Անկեղծության պահեր Հրանտ Թոխատյանի հետ

«Այբ»-ում անկեղծության պահ էր. կարմիր աթոռին Հրանտ Թոխատյանն էր նստած՝ այբեցիներով շրջապատված։ Մոտ 5 տասնյակ հարցերը հնչեցին երկու փուլով։ Եվ ահա՛ թե ինչպիսին էր դերասան, հաղորդավար, ուսուցիչ Հրանտ Թոխատյանը անկեղծանալիս։

ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ես ունեմ մի երազանք, որը, հույս ունեմ, դեռ կկարողանամ իրականացնել մի օր։ Միշտ երազել և երազում եմ ծաղրածու դառնալու մասին։ Երազանքս չի իրականացել, քանզի թատրոնն իմ նախատեսածից շատ ժամանակ խլեց, խլեց նաև ուսուցչության համար նախատեսված ժամանակից։ Ծաղրածու լինելը նույնիսկ մասնագիտություն չէ, ապրելակերպ է, լավագույն ապրելակերպը։ Ես այն երջանիկներից եմ, որ անձամբ ծանոթ եմ եղել Լեոնիդ Ենգիբարովի հետ։ Նրան տեսնելով մանեժում ՝ փոքրուց ոգեշնչվել եմ։

ՈՒՍՈՒՑԻ՞Չ, ԹԵ՞ ԿԱՄԵՐԱՅԻՆ

Ես չեմ ընտրել դերասան դառնալը, այդ մասնագիտությունն է ընտրել ինձ։ Ես որպես մասնագիտություն ընտրել էի ուսուցչությունը և մինչև այժմ այն սիրում ու դրանով զբաղվում եմ։ Իսկ հետո ընկերներիս հետ մեր ձեռքերով կառուցեցինք թատրոն՝ թատրոնի շենք։ Երևանի կամերային թատրոնն էր։ Ու ակամայից մենք դարձանք դերասաններ։ Հետո թատրոնն ունեցավ հաջողություններ։ Իսկ այնտեղ աշխատողները պետք է ունենային թատերական կրթություն։ Մեր մեջ կային բազմաթիվ տարբեր ոլորտների մասնագետներ՝ սկսած բժշկից, վերջացրած երաժիշտով։ Ուզած-չուզած՝ ամենքս վերցրինք գրքեր ու սկսեցինք ինքնակրթվել։

Լավ դերասանը պետք է լինի խելքի, կրթության, ճաշակի ու ինտելեկտի ամբողջություն։

Իմ ամենադժվար գիշերը եղել է 1976 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը։ Այդ գիշերվա ընթացքում ես պետք է որոշեի առավոտյան գնալ դպրո՞ց որպես ուսուցիչ, թե՞ գնալ թատրոն։ Կյանքիս ամենածանր որոշումն է եղել։ Երկար մտորումներից ու մենամարտերից հետո, շատ չնչին առավելությամբ, հաղթեց թատրոնը։

Մինչ օրս կասկածում եմ՝ ճի՞շտ էր այդ որոշումը, թե՞ ոչ։ Ու, եթե այսօր էլ ունենայի հնարավորություն, կցանկանայի աշխատել դպրոցում։

ՏԵՍՆԵ՞Լ, ԹԵ՞ ԼՍԵԼ

Եթե ընտրության առաջ կանգնեմ չտեսնելու և չլսելու միջև, կընտրեմ չլսելը։ Միգուցե այս ընտրությունս բխում է դերասանի մասնագիտությունից։ Տեսողությամբ կարելի է ավելի վստահ լինել բեմի վրա։ Այժմ համատեղ ծրագիր ենք իրականացնում լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Նրանց համար, ովքեր տեսողական խնդիրներ ունեն, շատ ավելի բարդ է խաղալը, քան լսողության խնդիրներ ունեցող անձանց։

ՇԱՀԱԴՐԴՈՒՄ

Ինձ դրդում են առաջ գնալ ու զարգանալ միայն վաղվա օրը, հավատն իմ ուժերի հանդեպ և վստահությունն այն ծրագրերի հանդեպ, որոնք ուզում եմ իրականացնել։ Եթե ունեք երազանք, ապա շատ կարևոր է, որ ամեն գնով հետևեք ու հասնեք դրան։ Քանզի երբ մի երազանքը կատարվում է, ծնվում է նորը,. ինչն էլ ամենակարևորն է կյանքում։

Էլլա Ավագյան, 11-րդ դասարան

Tweets by AybSchool
>