Կրթամշակութային եռօրյա ծրագիր Մոսկվայի «Լետովո» դպրոցի անձնակազմի համար

«Այբ»-ում հյուրընկալել էինք «Լետովո» մոսկովյան դպրոցի ադմինիստրատիվ անձնակազմի ու ուսուցիչների պատվիրակությանը։ Նրանց համար կազմակերպել էինք «Կրթության ոլորտի ժամանակակից միտումները» թեմայով սեմինարներ և փորձի փոխանակման մշակութային-կրթական միջոցառումների ծրագիր։

Հյուրերը սկզբում շրջեցին դպրոցում, ծանոթացան կրթական միջավայրին, զրուցեցին գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի և համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանի հետ «Այբ» դպրոցի փիլիսոփայության ու առաքելության, կազմակերպչական կառուցվածքի, կառավարման մոդելի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների և ուսումնական ծրագրի մասին։

«Լետովո» դպրոցի անձնակազմի համար սեմինար վարեց ուսուցիչների զարգացման բաժնի ղեկավար Անահիտ Հարությունյանը։

Նախագծային ուսումնառության կազմակերպման հիմունքները ներկայացրին ՆՈՒ ծրագրի ղեկավար Արաքսյա Մարտիրոսյանն ու դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, «Այբ» կրթական հիմնադրամի «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասին պատմեց հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, իսկ կենսաբանության ուսուցիչ Զարուհի Կարաբեկյանը սեմինար վարեց «Հետազոտահեն ուսուցում» խորագրով։

Հյուրերի համար նաև ճանաչողական մշակութային ուղևորություն կազմակերպեցինք Հայաստանի տեսարժան վայրերում ռուսերենի ուսուցիչ Կիմա Վանեսքեհյանի ուղեկցությամբ։ Հյուրերը եղան նաև «Այբ» ընտանիքի անդամ Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

«Լետովոյի» թիմի եռօրյա կրթամշակութային այցն «Այբ» ու Հայաստան ավարտվեց դպրոցի սեղանատանը ավանդական ընթրիքով և վկայագրերի շնորհումով։ Եվս մեկ դպրոցով ընդլայնվեց «Այբ»-ի գործընկեր կրթական հաստատությունների ցանկը։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>