
Մարտի 9-ին «Այբ» դպրոցում մեկնարկեց Եվրոպական լեզուների շաբաթը, որը նվիրված էր լեզվական բազմազանությանը, եվրոպական ժողովուրդների մշակույթների ճանաչմանը և միջազգային հաղորդակցության զարգացմանը։
Այս տարի շաբաթն առանձնահատուկ էր լեզվական բազմազանությամբ. դպրոցում ուսումնասիրվող չորս եվրոպական լեզուները՝ ռուսերենը, գերմաներենը, ֆրանսերենը և իսպաներենը, անպակաս էին դպրոցական միջավայրից։ Աշակերտները հնարավորություն ունեցան ավելի խորությամբ ծանոթանալու ոչ միայն լեզուներին, այլև համապատասխան երկրների պատմությանը, ավանդույթներին և մշակութային առանձնահատկություններին։
Շաբաթվա ընթացքում անցկացվեցին բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ՝ կրթական խաղեր, վիկտորինաներ, փոքրիկ նախագծեր, քվեստներ, ներկայացումներ և կինոդիտումներ։ Դպրոցի միջավայրը վերածվել էր փոքրիկ Եվրոպայի, որտեղ յուրաքանչյուր անկյուն ներկայացնում էր տարբեր երկրների յուրահատուկ մթնոլորտը։
Հատուկ ուշադրության արժանացավ մարտի 13-ը, որը նվիրված էր եվրոպական երկրների ազգային տարազներին։ Այդ օրը աշակերտներն ու ուսուցիչները դպրոց էին եկել գերմանախոս երկրների, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ռուսաստանի ազգային հագուստներով կամ դրանց բնորոշ տարրերով։ Դպրոցը լցվել էր գույներով, զարդանախշերով և մշակութային ինքնատիպությամբ, և յուրաքանչյուր աշակերտի արտաքին պատմում էր մի երկրի պատմության ու ավանդույթների մասին։
Եվրոպական լեզուների շաբաթը դարձավ ոչ միայն կրթական, այլև մշակութային կարևոր փորձառություն։ Այն նպաստեց աշակերտների լեզվական գիտելիքների խորացմանը, տարբեր մշակույթների նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային հաղորդակցության կարևորության գիտակցմանը։
Նարե Մովսիսյան
12-րդ դասարան