Գիտնականի ուղին․ առցանց հանդիպում Գարիկ Իսրայելյանի հետ

Արտակարգ իրավիճակն ու մեկուսացումը խոչընդոտ չդարձան «Այբ» դպրոցի դասապրոցեսի համար. ուսուցումը բնականոն հունով շարունակվում է, պարզապես արվում է հեռավար։ Նույն կերպ «Այբ» համայնքը չի դադարել «հյուրընկալել» ակնառու գործիչների, ովքեր առցանց կիսում են իրենց փորձն աշակերտների հետ։ Նրանց թվում է նաև աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «Ստարմուս» (Starmus) փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը: Աշակերտների հետ հանդիպմանը նա պատմեց իր մասնագիտական ընտրության, աստղաֆիզիկայի հանդեպ հետաքրքրության առաջացման, գիտության և երաժշտության համատեղության և շատ այլ թեմաների մասին, ինչպես նաև պատասխանց աշակերտների հարցերին։

Երաժշտության հանդեպ սեր

Երբ 5-6 տարեկան էի, տանը միշտ երաժշտություն էր հնչում, քանի որ մեծ քույրերս դաշնամուր էին սովորում։ Շատ էի սիրում երաժշտություն, այդ պատճառով որոշեցին ինձ տանել երաժշտական դպրոց, որը սակայն ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Սովորեցնելու մեթոդն ինձ չէր համապատասխանում։ Ես մի քանի ամիս դիմացա ու փախա այնտեղից։ Սակայն երաժշտության հանդեպ իմ հետաքրքրությունը մնաց։ Մեր տանը դաշնամուր կար, և ես սկսեցի ինքնուրույն սովորել։ Շուտով այնպես էի նվագում առանց նոտաների, որ անգամ քույրերս էին զարմացել։ Հետո նույն կերպ կիթառ նվագել սկսեցի սովորել։

Գիտնականը դպրոցում սովորող չէր․․․

Սովորելն ինձ այդքան չէր հետաքրքրում։ Չնայած որ մայրս լեզվի և գրականության հայտնի ուսուցչուհի էր, իսկ քույրերս մեդալով էին ավարտել դպրոցը, ես երևի թե տանը միակ չսովորողն էի․․․ Մի անգամ մայրս ինձ հետ պայմանավորվեց։ Ես հեծանիվ էի ուզում գնել, և նա ասաց, որ ամեն անգամ, երբ 5 ստանամ, 1 ռուբլի կվճարի։ Ես համաձայնեցի, մի քանի օր շատ լավ սովորեցի, 5-եր ստացա, հեծանիվ գնեցի․․․ ու նորից սկսեցի վատ սովորել։ Ասացին՝ այդպես չի լինի, ամեն անգամ պետք է վճարե՞ն, որ սովորեմ։ Ինչ-որ խթան էր պետք, ինչ-որ հետաքրքրություն։

Մասնագիտական կողմնորոշում․ թե ինչպես ֆիլմը դարձավ կյանքի 180o փոփոխության պատճառ

Դպրոցն ավարտելուց հետո չգիտեի, թե որտեղ եմ ընդունվելու։ Գեղարվեստաթատերական ինստիտուտում սկսեցի բեմի բանվոր աշխատել, մինչ ընկերներս ընդունվում էին համալսարաններ։ Այն ժամանակ էլ շատ պատվաբեր էր բարձրագույն կրթություն ստանալը։ Քույրերիցս մեկը մաթեմատիկոս էր, մյուսը՝ բժիշկ։

Շատ արագ մի փոփոխություն եղավ։ Կինո շատ էի սիրում, գնացի կինո նայելու։ Այն գիտաֆանտաստիկ էր («Սոլարիս»)։ Ինձ վրա շատ ազդեց․ եկա տուն ու սկսեցի կարդալ։ Ֆանտաստիկան ինձ գրավեց։ Եթե մինչ այդ կարդում էի միայն արկածային գրականություն և դրանով սահմանափակվում, ապա այժմ տեսա, որ գոյություն ունի մեկ այլ աշխարհ, որը շատ հետաքրքիր է։ Ֆանտաստիկան բացեց իմ առջև գիտության աշխարհը։ Ու այս հետաքրքրությունը բերեց ինձ նրան, որ որոշեցի աստղաֆիզիկա սովորել։ Բայց հարազատներս ասում էին՝ ինչպես եմ ընդունվելու համալսարան, ոչինչ չգիտեմ։

Սովորող չէր․․․ մինչև 16-17 տարեկան

Ես նստեցի ու սկսեցի սովորել ինքնուրույն։ Սկսեցի սովորել 5-րդ դասարանի գրքից։ Գիտելիքներս այդքան քիչ էին։ Կրկնուսույց չուզեցի․ եթե հիմա դասախոսն ինձ օգնի, համալսարանում ո՞վ է օգնելու։ Ավելի լավ է ես հիմա հաղթահարեմ։ Բայց շատ դժվար էր։ 0-ից մաթեմատիկա և ֆիզիկա էի սովորում։ Մի բան օգնեց․ Խորհրդային Միությունում կային շատ լավ մասնագիտական գրքեր։ Ձեռքիս տակ գրեթե ամեն ինչ կար, ինձ պետք չէր դասախոս։ Իմ ունեցած նյութերով ես ամեն ինչ կարող էի անել։ Եվ այդպես էլ եղավ․ առանց խնդրի՝ գերազանց գնահատականներով ընդունվեցի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Ի դեպ, ինձ քննողը ՀՀ նախագահն էր՝ Արմեն Սարգսյանը, որին հետագայում ճանաչեցի ավելի մոտիկից։

Գիտությո՞ւն, թե՞ երաժշտություն․ սա է հարցը։

Իմ ամբողջ կյանքում երաժշտությունն ավելի մեծ ու կարևոր դեր է ունեցել, քան գիտությունը։ Նույնիսկ ֆիզիկայի ֆակուլտետում մենք երաժշտախումբ ունեինք։ Ակտիվ նվագողներից էի՝ դաշնամուրով, կիթառով․․․ Չնայած որ գիտնական եմ, առանց գիտության հանգիստ կարող եմ ապրել, բայց առանց երաժշտության՝ երբեք։ Ինձ թվում է՝ արվեստը հոգեկան ներդաշնակություն է ստեղծում։ Այն բուժիչ ու ոգեշնչող հատկություն ունի ու օգնում է հաղթահարելու ցանկացած փորձություն թեկուզ ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի մեջ։ Իմ գործընկերներն ինչ-որ գործիք են նվագում, գրքեր են գրում, նկարում։

Գիտնականների մեծ մասը վատ հռետորներ են՝ բացի․․․

Ես մի քանի մարդ գիտեմ, որ ստիպել են ինձ նույն ուշադրությամբ՝ առանց շեղվելու, լսել իրենց գրեթե մեկ ժամ։ Առաջինը Նիլ դե Գրաս Թայսոնն է։ Մենք շատ լավ ընկերներ ենք, ու նա երկու անգամ եկել է իմ փառատոնին։ Նա խոսելու «մագնիսական» ընդունակություն ունի։ Երբ խոսում է, անհնար է նրան չլսել։ Մյուսը Ռիչարդ Դոկինզն է՝ անգլիացի կենսաբան, էվոլյուցիայի մասնագետ, նաև Բրայան Քոկսը՝ անգլիացի ֆիզիկոս։ Նրանք զբաղվում են գիտության ժողովրդականացմամբ։ Գիտությունը շատ հետաքրքիր է, պարզապես պետք է իմանալ, թե ինչպես ներկայացնել այն։

Դասախոսություններ․ կենդանի՞, թե առցանց

Մենք, որ նոր սկսում էինք «Ստարմուս» փառատոնով զբաղվել, ինձ բոլորն ասում էին՝ անիմաստ գործ է, որովհետև հիմա կա YouTube, ու բոլորն այնտեղ են դասախոսություններ լսում։ Բայց այդպես չի լինի։ YouTube-ով դասախոսությունը նույնն է, ինչ առցանց համերգը։ Ես ինչպե՞ս կարող եմ համացանցով համերգ դիտել։ Պետք է մասնակցես, տեսնես երաժիշտներին, զգաս հույզերը։ Նույնը վերաբերում է դասախոսություններին։ Հատուկ մթնոլորտ է ստեղծվում։ Ինձ չէին լսում, բայց պարզվեց, որ ես ճիշտ էի, որովհետև նույն Բրայան Քոկսը հետագայում 15 քաղաքներում միայն 1 ժամանոց դասախոսությունների շարք անցկացրեց 15 000-ական հանդիսատեսի համար։

Ուսուցիչ

Ուսուցչի դերը շատ կարևոր է, որովհետև լավ ուսուցիչը կարող է մի ամբողջ քաղաքակրթություն փրկել, իսկ վատը՝ ավելի մեծ վնաս տալ, քան վատ բժիշկը։ Իրականում նրա խնդիրը ոչ թե երեխաներին սովորեցնելն է, այլ նրանց ոգեշնչելը, որ ինքնուրույն սովորեն։ Այս դեպքում դասատուները որպես ուղեվար, օգնող են հանդես գալիս։

Ժամանակակից կրթական համակարգի թերություններ

Ինձ մի բան դուր չի գալիս ներկա կրթական համակարգում․ ժամանակի ընթացքում հնարավորությունները սահմանափակվում են, այսինքն՝ եթե դու առաջ լավ չես սովորել, դու դրա համար կվճարես։ Ստացվում է՝ ես այս համակարգով առաջ չէի գնա։ Ոչ ոք ինձ թույլ չէր տա ինքնուրույն սովորել և ընդունվել, այն էլ՝ բարձր գնահատականներով։ Իմ առաջ կփակվեին բոլոր դռները։ Երեխաներին պետք է հասկացնել, որ աշխարհը չի սահմանափակվում լավ կամ վատ սովորելով։ Նաև նկատում եմ այն, որ երեխաները հոգնում են երկար տարիներ ինտենսիվ սովորելուց։ Նրանք տարբեր են, բոլորն էլ հանճար են։ Պարզապես շատերի մեջ չենք կարողանում գտնել-հանել նրանց յուրահատկությունը, որովհետև մենք, կրթությունը, ծնողները չենք թողնում դա։ Այդ պատճառով ես ազատության կողմնակից եմ։ Չեմ ուզում, որ շատ դաժան ու մրցակցային մթնոլորտ ստեղծվի, ավելի շատ՝ ոգեշնչող ու դրական։ Սխալ է երեխաներին համեմատելը։ Նրանց պետք չէ պատժել կամ պարգևատրել չսովորելու կամ սովորելու համար, որովհետև նրանք իրենց համար են սովորում, ո՛չ դպրոցի, ո՛չ համալսարանի։ Սովորում են, որովհետև հետաքրքիր է։

Անպատասխան հարց, որի պատասխանը կարող եք ստանալ

Մոտ 100 մլրդ տարի անց, երբ աստղեր չլինեն, վառելիքն ու ջրածինը վերջանան, ու մնան միայն սև խոռոչներ, սառած մոլորակներ, կոմպակտ աստղեր, որոնք չունեն էներգետիկ աղբյուրներ, կսկսվի «կանիբալիզմի» փուլը, երբ դրանք կսկսեն բախվել իրար, կքչանա օբյեկտների թիվը, ու կմնա վերջում մեկ մեծ սև խոռոչ, որի տարիքը գնահատվում է 10-ի 30-40 աստիճան տարի։ Մի բան կա, որի մասին մենք չգիտենք․ այս սև խոռոչի վերջը ո՞րն է, ի՞նչ կպատահի դրան։

Աստղաֆիզիկոսները վերջում դառնում են հոգևորականնե՞ր․ կրոնի և հոգևոր աշխարհի ընկալումն աստղաֆիզիկոսի կողմից

Մարդիկ սեփական կյանքում ինչ-որ ճանապարհ են անցնում, և հնարավոր է, որ այդ ճանապարհը նրանց տանի հոգևորականի ուղով։ Դա միայն աստղաֆիզիկոսների հետ չի լինում, մարդուց է կախված։ Սակայն այդպիսի միտում ես վիճակագրորեն չեմ նկատել։ Պարզապես երբ այդպիսի դեպքեր լինում են, արագ հնչողություն են ստանում։ Երևի շատ սպեկուլյանտական դեպքեր են։

Ես հավատացյալ չեմ, բայց շատ մեծ տարբերություն եմ դնում հոգևոր աշխարհի ու կրոնի միջև։ Հոգևոր աշխարհն, ըստ իս, ավելի մեծ ու կարևոր է, քան կրոնը։ Վերջինս ավելի նեղ ու փոքր հասկացություն է։ Երբ ինձ հարցնում են՝ հավատո՞ւմ եմ Աստծուն, պատասխանում եմ, որ Աստված բնությունն է։ Ինձ համար դժվար է նաև խոսել մի բանի մասին, որի վերաբերյալ քիչ բան գիտեմ, որովհետև ֆիզիկոսները սիրում են, որ ամեն ինչ սահմանվի։ Ուզում եմ հասկանալ՝ երբ հարցնում են Աստծու մասին, ի՛նչ ի նկատի ունեն։ Սկզբում ինձ պետք է լավ բացատրեն, որ ես կարողանամ պատասխանել այդ հարցին։ Տարբեր մարդկանց եմ հարցրել, բոլորը տարբեր բաներ են ասել։ Դեռ չեմ հանդիպել երկու մարդու, որ նույն բանն ասած լինեն։ «Հավատ» բառը զուտ մարդկային, մարդու կողմից ստեղծված բառ է։ Ասում են նաև, որ պետք չէ հասկանալ, պետք է զգալ, բայց այսպես ասողներն էլ չեն կարողանում բացատրել։ Ես չեմ զգացել, փորձում եմ բացատրություն ստանալ։ Փակ շրջանակ է ստացվում։

Ավարտվեց տեսազանգը, սակայն ո՛չ՝ համայնքի հետաքրքիր և մտածելու տեղիք տվող հարցերի «տարափը»։ Հաջորդ հանդիպման կարիք կա, խոստովանեց գիտնականը։ «Բաժանվեցինք» այն հույսով, որ այն տեղի կունենա արդեն «Այբ» դպրոցում։

Մերի Ղուլյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>