«Այբ»-ի աշակերտները՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող

Երեք մրցանակ՝ երեք նախագծի համար, որոնցից մեկը Հայաստանը կներկայացնի գիտության միջազգային փառատոնում. «Այբ» դպրոցը մասնակցեց Հայկական համադպրոցական փառատոնին նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի նախագծերով, որոնք էին՝ «Կենսապոլիմերային թաղանթի ստացման սարք», «Ռենեմասկ» և «Փաուերֆիլ»:

Կենսապոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծը հայտնվել է 4 լավագույն հաղթող նախագծերի ցանկում։ Նախագծի վրա աշխատող աշակերտների մրցանակը հնարավորությունն է մեկնելու ԱՄՆ՝ մասնակցելու 2023 թ. մայիսի 14-19 կայանալիք Regeneron International Science and Engineering Fair (ISEF)-ին, որն աշխարհի ամենամեծ գիտական մրցույթներից է։ Աշակերտները նախագծել են սարք, որն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Փառատոնին ներկայացվել են կենսապոլիմերի որակական հատկանիշները բարելավելուն միտված փորձերը, ինչպես նաև սարքի 3D մոդելը, որի հիման վրա ստեղծվելու է արտադրական սարքը։

«Ռենեմասկ» նախագիծը Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մրցանակակիր է դարձել «Քիմիա» անվանակարգում։ «Ռենեմասկ» նախագիծը մեծ հաջողություններ է գրանցել 2022 թվականին՝ միջազգային The Earth Prize բնապահպանական մրցույթի եզրափակիչ փուլում ներկայացնելով Հայաստանը։ Մրցույթին հայտ էր ներկայացրել 114 երկրից 516 դպրոց, ընդհանուր՝ 650 թիմ, և մեր նախագիծը, լավագույն տասնյակում հայտնվելով, մրցել է աշխարհի տարբեր երկրների ամենահաջող 9 նախագծերի հետ։ «Ռենեմասկի» թիմը դեռևս կորոնավիրուսային համաճարակի շրջանում մշակել էր դիմակների թափոններից այլընտրանքային վառելանյութի ստացման ծրագիր։ Դիմակները, որպես պլաստիկ ախտահանվելով և մանրացվելով, անցնում էին մշակման փուլ, և թորման արդյունքում ստացվում էր հանածո վառելիքին փոխարինող այլընտրանքային էներգիայի աղբյուր, ինչպես նաև պինդ մնացորդ, որը կրային հավելումից հետո կարող է օգտագործվել շինարարության մեջ։ Փառատոնին ներկայացվել է նախագիծը, և աշակերտները պատմել ու ցուցադրել են ինչպես դիմակներից, այդպես էլ այլ պլաստիկների մշակումից ստացված վերջնանյութերը։

«Փաուերֆիլ» նախագիծը, ի տարբերություն նախորդ երկու նախագծերի, ծնունդ է առել 2023 թվականին և նույնպես մրցանակակիր է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի «Քիմիա» անվանակարգում։ Այս նախագծի շրջանակում աշակերտները մշակել են սարք, որը խողովակային մոդելի միջոցով կկլանի ածխածնի երկօքսիդ գազը իր մեջ առկա աբսորբենտի միջոցով՝ այդպիսով նվազեցնելով ջերմոցային գազի վտանգավոր արտանետումների քանակը մթնոլորտ։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնին «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել է եզրափակիչ փուլում:

Իլոնա Արտազյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>