2006 թվականին ստեղծվեց «Այբ» հիմնադրամը։ Նույն թվականին են ծնվել «Այբ»-ի 12-րդ սերնդի ներկայացուցիչները և «Այբ» տարրական դպրոցի առաջին սաները։
Ամբողջություն և կատարելություն խորհրդանշող թիվը կրող սերնդի ավարտական հանդիսությունը տեղի ունեցավ հուլիսի 6-ին։ 50 շրջանավարտներ համալրեցին «Այբ»-ի շրջանավարտների համայնքը, և այսպիսով «Այբ» դպրոցն իր գոյության բոլոր տարիներին տվել է 579 շրջանավարտ։
«Դպրոցը հավերժ է շրջանավարտներով, և շրջանավարտները ևս հավերժական կլինեն, քանի դեռ կա դպրոցը։ Սա այն շղթան է, որ ապահովում է հավիտենականությունը»,- շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշում է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։
Խոսելով «Այբ»-ի ու շրջանավարտների յուրահատուկ կապի մասին՝ Դավիթ Սահակյանը հավելում է. «Համայնքի միասնության մեջ շրջանավարտների դերը գերկարևոր է։ Դուք եք «Այբ»-ի տերերը, և դուք այդ լույսը տարածում եք։ Այսօր միանալով «Այբ» համայնքին՝ դուք հզորացնում եք այդ համայնքը, և այդ համայնքը հզորացնում է ձեզ»։
Շրջանավարտներին բարի երթ մաղթեցին դպրոցի ՀԽ նախագահ Սարգիս Բադալյանը, շրջանավարտների ակումբի նախագահ Եվա Արևիկյանը և ամերիկահայ քաղաքական գործիչ Ադրին Նազարյանը։
«Այբ» համայնքի անունից ելույթ ունեցավ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ հորդորելով պայծառ երիտասարդներին սիրահարվելու այն ամենին, ինչով զբաղվում են։ Իր կյանքից օրինակներ բերելով՝ տեր Մեսրոպը դիմում է շրջանավարտներին. «Ոչ ստանդարտ մտածողություն, ոչ ստանդարտ խնդիրներ լուծել: Դա շատ կարևոր հարց է, որովհետև կյանքում ամեն ինչ չէ, որ ստանդարտ է: Կյանքում իռացիոնալ խնդիրների քանակը անհամեմատ ավելի շատ է ռացիոնալ խնդիրներից, ինչպես իռացիոնալ թվերը անհամեմատ ավելի շատ են ռացիոնալ թվերից: Այնպես որ դուք շատ հաճախ ձեր կյանքում հանդիպելու եք ոչ ստանդարտ իրողությունների և պետք է պատրաստ լինեք դրանց»:
Իրենց հերթին շրջանավարտները շնորհակալական խոսք ուղղեցին բարերարներին, որ լավ կրթություն ստանալու հնարավորություն են տվել իրենց։
«Հաջողության ճանապարհն ունի սկիզբ, և մենք այն հաջողակներն ենք, ովքեր ունեցան այս մեկնակետից սկսելու հնարավորություն»,- երախտագիտությամբ նշեցին 2024 թվականի Տարվա շրջանավարտներ Տիգրան Մոսիկյանը և Սյուզաննա Խալաթյանը։
Ավանդույթի համաձայն՝ 10 տարի անց կբացվի տուփը, որտեղ 12-րդ սերնդի շրջանավարտների նամակներն են՝ ուղղված իրենց՝ ապագայում։
Այնուհետև սկսվեց ավարտական դիպլոմների և մենտորության ծրագրի հավաստագրերի հանձնման արարողությունը։ Այն խորհրդանշում է շրջանավարտների անցումը դպրոցից դեպի հասուն կյանք, «Այբ»-ի աշակերտի կարգավիճակից դեպի «Այբ»-ի շրջանավարտի և մենտորության ծրագրի սանի կարգավիճակ։ Այս կարևոր իրադարձությունը ոչ միայն ընդգծում է շրջանավարտների ձեռքբերումները, այլև ամրապնդում անբաժանելի կապը դպրոցի հետ: Շրջանավարտների շարունակական ներգրավվածությունը դպրոցի կյանքում վկայում է «Այբ»-ի արժեքների մնայունության և «Այբ» համայնքի միասնության մասին:
Ավարտական հանդիսությանը հաջորդեց մենտորության ծրագրի արարողությունը։ Մենտորության ծրագիրն «Այբ»-ի գաղափարական հիմնաքարերից մեկն է, որը գործում է ի նպաստ «Այբ»-ի առաքելության իրականացման։ Այսօր «Այբ» դպրոցն ունի 102 շրջանավարտ մենտոր և 19 բարերար մենտոր։
Արարողության ընթացքում մենտորներն իրենց սաներին հանձնեցին շրջանավարտի կախազարդը՝ խորհրդանշելով «Այբ» համայնքի համալրումը նոր անդամներով։
Օրն ավարտվեց ավանդական ճաշի սեղանի շուրջ, որ համեմված էր մտերմիկ զրույցներով և իհարկե ազգային պարով։