«Այբ»-ում տեղի ունեցավ «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովը

«Այբ»-ում գիտության հրավառություն էր։ Հյուրընկալել էինք «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովը։ Այն նախաձեռնվել էր ու իրականացվեց գործընկեր դպրոցների հետ, որոնք են՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը, «Քվանտ» վարժարանը, Լևոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցը, «Ֆոտոն» վարժարանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ վարժարանը, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցը և «Երևակ» կրթահամալիրը։

Աշակերտական գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 120 աշակերտ և 32 ուսուցիչ Երևանից և Տավուշի, Լոռու, Շիրակի, Արմավիրի, Սյունիքի մարզերի 23 դպրոցներից: Մասնակիցները ներկայացան 39 խմբով՝ հանդես գալով բանավոր զեկուցումներով, պաստառների և գիտափորձերի ցուցադրությամբ:

Փառատոնի մեկնարկին ներկաների համար հետաքրքիր բանախոսությամբ հանդես եկավ կենս. գիտ. թեկնածու Արմեն Ոսկանյանը:

Համադպրոցական գիտաժողովի գիտական հանձնաժողովի կազմում էին՝

  • կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը,
  • մոլ. և բջջ. կենս. գիտ. դոկտոր Արսեն Առաքելյանը,
  • քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը,
  • քիմ. գիտ. թեկնածու Արմեն Գալստյանը,
  • բժշկ. գիտ. դոկտոր Հայկ Միրզոյանը,
  • ֆիզ-մաթ. գիտ. թեկնածու Գագիկ Գրիգորյանը,
  • մանկ. գիտ. դոկտոր Արմեն Ծատուրյանը,
  • մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Սիլվա Խրիմյանը:

Փառատոնի մասնակիցները ստացան մասնակցությունը հաստատող հավաստագրեր:

Գիտական խորհրդի իրականացրած վերլուծության արդյունքում մրցանակներ շնորհվեցին վեց խմբերի՝ հետևյալ անվանակարգերում․

«Հետազոտական աշխատանքի լավագույն գաղափար» մրցանակին արժանացան Լևոն Միրիջանյանի անվան հ․ 155 հիմնական դպրոցի աշակերտները՝ «Թափառող կենդանիներ․ երեխաների ուրախությա՞ն, թե ճիճվային հիվանդությունների մշտական աղբյուր» թեմայով բանավոր զեկույցի համար, ղեկավար՝ Էլիզա Թորոսյան։

«Լավագույն հռետորական արվեստ» մրցանակին արժանացան «Երևակ» կրթահամալիրի սաները՝ «Արագած լեռնազանգված (լեռնագրություն, ջրագրություն, վիշապաքարերը)» թեմայով պաստառային զեկույցի համար, ղեկավար՝ Մերի Աբրահամյան:

«Գիտական աշխատանքի գերազանց ներկայացում» անվանակարգում հաղթեցին «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի աշակերտները «Շաքարային դիաբետը դեռահասների շրջանում» թեմայով բանավոր զեկույցով, ղեկավար՝ Ռուզաննա Սիմոնյան։

«Լավագույն խմբային աշխատանք» անվանակարգում լավագույնն էին ՀՀ ԿԳՄՍՆ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ֊ի աշակերտները «Կաթնային նոր մթերք հարստացված վիտամին C-ով» թեմայով բանավոր զեկույցով, ղեկավար՝ Արմինե Հովհաննիսյան։

«Լավագույն կրտսեր ներկայացուցիչ» մրցանակը կիսեցին «Այբ» հիմնական դպրոցի աշակերտները «Բնական գործվածքի վրայից գուաշի կեղտաբծերի հեռացման մեթոդների արդյունավետությունների գնահատում» թեմայով պաստառի ներկայացման համար, ղեկավար՝ Արսեն Քիշմիրյան, և «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Դ․Վարուժանի անվան № 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները «Առողջ նախաճաշը որպես կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոց» թեմայով պաստառի ներկայացման և բանավոր զեկույցի համար, ղեկավար՝ Արմինե Գրիգորյան։

«Լավագույն ավագ ներկայացուցիչ» մրցանակին արժանացան ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց «3D տպագրությամբ պատրաստված իմպլանտները բժշկության մեջ» թեմայով պաստառի ներկայացման համար, ղեկավար՝ Ռուբինա Հարությունյան:

Գիտաժողովի մասնակիցների համար անցկացվեց նաև ազգային պարերի բաց դաս «Այբ» դպրոցի պարուսույց Գագիկ Գինոսյանի և պարի խմբի մասնակցությամբ։

Փառատոնը եզրափակվեց «Այբ» դպրոցի երգչախմբի ելույթով. հնչեց Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, խմբավար՝ Անահիտ Պապայան, նվագակցեց Կատարինե Հովհաննիսյանը։

Գիտության փառատոնը հնարավորություն է դեպի գիտության բազմահրաշ աշխարհ ևս մեկ քայլ կատարելու, իրականացնելու փորձի փոխանակում և ձեռք բերելու ծանոթություններ:

Մասնակիցները, գիտությամբ խանդավառված, միմյանց հաջողություն մաղթեցին՝ հաջորդ փառատոնին է՛լ ավելին ներկայացնելու մտադրությամբ:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>