Ողջո՛ւյն։
Այս կեսկատակ-կեսլուրջ հոդվածը գրել եմ հենց քեզ «Այբ»-ի կյանքին ավելի ծանոթ դարձնելու համար։ Այս բոլոր խորհուրդները սեփական փորձով են ապացուցված։ Եթե «Այբ»-ի ապագա դիմորդ ես, ապա հավատացնում եմ. ներքոնշյալը կլինի ոչ միայն հետաքրքիր հոդված «Այբ»-ի ներքին խոհանոցի մասին, այլև այս խորհուրդները քեզ պետք կգան ապագայում մեր դպրոցի կյանքում ներգրավվելիս։
Տնայիններդ արա սեպտեմբերի 1-ից
Այո՛, ճիշտ կարդացիր։ Սեպտեմբերի 1-ին՝ դասերից հետո, երբ հասնում ես տուն, հաջորդ օրվա համար չունես անելու տնային աշխատանք։ Սակայն «Այբ»-ում դասերի ծանրաբեռնվածությունից չբողոքելու համար գնա տուն և արա այն առարկաների տնայինները, որոնք ունեցել ես հենց այդ օրը։ Դա իրոք կթեթևացնի գրաֆիկդ հաջորդ օրերի համար և կկարողանաս «ուրախացնել» օրգանիզմդ 8-ժամյա քնով։
Բաց մի՛ թող «ուրախ ժամերը»
«Այբ»-ում կան «ուրախ ժամեր», որոնք ուսուցչի հետ դասաժամերից դուրս անցկացվող խորհրդատվական հանդիպումներ են դասի ընթացքում չպարզաբանված հարցերը քննարկելու համար։ Հաճախ աշակերտներն ազատ ժամերի քիչ լինելու պատճառով գերադասում են պարզաբանումները թողնել հետոյին՝ քննությունից 1-2 օր առաջ։ Բայց, հավատացնում եմ, եթե տվյալ պահին առաջացած հարցդ ուսուցչին ուղղես քո նախաճաշից կամ ճաշից 10 րոպե տրամադրելով, դրանից միմիայն կշահես։
Ունեցիր «դպրոցի քո բաժակը»
Ամենակարևոր կետերից մեկն է։ Դպրոցում անցկացնում ես ցերեկվա 12 ժամից 8-ը։ Այդ ընթացքում շատ հաճախ ես ծարավում։ Կարևոր է իմանալ, որ մեր դպրոցը չի խրախուսում պլաստիկ բաժակների օգտագործումը՝ բնությանը չվնասելու նպատակով, ուստի, ձեռքի տակ բաժակ ունենալով, ցանկացած պահի կարող ես ջուր կամ թեյ խմել և թե՛ հաճույք ստանալ, թե՛ անվնաս պահել բնությունը։
Շփվի՛ր
Շփումն է դրականի սկիզբը։ Շփման մեջ մի՛ սահմանափակվիր միայն հասակակիցներովդ։ Դպրոցում ազատ ու ջերմ կարող ես շփվել բոլորի հետ՝ սկսած մաքրուհիներից և անվտանգության աշխատողներից, վերջացրած՝ ուսուցիչներով և տնօրինությամբ։ Պետք է մի կողմ դնել կաշկանդվածությունն ու ամաչկոտությունը և պարզապես բաց լինել բոլորի հետ։ Այդ դեպքում յուրաքանչյուրը, ում հետ կշփվես, կտա քեզ դրական լիցքեր, փորձառություն կամ էլ պարզապես հաճելի ընկերակցություն։ Համենայն դեպս, բոլորի հետ ազատ լինելը և շփվելը միմիայն դրական ազդեցություն կունենա քեզ վրա։
Օգնի՛ր
Շրջապատին օգնելով մենք ստանում ենք դրական զգացողություններ։ Ամեն ինչ պարզ է․ եթե տեսնում ես, որ հասակակիցդ դժվարություն ունի այն առարկայից, որով կկարողանաս նրան օգնել, արա՛ դա։ Բացի դրանից, հաճախ քո օգնության կարիքն են ունենում ուսուցիչները կամ աշխատակիցները, և ազատ լինելու դեպքում նրանց քո օգնությունն առաջարկելը ամենահաճելի ու մտերմիկ մթնոլորտը կարող է ստեղծել։
Համբերի՛ր
Համբերության կարիք «Այբ»-ում շատ կզգաս։ Մեծ գործերը ժամանակ են պահանջում: Եվ դա իրոք այդպես է։ Առաջին տարին «Այբ» ավագ դպրոցում կարող է այնքան էլ հաջող չստացվել, սակայն քեզ ընդամենը ժամանակ է պետք «Այբ»-ի պահանջներին և միջավայրին հարմարվելու համար։ Հենց սկզբից պետք է զինվել համբերությամբ և հասկանալ, որ ցանկության դեպքում դու կարող ես հասնել ամեն ինչի. միայն պետք է աշխատել և, որ ամենակարևորն է, չշտապել։
Ունեցիր նշատետր-օրացույց (planner)
Կարող է հնչել չափազանց տարօրինակ և անգամ ձևական։ Հենց այսպես էի մտածում ես, մինչև 1,5 տարի առաջ չորոշեցի գնել մի այսպիսի նշատետր։ Վերջինիս միջոցով կարողանում ես համակարգել օրդ, գրել այն ամենն, ինչը պիտի հասցնես անել։ Նախ՝ երբեք չես մոռանում անել ինչ-որ բան, երկրորդ՝ հաճախ, երբ հոգնած ես լինում և քնելու ցանկությունը շատ մեծ է լինում, այն մեկ դատարկ վանդակը, որում դեռ չի հայտնվել քո «+»-ը, ստիպում է գործն անել մինչև վերջ ու ամբողջությամբ։
Սիրով և «Այբ»-ում քեզ շուտով տեսնելու ակնկալիքով՝
Էլլա Ավագյան, 11-րդ դասարան
Կիսվել