10+1 փաստ ցեղասպանության մասին, որ պետք է հիշենք յուրաքանչյուրս

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել։ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։

Ստորև՝ 10 փաստ մարդկության դեմ կատարված սարսափելի ոճիրներից մեկի մասին։

1. Հայերի համակարգված ջարդեր են տեղի ունեցել 1894-96 թթ․ և 1915-23 թթ․։

2. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։

3. 1915 թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, ուստի ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց ցեղասպանության օր։

4. Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

5. Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։

6. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրի հեղինակներն են քանդակագործ Վան Խաչատրյանը և ճարտարապետներ Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը։ Ավանդության համաձայն՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցելու։

7. Ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ», «Մայրիկ», «Արարատ», «Արտույտների ագարակը», «Արամ», «Ճչացողներ», «Խոստումը»։

8. Ցեղասպանության ընթացքում, սակայն, որոշ շրջաններում հայերը չեն հրաժարվել պայքարից։ Հիշատակության են արժանի Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի հերոսամարտերը և ապստամբությունները։

9. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել իրագործել «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին, այդ թվում՝ Ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին, դավաճաններ Վահե Իհսանին (1915 թ․-ին Կ․Պոլսի հայ մտավորականների ցուցակագիր) և Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։

10. 2015 թ․- ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ այդուհետև համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։

10+1․ 1939 թվականին՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին, Հիտլերը, որպեսզի համոզի իր հրամանատարությանը, որ աշխարհը կմոռանա լեհերի դեմ ձեռնարկվելիք անողոք գործողությունները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում՝ հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Վահե Դաբաղյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>