Համաշխարհային էկոլոգիական խնդիրներին այբեցիները տալիս են «կանաչ» լուծումներ

«Կանաչ քիմիա»-ն «Այբ»-ի նախագծային ակումբներից է, որը զբաղվում է էկոլոգիական խնդիրներին «կանաչ»՝ էկոլոգիապես մաքուր, լուծումներ տալով։ Տարվա ընթացքում մեր գործունեությունը ծավալվում է գրականության ուսումնասիրումից սկսած մինչև հետազոտական ու գործնական աշխատանքներ։ Մեր գործունեության հիմնական նպատակը աշխարհը էկոլոգիապես ավելի կայուն դարձնելն է։ Այս տարի զբաղվում ենք միանգամից 4 նախագծերով, որոնք որպես վերջնական արդյունք տալու են տարբեր արտադրանքներ։

Առաջին նախագիծը կոչվում է «Համով էներգիա»։ Աշխարհում մեծ քանակությամբ սննդային թափոնների ուսումնասիրումը թիմի բոլոր անդամներին հավաքեց մեկ գաղափարի շուրջ` ստեղծելու սարք, որը սննդային մնացորդներից կարտադրի բիոգազ և պարարտախառնուրդ (կոմպոստ), որոնք կարելի է օգտագործել թե՛ մեծ, թե՛ փոքր տնտեսություններում: Թիմն արդեն նախագծել է սարքի նախնական մոդելը, իսկ հիմա զբաղված է վերջնական սարքի պատրաստմամբ:

Երկրորդ նախագիծը «СO2-ի արտանետումներ»-ն է, որն իրականացնող աշակերտների խումբը փորձում է նվազեցնել մթնոլորտում առկա ածխաթթու գազի քանակը։ Խնդրին լուծում փորձում են տալ երկու ճանապարհով. խմբի անդամների մի մասը նախագծում է ֆիլտր, որը պետք է օգտագործվի գործարաններում և կլանի արտադրված ածխաթթու գազը։ Իսկ անդամների մյուս մասը փորձում է վեր հանել այն ճանապարհները, որոնք կարող են արագացնել ֆոտոսինթեզի գործընթացը, պրոցես, որը ածխաթթու գազի և այլ ելանյութերի կլանմամբ առաջացնում է գլյուկոզ ու թթվածին։

Երրորդ նախագիծը RenéMask-ն է, որը ձևավորվել է 2020 թ. մայիսին, երբ դիմակներով աղտոտվածության վտանգը նոր էր արմատանում, և մի խումբ աշակերտներով որոշեցինք լուծում գտնել խնդրին։ Նախագծի նպատակը բժշկական դիմակների վերամշակման գիտական, բայց միաժամանակ էկոլոգիապես կայուն ճանապարհի որոնումն էր։ Ամիսների ուսումնասիրությունների, գիտափորձերի ու քննարկումների արդյունքում մշակվեց լաբորատոր պայմաններում դիմակներից փոքր էկոլոգիական հետքով վառելանյութի ստացման մեթոդն ու նախագիծը։ Իսկ այժմ, ելնելով վերը նշված խնդիրներից, նախագիծն ընդլայնում է իր հետազոտական ոլորտները՝ կենտրոնանալով նաև պլաստիկների վերամշակման վրա և փորձելով վերամշակման մեթոդը հասցնել էկոլոգիապես կայուն լուծման: Վերամշակման արդյունքում առաջանում են վառելիք և կենսամնացորդ, որոնք արտադրական և գյուղատնտեսական ոլորտներում մեծ կիրառություն կարող են ունենալ: Այսպես, RenéMask-ը լուծում է առաջարկում միանգամից երկու մտահոգիչ խնդիրների՝ շրջակա միջավայրի՝ պլաստիկով աղտոտվածությանը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկին։

«Կանաչ քիմիա» նախագծային ակումբի վերջին նախագիծը «Բիոպլաստիկներ»-ն է։ 2016 թվականին ակումբը կարտոֆիլային հումքից բիոպլաստիկներ ստանալու նախագիծ իրականացրեց, որը հաջողության հասավ։ Այժմ դպրոցն ունի ստեղծված բիոպլաստիկների համար արտոնագիր։ Այս տարի թիմն աշխատելու է բիոպլաստիկների արտադրական սարքի նախատիպը ստեղծելու վրա։

Էմիլ Փանոսյան, Ինգա Թումանյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>