Արտակարգ Գյումրի․ շրջայց պատմամշակութային վայրերով

Ըստ Forbes ամսագրի՝ 2020 թ. «Այցելության ամենագրավիչ վայրերի» առաջին 20-յակում է Գյումրին։ Հպարտանալու առիթ է։

Գյումրին վերակառուցվում է։ Ամենուր կարելի է տեսնել շինարարական աշխատանքներ։ Սակայն, որքան էլ նոր շենքեր, կառույցներ, պալատների մեծության ռեստորաններ կառուցվեն, միևնույն է, քաղաքի իրական գեղեցկությունն ու գրավչությունը, ըստ իս, ապահովում են արձանները, թանգարանները և եկեղեցիները։ Շրջենք, ու պատմեմ մի քանիսի մասին։

Տեղացիներին քաջ հայտնի է «Ձիթողցոնց» տուն-թանգարանը, որում ամփոփված են Գյումրու մշակութային առանձնահատկությունները։

Թանգարանի կողքին Անդրանիկի զբոսայգին է։ Զբոսայգին լի է նշանավոր հերոսների արձաններով, որոնց դիմաց՝ մուտքի մոտ՝ բարձունքին, իր Ասլան ձիով կանգնած է Անդրանիկը՝ կարծես սպառնալից նայելով վարակին։

Անդրանիկի զբոսայգուց տեղափոխվենք «թադռոնի դուռ»։ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում կանգնեցված են Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկի) արձանները։ Ֆրունզիկը, կարծես, զարմացած է «էս մեր ժողովրդի խելքի վրա, ԽԵԼՔԻ՛ ԱՇԵՑԵՔ»։

Հիշենք նաև «Մեր մանկության տանգոն»։ Ինչպես ինքն է ասում՝ աշխարհը կլոր է, ու թատրոնից մի քանի հարյուր մետր հեռու ՝ Գորկու անվան զբոսայգու կողքին, երկրաշարժի ծանր հարվածի հետքերն իր վրա կրած, կանգնած է նշանավոր ֆիլմի «Գագիկենց» տունը։ Ինչքան էլ երկրաշարժի հետքերը խոր էին, մեկ է, բոլորը գոնե տան «բալկոնը» կհիշեն։

Տան աջ կողմին տեսնում ենք գրվածք՝ «Մոտիկ հարևանը երկու բարեկամից լավ է»։ Այսպիսի կիսահումոր, իմաստուն գրվածքների շատ կհանդիպեք Գյումրիում, դրանք շատ անկյուններում կան։

Գյումրու ամենանշանավոր հրապարակը մինչ 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժը «Ֆանտաններն» էին։ Այսօր «Ֆանտանները» լքված ծայրամասում են գտնվում։ Սակայն պետք չէ անհանգստանալ։ «Ֆանտաններն» իրենց պահակն ունեն՝ հանձին այս շնիկի։ Հուսանք՝ մի օր «Ֆանտաններն» էլի կդառնան զբոսայգի, ժամանցի վայր։

Վահան Հակոբյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>