն է։
  • Շուշիի ազատագրումը Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է, որը տեղի է ունեցել 1992թ․ մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում՝ հայկական զինված ուժերի և կամավորական ջոկատների կողմից։
  • Շուշիի ազատագրումը հայտնի է նաև «Հարսանիք լեռներում» ռազմագործողություն անվանմամբ։ Ուղիղ 28 տարի առաջ էլ՝ մայիսի 9-ի առավոտյան, հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին այս ռազմական գործողությունը, ազատագրվեց Շուշին, և սա դարձավ բեկումնային և նախանշեց հետագա հաղթանակների ուղին։ Ռազմագործողության ընդհանուր հրամանատարը Արկադի Տեր-Թադևոսյանն էր (Կոմանդոսը)։ Վազգեն Սարգսյանն անիրագործելի էր համարում այս ծրագրի իրականացումը, ուստի Կոմանդոսը որոշեց․ Շուշին գրավելուց հետո լեռներում պետք է կազմակերպել Վազգեն Սարգսյանի հարսանիքը։ Ահա այսպես էլ ռազմական այս փառահեղ գործողությունը ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը։
  • Մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Արցախի պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992 թ. մայիսի 5-ին. բանակի ստեղծմամբ միավորվեցին դեռևս 1990 թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Հաղթանակի տրամադրություն․ երգեր և ֆիլմեր

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին նկարահանվել են լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ու կինոնկարներ։ Այդպիսիք են՝ «Битва за Севастополь», «Дорога на Берлин», «Сталинград», «А зори здесь тихие», «Кукушка» ֆիլմերը, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել։

Պատերազմի դժվարին, բայց և այնպես հաղթական ընթացքը հիանալի կերպով արտացոլվել է նաև երաժշտական ստեղծագործություններում։ Խորհուրդ ենք տալիս ունկնդրել հետևյալ ստեղծագործությունները՝ «День победы», «Офицеры», «Вот солдаты идут», «Нам нужна одна победа», «Жди меня»։

Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի, այնպես էլ Շուշիի և Արցախի ազատագրական պատերազմի մասին գրվել են մի շարք գեղեցիկ երգեր և նկարահանվել ֆիլմեր։ Կարծում ենք, որ դրանցից մի քանիսի հետ արժե ծանոթանալ։ Խորհուրդ ենք տալիս լսել Արթուր Գրիգորյանի «Շուշի», «Արցախ» և «Կյանք ու կռիվ», Սոնա Ռուբենյանի «Արցախ» երգերը, Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական ստեղծագործությունը և դիտել Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Արա Շահբազյանի «Մի՛ վախեցիր» ֆիլմերը։ Հուսով ենք՝ դրանք որոշ չափով ձեզ կփոխանցեն իրենց ոգեղեն ուժը։

Պատրաստեցին 10-րդ դասարանի աշակերտոներ Աիդա Ավետիսյանը և Արևիկ Մելիքյանը

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>